Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին

26.07.2019

Հուլիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշպտան Արման Թաթոյանը Գեղարքունիքի մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում քննարկեցին հարցերի լայն շրջանակ՝ կապված հատուկ կարիքավոր երեխաների , հաշմադամների, ընտանեկան բռնության դեպքերի, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների, կանանց կարողությունների զարգացման, սոցիալական ու այլ կարգի հիմնահարցերի կարգավորման հետ:
«Մենք ակտիվորեն համագործակցում ենք Գեղարքունիքի մարզպետարանի, համայնքապետարանների, հասարակական տարբեր կազմակերպությունների հետ, սակայն այդ համագործակցությանը պետք է հաղորդենք նոր թափ, որպեսզի կարողանանք ավելի սեղմ ժամկետներում լուծում տալ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կուտակված հիմնախնդիրներին»,-նշեց Արման Թաթոյանը:
Մարզպետ Գնել Սանոսյանն առանձնացրեց մարզի այն հիմնախնդիրները, որոնք հանգեցնում են մարդու իրավուների խախտման եւ համընդհանուր դժգոհությունների:
«Մեր մարզը շատ բարդ է՝ իր ժողովրդագրությամբ, աշխարհագրությամբ ու կուտակված հիմնախնդիրներով, որոնք տարիներ շարունակ լուծում չեն ստացել: Թեեւ մենք սահմանամերձ ու տասնյակ հազարավոր փախստականներով բնակեցված մարզ ենք, սակայն պետական մի շարք ծրագրերից միշտ մենք դուրս ենք մնացել, եղել ենք անտեսված՝ սահմանամերձ մյուս մարզերի համեմատ: Ի դեպ, փախստականները հիմնականում բնակեցված են սահմանամերձ կամ հեռավոր բնակավայրերում, որտեղ ենթակառուցվածքների ստեղծման կամ զարգացման հետ կապված բազմապիսի խնդիրներ կան, որոնց լուծման համար հսկայական միջոցներ են պահանջվում: Ունենք նաեւ արծվաշենցիներին փոխհատուցում տրամադրելու խնդիրը, արտագնա աշխատանքի մեկնած տղամարդկանց ընտանիքներում առաջացած դժվարությունների կարգավորման, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման, հատուկ կարիքավոր երեխաների կրթության ու դաստիարակության կազմակերպման, հաշմանդամների իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրներ: Բոլոր ոլորտներում մենք ամենօրյա անելիքներ ունենք, ունենք այնպիսի հիմնահարցեր, որոնք տարիներով իրենց լուծմանն են սպասում, ուստի մեզ հապաղել չի կարելի: Մենք քննարկում ենք յուրաքանչյուր քաղաքացու դիմում, բողոք, առաջարկություն, փորձում մեր հնարավորությունների սահմաններում հասնել ցանկալի արդյունքի, սակայն միջոցների անբավարարության պատճառով շատ հարցեր դեռ մնում են մասամբ կարգավորված կամ չկարգավորված: Արտակարգ դեպքերում դժվարանում ենք օժանդակել աղետից տուժած քաղաքացիներին կամ կազմակերպություններին, քանի որ այդ նպատակներով չունենք համապատասխան բյուջե: Դրա համար առաջարկել ենք կառավարությանը՝ ստեղծել արտակարգ դեպքերին արագ արձագանքելու հատուկ ֆոնդ ու հասնել նրան,որ նման դեպքերում փոխհատուցումները լինեն ե՛ւ բավարար, ե՛ւ ժամանակին»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն հայտնեց՝ նշված հիմնահարցերը կառավարության առջեւ համատեղ բարձրացնելու եւ ընդհանուր լուծումներ գտնելու ուղղությամբ: Միաժամանակ Արման Թաթոյանը առաջարկեց Գեղարքունիքի մարզպետին՝ օժանդակել ու աջակցել ՄԱԿ-ի եւ միջազգային հեղինակավոր այլ կառույցների միջոցներով ու հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ մարզում իրականացվող այն ծրագրերին, որոնք նպաստում են կանանց կարողությունների զարգացմանը: Գնել Սանոսյանը, հայտնելով իր աջակցությունը, միաժամանակ առանձնացրեց հասարակական այն կազմակերպություններին, որոնց գործունեությունն ուղղված է կանանց դերի բարձրացմանը, հաշմանդամ երեխաների ծնողների զբաղվածության ապահովմանը, հատուկ կարիքավոր երեխաներին կրթադաստիարակչական տարբեր ծրագրերում ներառելուն:
«Մենք ունենք հասարակական այնպիսի կազմակերպություններ, որոնք Վարդենիսում, Ճամբարակում, Մարտունիում ծավալում են հասարակական ակտիվ գործունեություն՝ ուղղված բազմաթիվ կարեւորագույն հարցերի կարգավորմանը:Մեզ մնում է աջակից լինել այդ կազմակերպությունների նախաձեռնություններին ու ծրագրերին՝ ներառելով նաեւ նոր մտահղացումները կամ ծրագրերը, որպեսզի մեր քաղաքացիները, առավել եւս՝ հատուկ կարիքավոր երեխաները, կանայք, գործազուրկ կամ սոցիալապես անապահով ընտանիքները, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդիկ իրենց պաշտպանված ու անտեսված չզգան»,-շեշտեց մարզպետը:
Այնուհետ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ «Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն» Հայաստանյան ներկայացուցչության կողմից Գեղարքունիքի մարզպետարանում անցկացվեց հանդիպում՝ մարզի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ ակտիվ երիտասարդների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակներում մասնակիցները անցկացրին քննարկում՝ «Կանանց իրավունքներրի խթանումը Գեղարքունիքի մարզում» թեմայի շուրջ: Քննարկմանը մասնակցում էին նաեւ Բուլղարիայի ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներ: Հանդիպման նպատակն էր՝ խթանել Մարդու իրավունքներ պաշտպանությունը հայաստանում՝ բոլորի համար, ՀՀ ՄԻՊ գրասենյակի կարողությունների հզորացման միջոցով:

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-17 10:29:49