Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սևանի թերակղզում անցկացվեց ձկան՝ «Էկո ֆիշ ֆեստ» փառատոնը

14.09.2019

Սեպտեմբեր 14-ին Սեւանի թերակզում տեղի ունեցավ ձկան՝ «Էկո ֆիշ ֆեստ» (“Eco Fish Fest”) անունը կրող փառատոն, որն իր տեսակով առաջին անգամ էր անցկացվում Գեղարքունիքի մարզում: Նախաձեռնությունը իրագործել էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը և «Ռեստորանների Հայկական Ասոցիացիան»՝ ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի աջակցությամբ: Փառատոնին մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, մարզպետներ, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, խոհարարներ, հյուրեր, զբոսաշրջիկներ տարբեր երկրներից, կոլեկտիվներ, անհատ քաղաքացիներ:
«Էկո ֆիշ ֆեստ» փառատոնի առիթով ներկաներին ողջունեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, «Ռեստորանների Հայկական Ասոցիացիայի» գործադիր տնօրեն Վահե Գեւորգյանը, Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը :
«Սա իսկապես շատ կարևոր օր է և ուզում եմ ասել, որ միայն մենք չենք այսօր շնորհակալություն հայտնում Սևանին: Սևանն էլ մեզ է շնորհակալություն հայտնում, քանի որ այսօրվա տվյալներով Սևանա լճի մակարդակը մեկ սանտիմետրով բարձրացել է և անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած մենք ունենք 3 սանտիմետր բարձրացում,իսկ Սևանա լճի ջրային պաշարն ավել է շուրջ 90 միլիոն խորանարդ մետրով: Այս առիթով ուզում եմ Սևանին ծափահարենք: Ես շատ ուրախ եմ, որ այս փառատոնային մշակույթը Հայաստանում զարգանում է: Սա ունի երկու կարևոր իմաստ. առաջինը, որ երկրում տրամադրությունը փոխում է, տրամադրությունը բարձրացնում: Եվ մենք իսկապես մեր առօրյան ուրախ կազմակերպելու առիթները պետք է բաց չթողնենք: Երկրորդը, որ այսօրինակ միջոցառումները կարևոր են Հայաստանի տնտեսության զարգացման մեջ, որովհետև այն զարգացնում է զբոսաշրջությունը, զարգացնում է ռեստորանային բիզնեսը և գուցե ավելի շատ մեր ուշադրությունը հրավիրում է այն խնդիրների վրա, որոնք ունենք Սևանում և նրա շուրջ: Ես հույս ունեմ և համոզված եմ, որ կառավարությունը և Սևանի շրջակայքում բիզնես իրականացնող մեր հայրենակիցները կկարողանան համադրել իրենց պատկերացումները Սևանի զարգացման մասին, որովհետև Սևանի զարգացման մասին շատ հետաքրքիր և լուրջ նախագծեր կան և մենք պետք է այդ ամենը զարգացնենք այնպես, որ ոչ թե հակադրություն առաջանա բիզնեսի և կառավարության միջև այլ մենք դա կարողանանք անել համագործակցության ոգով»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս փառատոնը մենք ամեն տարի անցկացնելու ենք, բայց հիշեք, որ դուք այս փառատոնի առաջին մասնակիցներն եք: Քանի որ եղանակային առումով Սևանում հանգստի սեզոնն ավարտվել է, ուստի մենք ազգովի շնորհակալություն ենք հայտնում Սևանին: Շնորհակալություն լճին, իր գեղեցկության, իր հրաշք բնության ու շրջապատի համար, շնորհակալություն, որ մենք կարողանում ենք օգտվել իր բարիքներից: Եվ այսօր մենք չէինք կարող փառատոն անել, առանց Սևանը և իր շրջակայքը մաքրելու: Մենք այսօր համասևանյան շաբաթօրյակ ենք իրականացրել և միայն Գեղարքունիքի մարզից ավելի քան 11 հազար մարդ է մասնակցել այդ շաբաթօրյակին: Մեր աշխատանքներին միացել են նաև կամավորական շատ խմբեր: Սա դարձնելու ենք ավանդույթ: Ամեն անգամ հանգստի սեզոնն ավարտելուց մենք լճին շնորհակալություն կասենք, կմաքրենք նրա ափամերձ հատվածը և նման փառատոն կկազմակերպենք»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Մենք գտնում ենք, որ Սևանը ուշադրության կարիք ունի և նման փառատոն կազմակերպելը շատ տեղին է: Այդ փառատոնը պետք է դառնա ամենամյա և միջազգային հարթակ խոհարարական արվեստի, որտեղ տարբեր երկրների խոհարարները կկիսվեն իրենց փորձով: Մենք գտնում ենք, որ Սևանն ունի գաստրոտուրիզմի մեծ պոտենցյալ և այդ պոտենցյալը պետք է անպայման օգտագործել և ամպայման պետք է մտածել տնտեսական արդյունքի մասին, քանի որ դա նաև աշխատատեղեր է ստեղծում մարզում»,- նշեց «Ռեստորանների Հայկական Ասոցիացիայի» գործադիր տնօրեն Վահե Գեւորգյանը:
Փառատոնին առանձին տաղավարներով հանդես եկան Գեղարքունիքի մարզի և հանրապետության ավելի քան 25 ռեստորաններ: Հմուտ խոհարարները փառատոնի մասնակիցների տեսին ու համտեսին ներկայացրեցին ձկից և այլ մթերքներից պատրաստված անկրկնելի կերակրատեսականեր, հյութեր, գինի, սուրճ և գարեջուր: Հասարակական եւ պրոֆեսիոնալ համտեսով նաեւ որոշվեց ամենատպավորիչ ուտեստը եւ հմուտ խոհարարը: Միջոցառումը համեմվեց ազգային ռոք, ֆոլք երաժշտությամբ, իսկ երեկոյան, նավի վրայից տրվեց հրավառություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39