Նորություններ
Գեղարքունիքի բազկամարտիկները չորս մեդալ են նվաճել Ստեփանակերտում ընթացող Համահայկական խաղերում
07.08.2019

Գեղարքունիքի մարզը ներկայացնող թիմերի մարզիկներն արդեն առաջին մեդալներն են նվաճել Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ընթացող Համահայկական 7-րդ ամառային խաղերում: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը, բազկամարտի ձախ ձեռքի մրցումներում գեղարքունիքցի բազկամարտիկները երեկ նվաճել են երեք արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: « Վերին գետաշենցի Ազատ Սրապյանը մինչեւ 70 կիլոգրամ , Վարդենիսցի Վարդան Խաչատրյանը մինչեւ 90 կիլոգրամ եւ զոլաքարցի Ջանիբեկ Ղազարյանը 90 ու ավել կիլոգրամ քաշային կարգերում նվաճել են արծաթե մեդալներ, իսկ վերին գետաշենցի Էսմիրա Բեյբությանը բավարարվել է բրոնզե մեդալով: Նույն մարզիկներն աջ ձեռքի մրցումներում դուրս են եկել եզրափակիչ եւ պայքարում են առաջին եւ երկրորդ տեղերի համար: Այնպես որ, մենք այսօր նոր մեդալների ակնկալիք ունենք: Երեկ մրցաշարը հաղթանակով են սկսել նաեւ Գեղարքունիքի վոլեյբոլի թիմը եւ մեր չորս շախմատիստները»,-տեղեկացրեց Գեղամ Չարվադարյանը: