Նորություններ
Սուբվենցիոն ծրագրով Ներքին Գետաշենում կառուցվում են խմելու եւ ոռոգման ջրատարներ
27.08.2019
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են խմելու եւ ոռոգման ջրատարների կառուցման աշխատանքներ: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, սուբվենցիոն առաջին ծրագրով , որի նախահաշվային արժեքը կազմում է 16 միլիոն 644 հազար դրամ, նախատեսվում է խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգում գյուղի յոթ թաղամասերում, 2491 գծամետր ընդհանուր երկարությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքի 70 տոկոսը տրամադրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ներքին Գետաշենի գյուղապետարանը: Շինարարությունը կավարտվի հոկտեմբերի վերջերին, որից հետո ջրամատակարարումը ավելի քան 300 տնտեսությունների համար կբարելավվի թե՛ քանակապես, թե՛ որակապես:
Սուբվենցիոն երկրորդ ծրագրով , որի նախահաշվային արժեքը կազմում է 20 միլիոն 273 հազար դրամ, ոռոգման ջրատարների բարեկարգման կամ կառուցման աշխատանքներ են ընթանում 6 թաղամասերում, 988 գծամետր ընդհանուր երկարությամբ: 2 թաղամասերում դրանք կառուցվում են պոլիէթիլենային խողովակներով, 4 թաղամասերում՝ երկաթյա կիսախողովակներով: Ծրագրի ընդհանուր արժեքի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ներքին Գետաշենի գյուղապետարանը: «Գյուղի յոթ թաղամասերում ունեինք խմելու ջրի, վեց թաղամասերում՝ ոռոգման ջրի անկանոն մատակարարում, որոնք ուղեկցվում էին մեծ քանակի կորուստներով: Կենսական նշանակության այս ծրագրերի ավարտից հետո այդ թաղամասերում լիովին կապահովվի պահանջվող ջրամատակարարումը: Ավելին, Վերին դեմեր կոչվող թաղամասը մինչ այժմ լիովին զուրկ էր ոռոգման ջրի մատակարարումից, իսկ եկող տարվանից այստեղ շուրջ 10 հեկտար հողատարածք դառնալու է ոռոգելի»,-ներկայացրեց Կարո Գեւորգյանը: