Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը

11.09.2019

Սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստին մասնակցում էին մարզի խորհրդի անդամներ, ուժային կառույցների ղեկավարներ: Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ Գեղարքունիքի մարզպետը շնորհակալություն հայտնեց այն համայնքների ղեկավարներն, որոնց հետևողական աշխատանքի շնորհիվ գրանցվել են սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշներ: «Չնայած այս ամենին, մարզի միջին կատարողականը ցածր է մնում որոշ համայնքների ղեկավարների անգործության արդյունքում: Ուստի հորդորում եմ բոլորին՝ տեղերում աշխատանքները կազմակերպել օրենքով սահմանված կարգով, առանց թերացումների և սեղմ ժամկետում շտկել բոլոր այն բացթողումները, որոնք խոչընդոտում են աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Շատ կարևոր եմ համարում համայնքներում սուբվենցիոն ծրագրերի կազմակերպման և վերահսկման ընթացքը: Պետք է հետևողական լինել, որպեսզի որևէ ծրագիր չշեղվի իր նախագծից, այլապես աշխատանքներն ընդունելու ժամանակ խնդիրներ կարող են առաջանալ: Ես կարևորում եմ նաև ոռոգման անխափան աշխատանքը մարզում և շնորհակալություն եմ հայտնում «Գեղարքունիք» ՋՕԸ-ին ու համայնքների ղեկավարներին՝ համագործակցված աշխատանքի համար»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Այնուհետ օրակարգային առաջին հարցի՝ Գեղարքունիքի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին զեկուցեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա նշեց, որ մարզի շուրջ 65 տոկոսը կազմող համայնքներում բյուջետային գործընթացի կազմակերպումը գտնվում է անբավարար վիճակում, և ամեն ինչ պետք է անել՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ: «2019 թվականի 8 ամիսների արդյունքներով մարզում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը կազմել է 75,5 տոկոս, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավել է 2,1 տոկոսով: Այս ցուցանիշը, իհարկե, գոհացուցիչ չի կարելի համարել, քանի որ նման կատարողականը ապահովվել է 13 համայնքների բարձր արդյունավետության շնորհիվ»,- նշեց վարչության պետը:
Գեղարքունիքի մարզի համայնքներում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին զեկուցեց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: Նա նշեց, որ այս տարի եղանակային անբարենպաստ պայմանները բացասական ազդեցություն ունեցան մշակաբույսերի բերքատվության վրա: «1 հեկտար աշնանացան ցորենի ցանքատարածությունից, նախնական տվյալներով, ստացվել է միջինը 14, գարնանացան գարու ցանքատարածություններից՝ 11 ցենտներ բերք: 9 ցենտներ էլ ստացվել է հատիկընդեղենի ցանքերից: Գրանցված արդյունքները զգալիորեն ցածր են 2018 թվականի ցուցանիշներից»,- տեղեկացրեց վարչության պետը: Համբարձում Համբարձումյանը խոսեց նաև անասնակերի կուտակման, որակյալ սերմացու ձեռք բերելու, «Գյուղատնտեսական ռեսուրսների մրցունակության և զարգացման» ծրագրի շրջանակներում մարզի համայնքներում կատարված աշխատանքների, գյուղտնտեսական պարկի համալրման եւ թարմացման, անասնահամաճարակների կանխարգելմանը վերաբերող թեմաների մասին:
Գեղարքունիքի մարզի համայնքներում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների, ինչպես նաև մարզում 2019 թվականի սեպտեմբերի 14-ին անցկացվելիք մարզային շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների մասին զեկուցեց մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմիններ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը: «2019 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ, ըստ ժամանակացույցի, ուսումնասիրություններ են կատարվել մարզի 14 համայնքներում: Կազմվել են համապատասխան արձանագրություններ և առաջարկվել է համայնքների ղեկավարներին՝ սահմանված ժամկետում շտկել թերությունները և ձեռնարկել միջոցներ՝ հետագայում նմանատիպ բացթողումները չկրկնելու համար», - ասաց Վանիկ Հարությունյանը:
Վարչության պետը միաժամանակ տեղեկացրեց, որ 2019 թվականի սեպտեմբերի 14-ին կայանալիք մարզային շաբաթօրյակի կազմակերպման ուղղությամբ աշխատանքներ են տարվել գործող բոլոր համայնքային, մարզային կազմակերպությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, մասնավոր ընկերությունների մասնակցությունը ապահովելու համար: Խոշոր համայնքներում շաբաթօրյակի անցկացման ուղղությամբ ստեղծվել են քարտեզներ, սահմանազատվել են մաքրման ենթակա տարածքները և նշվել կոնկրետ տարածքի համար պատասխանատու կազմակերպությունները: Ըստ վարչության պետի՝ մարզային շաբաթօրյակին կմասնակցեն 542 կազմակերպություններ, մոտ 11 931 մարդ և 214 միավոր տեխնիկա: Շաբաթօրյակին կմասնակցեն նաև «Սևան» ԱՊ-ի բոլոր տեղամասերի 197 աշխատակիցները :
Ամփոփելով հանդիպումը՝ մարզպետ Գնել Սանոսյանը ևս մեկ անգամ հորդորեց՝ ակտիվ մասնակցություն ունենալ մարզային շաբաթօրյակին և դրան հաջորդող «Ձկան» փառատոնին, հետևողական լինել թե սուբվենցիոն ծրագրերի իրականացման որակի ապահովման, թե սեփական եկամուտների հավաքագրումն ամբողջությամբ կատարելու հետ կապված հարցերում, ամենայն պատասխանատվությամբ մասնակցել ՀՀ ՊՆ-ի կողմից մարզում իրականացվելիք առաջիկա միջոցառմանը:
Նիստի ավարտին մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան հայտարարություններով :

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:33:30