Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում բացվեց հինգ նոր նախակրթարան

01.09.2019

Նոր ուսումնական տարում Գեղարքունիքի մարզի Նորաշեն, Զոլաքար, Մարտունի և Գավառ համայնքներում բացվեցին հինգ նոր նախակրթարաններ, որոնց ժապավենները կտրեցին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Նախակրթարանները հիմնվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի միջոցներով և համայնքների մասնակի ներդրումներով, բացառությամբ Նորաշենի նախակրթարանի, որտեղ ներդրումը ամբողջովին կատարվել է պետության կողմից: Նախարարի և մարզպետի համատեղ այցի առաջին կանգառը Նորաշենի հիմնական դպրոցում էր, որտեղ նորաբաց նախակրթարան այս տարի հաճախում են 16 երեխա: Նոր ուսումնական տարին այս դպրոցում դիմավորեցին տոնական միջոցառմամբ, ուրախ երգ ու պարով: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ պետությունը կարևորում է նախակրթարանների դերը և ներկա փոփոխությունների շեմին ՀՀ կառավարությունն ակնկալում է ներգաղթ, ինչի հաշվին ակնկալվում է աշակերտների թվի ավելացում:
Պետական այրերի հաջորդ այցը Զոլաքարի թիվ 1 և թիվ 2 միջնակարգ դպրոցներում էր, որտեղ բացված նախակրթարաններից յուրաքանչյուրում հաճախում են 50 երեխա: Ինչպես նախարարին և մարզպետին տեղեկացրեց Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանը, Զոլաքարում այս պահի դրությամբ հաշվառված են նախադպրոցական տարիքի ավելի քան 300 երեխա, որոնց համար նախատեսվում է նոր մանկապարտեզի շենքի կառուցում, որի մեկնարկը տրվելու է առաջիկա օրերի ընթացքում՝ պետության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցում նախարարը և մարզպետը դիտարկեցին 2017 թվականից սկսված և ընթացքի մեջ գտնվող հիմնանորոգման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:
Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցում ևս աղ ու հացով և մեծ տոնախմբությամբ դիմավորեցին հյուրերին: Նախարարը և մարզպետը կտրեցին հերթական նախակրթարանի ժապավենը: Նորաբաց նախակրթարանն այս տարի ընդունել է 25 սաների, ովքեր հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են :
«Մենք տեղեկացել էինք, որ Մարտունի քաղաքում նախակրթարան ստեղծելու անհրաժեշտություն կա և ընդառաջեցինք այդ պահանջին: Այսօր մենք գտնվում ենք ակտիվ բարեփոխումների շրջանում, որտեղ մեծ դերակատարություն ունեն ուսուցիչները, ծնողները, համայնքի բնակիչները, ՏԻմ-երը: Ձեզանից յուրաքանչյուրը իր մասնակցությունը պետք է ունենա այդ բարեփոխումներին: Դպրոցը կզարգանա և կրթությունը կլինի լիարժեք, եթե յուրաքանչյուր ծնող իր մասնակցությունն ունենա կրթական համակարգի ձևավորմանը և երեխայի կրթության ապահովմանը»,- իր խոսքում նշեց նախարար Արայիկ Հարությունյանը:
«Այսօր մեր հանրապետությունում բացված 18 նախակրթարաններից 5-ը գտնվում են Գեղարքունիքի մարզում, և դա մեզ համար շատ ուրախալի փաստ է: Մարտունու տարածաշրջանում տարեցտարի երեխաների թիվն ավելանում է, դրան զուգահեռ ավելանում է նաև նախակրթարանների և մանկապարտեզների պահանջը: Մենք պատրաստակամ ենք անել հնարավորը՝ պատշաճ կրթություն և դաստիարակություն ապահովելու մատաղ սերնդի համար»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Գավառի Մնացական Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում սեպտեմբերի 1-ը նշանավորվեց երկու իրադարձությամբ՝ ճանաչված գիտնական և մանկավարժ Մնացական Բունիաթյանի կիսանդրու տեղադրմամբ և նախակրթարանի բացմամբ: Ողջունելով ներկաներին՝ նախարարը և մարզպետը իրենց ելույթներում կարևորեցին այն մեծ ավանդը, որը հայրենի գիտության և մանկավարժության ոլորտում ներդրել է Մնացական Բունիաթյանը:
Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոցի նորաբաց նախակրթարանը ընդունել է 26 սանի:
Սևանի ավագ դպրոցում մարզպետը և նախարարը ծանոթացան դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Դպրոցի տնօրենը տեղեկացրեց, որ շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է այս տարվա հուլիսից և կավարտվի 2021 թվականի հունիս ամսին: Այժմ դպրոց հաճախող 230 աշակերտներն ուսումնական պարապմունքներն անցկացնում են նույն հաստատության 2-րդ մասնաշենքում:
ԿԳՄՍ նախարարի և Գեղարքունիքի մարզպետի շրջայցի վերջին կանգառը Սևանի թիվ 5 միջնակարգ դպրոցում էր: Այստեղ նրանք դիտարկեցին դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, որոնք ընթանում են պետբյուջեի միջոցներով և Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի պատվիրատվությամբ : Շինարարական որակի համար նախարարը եւ մարզպետն արեցին դիտողություններ և տվեցին համապատասխան ցուցումներ:
Նոր ուսումնական տարում նախնական տվյալներով Գեղարքունիքի մարզի հանրակրթական հաստատություններ կհաճախեն 28.844 աշակերտ, որոնցից 3092-ը առաջին դասարանցիներ են:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 18:25:11