Նորություններ
Մարտունի քաղաքի յոթ թաղամասերում կառուցվում է ջրահեռացման եւ ջրամատակարարման համակարգեր
28.08.2019
Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցների հաշվին արդեն տաս օր է, ինչ ընթանում են ջրահեռացման եւ ջրամատակարարման համակարգերի կառուցման աշխատանքներ: Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տեղեկացմամբ, շինարարական աշխատանքներն ընթանում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող եւ հրատապ լուծում պահանջող ծրագրերի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 65 միլիոն դրամ, որից մոտ 4 միլիոն 200 հազար դրամը ներդրել է Մարտունու քաղաքապետարանը: Յոթ կիլոմետր ընդհանուր երկարությամբ կառուցվելու է ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցեր: «Մենք ունեինք յոթ թաղամասեր, որոնցում բացակայում էին թե ջրահեռացման, թե խմելու ջրի մատակարարման ներքին ցանցերը: Ընդհանուր առմամբ կառուցում ենք 3,5 կիլոմետր երկարության ջրահեռացման եւ նույնքան էլ ջրամատակարարման ներքին ցանցեր: Կարծում եմ, որ շինարարական աշխատանքները կավարտենք առաջիկա մեկ-մեկուկես ամիսների ընթացքում ու լուծում կտանք երկու կարեւոր հիմնախնդրի, որոնք չի հաջողվել կարգավորել տասնամյակներ շարունակ: Ջրահեռացման ցանցերը կմիացվեն կոյուղու ընդհանուր ցանցին, որն իր հերթին միանում է մաքրման կայանին: Այսուհանդերձ, քաղաքի առանձին թաղամասերի ջրահեռացման ու ջրամատակարարման ոլորտներում դեռ մնում են որոշակի խնդիրներ, որոնք կարգավորման կարիք ունեն ու պահանջում են բավականին լուրջ միջոցներ»,-ներկայացրեց Արմեն Ավետիսյանը: