Նորություններ
Ոռոգման շրջանն ընթանում է առանց դժգոհությունների
30.08.2019
Գեղարքունիքի մարզպետարանում «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրենի, Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկվեցին այս տարվա ոռոգման շրջանի հետ կապված մի շարք ընթացիկ ու հրատապ լուծում պահանջող հարցեր: Քննարկումը վարում էին ՀՀ ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը , Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը եւ «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Կարեն Սարգսյանը: Վերջինիս ներկայացմամբ՝ այս տարի «Գեղարքունիք» ՋՕԸ սպասարկման տիրույթում գործել է 23 պոմպակայան, 60 խորքային հոր եւ ոռոգման ինքնահոս համակարգեր: Պայմանագիր է կնքվել 7069 ջրօգտագործողների հետ, որոնց թիվը դեռեւս ավելացման միտում ունի: ՋՕԸ սպասարկման տարածքում ոռոգում իրականացվել է շուրջ 1810 հեկտարի վրա: «Ոռոգման ջուրը տնտեսություններին մատակարվել է ժամանակին ու բավարար չափով: Օգոստոսի վերջերի դրությամբ տնտեսություններն արդեն կատարել են չորրորդ կամ հինգերորդ ոռոգումը՝ առանց ուշացումների: Գանձումները հուլիսի տվյալներով կազմել են 109 տոկոս: Կարծում եմ, գանձումները տարվա կտրվածքով կկազմեն 110 տոկոս: Համայնքերի ղեկավարների հետ համագործակցված աշխատանքի արդյունքում մենք 470-ով ավելացրել ենք բաժանորդների քանակը, մոտ 50 հեկտարով՝ ոռոգվող հողատարածքների մակերեսները: Համոզված եմ, որ մեր գործադրած համատեղ ջանքերի արդյունքում այդ թվերը կարող են նոր ու էական աճ արձանագրել »,-ներկայացրեց ՋՕԸ տնօրենը:
Համայնքերի ղեկավարները եւս իրենց հերթին հավաստեցին, որ այս տարի ոռոգման շրջանը, ի տարբերություն նախորդ տարիների, ընթացել է համակարգված ձեւով, առանց դժգոհությունների, որի համար շնորհակալություն հայտնեցին «Գեղարքունիք» ՋՕԸ աշխատակիցներին : «Նախորդ տարիներին ոռոգման սեզոնը մեր համայնքում սկսվում էր դժգոհության ալիքով, որն արտահայտվում էր անգամ միջպետական ճանապարհը փակելով: Այս տարի ամեն ինչ ընթացել է առանց դժգոհությունների, ջուրը սպասարկողների կողմից մատակարարվել էժամանակին ու բավարար քանակով, իսկ մեր համագործակցությունը շատ լավ արդյունք է ապահովել», -ներկայացրեց Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը:
ՀՀ Ջրային պետական կոմիտեի նախագահի տեղակալ Հարություն Գուլյանը «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրինության եւ համայնքների ղեկավարների հետ քննարկեց համակարգում առկա եւ հրատապ լուծում պահանջող մի շարք հարցեր, որոնց կարգավորման դեպքում այս կարեւորագույն ոլորտում արդյունավետությունը էականորեն կբարձրանա: Նշվեց, որ 2020 թվականին հրատապ լուծում պահանջող խնդիրների կարգավորման ուղղությամբ առանձին համայնքներում կիրականացվեն ինչպես հիմնանորոգման, այնպես էլ՝ օրվա կարգավորիչ ջրամբարների կառուցման աշխատանքներ, որոնք տեղերում մեխանիկական ոռոգման ծանրաբեռնվածությունը կթեթեւացնեն շուրջ 30-40 տոկոսով: «Մեր համակարգի արդյունավետության բարձրացման համար անգնահատելի օժանդակություն է նաեւ համայնքերում սուբվենցիոն ծրագրերի իրականացումը, որոնց շրջանակներում կառուցվում են մի քանի տասնյակ կիլոմետրերի հասնող ներհամայնքային ոռոգման ջրատարներ ու ճանապարհամերձ ջրահեռացման առուներ, որոնց շնորհիվ նվազագույնի են հասցվում մատակարարվող ջրի կորուստները:Եկող տարում արդեն մենք կտեսնենք շոշափելի արդյունքներ»,-նշեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Կարեն Սարգսյանը: