Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում անցկացվելու է ձկան փառատոն

03.09.2019

Սեպտեմբերի 2-ին «Արմենպրես» -ի մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, «Ռեստորանների Հայկական Ասոցիացիայի» գործադիր տնօրեն Վահե Գեւորգյանը եւ ՄԱԶԾ ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի համակարգող Արման Վալենսյանը ներկայացրեցին Սևանի թերակղզու տարածքում առաջին անգամ անցկացվող «Էկո Ֆիշ Ֆեսթ» ձկան փառատոնի օրակարգը:
«Փառատոնը էկոլոգիական շեշտադրումներ ունի, այդ պատճառով այն անվանել ենք «Էկո Ֆիշ Ֆեսթ»: Այլ փառատոներից այն տարբերվում է նրանով, որ մենք օրը սկսում ենք Սեւանա լճի ամբողջ շրջակայքը մաքրելու գործընթացով: Այսինքն` մենք մեծ շաբաթօրյակով ենք սկսելու, որը տեւելու է առավոտյան ժամը 10-ից մինչեւ ժամը 13-ը: Շաբաթօրյակին կմասնակցեն մարզի բոլոր կառույցները, եւ այս ամենը կանենք «Սեւան» ազգային պարկի հետ համատեղ»,- տեղեկացրեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Ռեստորանների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Վահե Գևորգյանն իր հերթին տեղեկացրեց, որ փառատոնը հավակնում է դառնալ շարունակական:
«Սևանա լճի ավազանում ձկան փառատոնն անցկացվում է առաջին անգամ: Մենք հավակնում ենք այն դարձնել ամենամյա, եւ հաջորդ տարիներին ապահովել նաեւ միջազգային ներկայություն: Նախատեսում ենք հաջորդ տարվանից անցկացնել նաեւ թեմատիկ գիտաժողովներ Սեւանա լճի խնդիրների հետ կապված: Փառատոնի նպատակը տեղի ռեստորանների զարգացումն է»,- նշեց Վահե Գեւորգյանը:
«Էկո Ֆիշ Ֆեսթ» փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, Սեւանի թերակղզու տարածքում:
Այնուհետև մարզպետին հարցեր ուղղվեցին Սեւանա լճից իրականացվող ջրառի չափաքանակների, արտոնագրային ձկնորսության նոր կարգի ներդրման, Սեւանի ափամերձ անտառային տարածքների մաքրման եւ Սեւան թափվող կեղտաջրերի մաքրման նոր կայաններ կառուցելու մասին։ «Միտումները հիմա տանում են նրան, որպեսզի մենք այս տարի կարիք չունենանք 170 մլն խորանարդ մետրից՝ այսինքն` օրենքով ամրագրված քանակից ավելի ջուր բաց թողնելու»,- նշեց Գնել Սանոսյանը,շեշտելով, որ այս տարվա օգոստոսի 26-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատված համեմատ պակաս է բաց թողնվել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետր ջուր:

Անդրադառնալով Սեւանա լճում արտոնագրային ձկնորսության նոր կարգի սահմանման խնդրին՝ մարզպետը նշեց, որ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը արդյունագործական ձկնորսություն թույլ տալու կարգ է մշակել: «Դեռ 2005 թվականից Սեւանա լճում ձկնորսությունն արգելված է, բայց փաստացի մենք ունենք ձկնորսություն: Եվ հիմա, հուրախություն մեզ, մշակվել է արդյունագործական ձկնորսություն թույլ տալու կարգ: Այդ կարգը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարությունում, իսկ հիմա այն շրջանառվում է այլ գերատեսչություններում, որից հետո կգնա կառավարություն, հավանության կարժանանա եւ կսկսի գործել: Նախնական փորձելու ենք կիրառել պիլոտային 150 տոննա ձկան համար։Երկու ուրախացնող հանգամանք կա, մեկ, որ Սեւանա լճում նկատվում է ձկնապաշարի ավելացում, եւ երկրորդ, որ ձկնորսությամբ զբաղված բոլոր մարդիկ համաձայն են՝ օրենքի դաշտ մտնելու»,- ասաց մարզպետը:
Մարզպետը մանրամասնեց նաեւ Սեւանա լճի ջրի մաքրության հետ կապված խնդիրների լուծման նախապատրաստական քայլերը։ «Սեւան թափվող կեղտաջրերի մաքրման համար մենք պետք է գտնենք միջոցներ, որպեսզի կառուցենք մաքրման նոր կայաններ։ Ի դեպ, հիմա մենք մաքրման գործող կայաններ ունենք միայն Մարտունի, Գավառ եւ Վարդենիս քաղաքներում, որոնք իրականացնում են մեխանիկական զտում, մինչդեռ մենք պետք է մտածենք նաեւ կենսաբանական զտում իրականացնող մաքրման կայանների կառուցման մասին, որպեսզի Սեւանը զերծ պահենք աղտոտումից։ ինչ վերաբերում է Սեւանի անտառամերձ տարածքների մաքրմանը, պետք է ասեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունում արդեն այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Համաձայն նախարարության կողմից կատարված ուսումնասիրության՝ այս պահին մենք ունենք մոտ 700 հեկտար ջրածածկված անտառային տարածք, որը պետք է մաքրվի հատուկ տեխնիկաների միջոցով։ Այս տարի, հավանաբար, կմաքրվի մոտ 100 հեկտարը, իսկ մնացած մասը կմաքրվի հաջորդ տարիների ընթացքում, փուլ առ փուլ։ Պետք է մաքրվեն նաեւ այն տարածքները, որոնք առաջիկա տարիներին ենթակա են ջրածածկման։ Մենք Սեւան Ազգային պարկի եւ համայնքապետարանների հետ քայլեր ենք ձեռնարկում՝ բնակչության ուժերով դեռեւս չջրածածկված, բայց դրա վտանգի տակ գտնվող տարածքները ծառերից ու թփերից մաքրելու ուղղությամբ։ Այս դեպքում մի կողմից բնակիչներն անվճար վառելափայտ ձեռք բերելու հնարավորություն կունենան, իսկ պետությունն էլ միջոցներ խնայելու հնարավորություն կունենա»,-ներկայացրեց մարզպետ Գնել Սանոսյանը։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11