Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կալավանում բացվեց «Գիտական և արկածային զբոսաշրջության կենտրոն»

05.09.2019

Սեպտեմբերի 5-ին ՀՀ կառավարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկության զարգացման ազգային կենտրոնի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և տեղական գործընկերների մասնակցությամբ Ճամբարակ համայնքի Կալավան բնակավայրում բացվեց « Գիտական և արկածային զբոսաշրջության կենտրոն»: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլյա Շուշանյանը, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Դմիտրի Սինեգուբովը, ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կալավանցիներ:Հյուրերը իրենց ելույթներում կարևորեցին նման նախաձեռնությունների իրականացումը համայնքներում, որը նպաստում է աշխատատեղերի ստեղծմանն ու համայնքային կյանքի զարգացմանը: «Շնորհակալություն ենք հայտնում ՀՀ կառավարությանը, Կալավան համայնքին իրենց աջակցության և մասնակցության համար: Դոնորները կարող են գալ և աջակցել համայնքին, բայց իրականում համայնքը և համայնքի առաջնորդներն են, որ օգնում են, որպեսզի նման ծրագրերը շարունակական լինեն: Կալավանը իսկապես կարող է ձևաչափ հանդիսանալ մյուս համայնքների համար»,- իր ելույթում նշեց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:
«Կալավանը զբոսաշրջության այլընտրանքային մոդելի կատարյալ օրինակ է մնացած համայնքների համար: Այստեղ եղել է գաղափար, որի շուրջ ստեղծվել է մոդել: Ինձ համար Կալավանը շատ յուրօրինակ վայր է և ամենակարևորը, որ տեղի բնակիչներին նման ծրագրերը պահում է համայնքում և նրանք միահամուռ ուժերով մտածում են համայնքը զարգացնելու մասին»,-նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլյա Շուշանյանը:
« Շատերիս մոտ տպավորությունը այնպիսին է, որ Գեղարքունիքի մարզը Սևանա լիճն է ու իր շրջակայքը, բայց եկեք ու տեսեք, որ մեր մարզը նման հրաշալի անկյուններ ունի, նման հրաշալի մարդիկ են այստեղ ապրում, ովքեր շատ անաղարտ բնության մեջ շատ գեղեցիկ ու լավ գաղափարներ ունեն: Այդ մտքերի ու գաղափարների հեղինակներից մեկն էլ Ռոբերտ Ղուկասյանն է իր ընկերների հետ, և այսօր նրանց աջակցությամբ ունենք այն ինչ ունենք և բոլորս ուրախ ենք այդ ձեռքբերմամբ: Այս ամենը, ինչ որ ստեղծվել է այս համայնքում դրական առումով վարակիչ ազդեցություն է ունեցել և Կալավանի օրինակով Հայաստանի շատ վայրերում կարող են նմանատիպ ուղղություններ զարգանալ, ինչը իսկապես շատ գովելի է: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր Գեղարքունիքի մարզում համայնքային նմանատիպ ծրագրեր են իրականացնում: Ես հավաստիացնում եմ, որ ցանկացած պարագայում պատրաստ ենք համագործակցել, որպեսզի ծրագրերը շատ ավելի հեշտ կյանքի կոչվեն և ավելի լավ արդյունք ունենան »,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Այնուհետև հյուրերը շրջեցին «Գիտական և արկածային զբոսաշրջության կենտրոն»-ի նորակառույց շենքում, ծանոթացան ստեղծված պայմաններին, տեղեկացան կենտրոնի գործունեությանը և այլ մանրամասների:
«Գիտական և արկածային զբոսաշրջության կենտրոն»-ը հիմնադրվել է Կալավան «Թայմ Լենդ» հիմնադրամի, Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող ՄԱԶԾ « Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի, ՓՄՁ ԶԱԿ-ի ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինասավորվող «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագրի համագործակցության շնորհիվ: Նորաստեղծ կենտրոնը միտում ունի դառնալ հենանիշ՝ Հայաստանի զբոսաշրջության զարգացման համար, ստեղծելով նոր աշխատատեղեր՝ տեղի բնակիչների կյանքը բարելավելու նպատակով: Զբոսաշրջիկներն այս տարածքում հնարավորություն կունենան հանգստանալ վրաններում, իրականացնել հանդիպումներ և կարևոր միջոցառումներ կենտրոնի ներսում:
«Այն բոլոր ջանքերը, որ մենք ներդրել ենք, ուղղված է եղել մեր գյուղի զարգացմանը, գյուղ, որտեղ մարդիկ պետք է լինեն հպարտ,որ ապրում են այսպիսի գեղատեսիլ վայրում: Մեր բոլոր ծրագրերը բխել են համայնքի շահերից: Մինչև համայնքը պատրաստ չլինի փոփոխության, անիմաստ է որևէ փոփոխություն անել: Մենք ինքներս փոխվել ու պատրաստ ենք եղել հաջորդ քայլերին»,- նշեց նախաձեռնության հեղինակ Ռոբերտ Ղուկասյանը:
«Գիտական և արկածային զբոսաշրջության կենտրոն»-ի բացման արարողությունը եզրափակվեց հյուրասիրությամբ և համերգային ծրագրով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06