Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմը նոր առաջնորդ ունի

07.08.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախկին փոխդիվանապետ, հոգեշնորհ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը: Ինչպես տեղեկացրեցին Գեղարքունյաց թեմի առաջնորդարանից, օգոստոսի 4-ին Գեղարքունյաց թեմի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ, որի ընթացքում հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների գրասենյակի ղեկավար Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, մասնակցությամբ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի եւ Տավուշի թեմի փոխառաջնորդ հոգեշնորհ Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանի, հոգեշնորհ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը ներկայացվեց թեմի հոգեւոր դասին եւ հավատացյալներին՝ ստանալով առաջնորդական գավազանը:

Կենսագրություն

Տեր Պարթև վարդապետ Բարսեղյանը ծնվել է 1982 թվականին, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի Մ. Գորկու անվան միջնակարգ դպրոցում։
1999-2005 թթ սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։
2007 թվականին ձեռնադրվել է աբեղա՝ ընդունելով կուսակրոնություն։
Նույն տարում աշխատանքային գործունեություն է ծավալել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում, իսկ 2008 թվականին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգում, ապա՝ որպես դասախոս, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում։
Ավելի ուշ նշանակվել է Դիվանատան Ժողովական գրասենյակի տնօրեն։
2011-2013 թվականներին Փարիզում ստանձնել է հայկական համայնքի հոգևոր սպասավորությունը։
2013-2019 թվականներին Մայր Աթոռում զբաղեցրել է փոխդիվանապետի պաշտոնը։
2019թ հուլիսի 15-ին նշանակվել է առաջնորդական տեղապահ Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 19:21:52