Նորություններ
Գեղարքունիքի մարզը մասնակցել է «Մշակութային վերածնունդ» փառատոնին
09.09.2019
Սեպտեմբերի 7-ին Դիլիջան քաղաքում անցկացվել է արհեստների և արվեստների «Մշակութային վերածնունդ» ավանդական փառատոնը, որի նպատակն էր զարգացնել Հայաստանի բոլոր մարզերում արդեն իսկ ձևավորված մրցակցության մթնոլորտը, որը ոչ միայն աշխուժացնում, իմաստավորում է ներմարզային մշակութային կյանքը, այլ նաև քաղաքից հեռու համայնքներում ստեղծագործող անհատներին և կոլեկտիվներին հնարավորություն է տալիս ճանաչվելու, գնահատված լինելու, փոխադարձ շփումների մի հարթակ ևս ամրագրելու:
Փառատոնին մասնակցել է նաև Գեղարքունիքի մարզը ներկայացնող պատվիրակությունը, որի կազմում ընդգրկվել և աշխատանքներ են ներկայացրել Գեղարքունյաց թեմի Գավառի համայնքային կրթական կենտրոնի, Գավառի մանկատան, Մարտունու գեղարվեստի դպրոցի, Սարուխանի արվեստի դպրոցի, Ճամբարակ, Երանոս, Վարդենիս համայնքների մշակութային ոլորտի ներկայացուցիչներ և շնորհալի սաներ՝ Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի և սպորտի բաժնի պատասխանատվությամբ:
Ըստ փառատոնի ծրագրի՝ մարզին տրամադրած տաղավարներում ցուցադրվել են մարզից ներկայացված գորգագործության, փայտարվեստի, կավագործության, խեցեգործության, դարբնագործության, ասեղնագործության, մաքրամեի, գոբելենի, կերպարվեստի, հայկական տարազների և տիկնիկագործության 154 լավագուն ցուցանմուշներ: Փառատոնի ընթացքում Գեղարքունիքի մարզի պատվիրակության կազմում ընդգրկված Սարուխանի արվեստի դպրոցի «Զանգեզուր» պարային և դհոլահարների համույթների շնորհալի սաները հանդես են եկել գեղարվեստական կատարումներով, իսկ լավագույն մասնագետներն անցկացրել են վարպետության դասեր:












