Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վերին Ճամբարակը հանդիսավորությամբ նշեց իր հիմնադրման 1000-րդ տարեդարձը

16.09.2019

Ճամբարակ քաղաքի Վերին Ճամբարակ թաղամասի բնակիչները սեպտեմբերի 14-ին տոնական տրամադրությամբ նշեցին իրենց գյուղի հիմնադրման 1000–րդ տարեդարձը: Տոնակատարությանն իրենց մասնակցությունն էին բերել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Ճամբարակ համայնքի ղեկավարՎազգեն Ադամյանը, ՀՀ Աժ պատգամավորներ, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈւ բանակային ստորաբաժանումների ժամկետային եւ պայմանագրային զինծառայողներ, Արցախյան ազատամարտի վետերաններ, Ճամբարակ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ: Միջոցառումը սկսելուց առաջ ճամբարակցիները եւ հյուրերը, շրջելով տաղավարներով, համտեսեցին ազգային խոհանոցի ուտեստները:
Բացելով տոնական միջոցառումը` համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը նշեց, որ Վերին Ճամբարակը, հիմնվելով կիսավեր եկեղեցում պահպանված խաչքարի արձանագրության վրա, հիմնադրվել է 1019 թվականին՝ ուղիղ հազար տարի մեզանից առաջ:
« Ճամբարակը համարվում է Հայաստանի արեւելյան սահմանի դարպաս, որը պաշտպանիչ վահանի դեր է տանում: Ճամբարակցին հպարտ է զգում իրեն՝ լինելով զավակը մի հողի, որի մարդիկ այստեղ հաստատվելուց դարեր անց աչքի են ընկել իրենց աշխատասիրությամբ: Այս հողի մարդիկ դարձել են հայտնի գիտնականներ, մանկավարժներ, զինվորական ու հասարակական գործիչներ: Ճամբարակն այսօր իսկական վահանի դեր է տանում ոչ միայն ռազմավարական դիրքի, այլ նաեւ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին զինվորագրվելու առումով: Հայոց բանակի շարքերում այսօր ծառայում են ավելի քան 25 ժամկետային, 70 պայմանագրային
զինծառայողներ»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:
«Շատ խորհրդավոր է, երբ սահմանին անմիջապես կանգնած Վերին Ճամբարակը հպարտորեն իր հազարամյակն է տոնում: Այս միջոցառմամբ մենք ուզում ենք փաստել աշխարհին ու մեր անբարյացկամ հարեւաններին, որ մենք ենք հազարամյակներով եղել տերն այս հողի ու հայրենիքի, կերտել պատմություն ու թողել հոգեւոր ու մշակութային հարուստ ժառանգություն: Առաջին հերթին սահմանին ամուր կանգնած ճամբարակցիներին ես մաղթում եմ խաղաղ ու ապահով հայրենիք, բարեկեցիկ կյանք, ինչի ուղղությամբ քայլեր է ձեռնարկում հայրենի կառավարությունը: Այս տարի Ճամբարակում կառավարության կողմից իրականացվում է սուբվենցիոն 11 ծրագիր, ինչի արդյունքում կբարելավվի մարդկանց կյանքը սահմանամերձ այս համայնքում: Մեր հետագա քայլերը եւս ուղղված կլինեն մեր սահմանների ամրացմանը, անվտանգության ապահովմանը, բարեկեցության հաստատմանը»,-իր ողջույնի խոսքում հավաստիացրեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Ապա այցելություն կատարվեց ճամբարակի կիսավեր եկեղեցի, որտեղ պատարագ մատուցվեց Ճամբարակի հոգեւոր հովիվ Տեր Երեմիա Սարգսյանի ձեռամբ, հազարամյա պատմության իրեղեն վկա խաչքարի մոտ: Օրը հագեցված էր նաեւ համայնքում մեկնարկված մարզական փառատոնի յոթ մարզաձեւերից անցկացվող մրցապայքարով:
Հանդես եկավ նաեւ Ճամբարակի տիկնիկային թատրոնը: Հանդիսությունների սրահում հյուրասիրության սեղան էր բացվել, որտեղ բնակիչները եւ հյուրերը տոնական սեղանների շուրջ մեկը մյուսին շնորհավորանքի խոսքեր էին հնչեցնում: Տոնական մթնոլորտը շարունակվեց մինչեւ ուշ երեկո եւ ամփոփվեց տոնական հրավառությամբ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-01-24 17:07:49