Նորություններ
Գեղարքունիքի մարզպետը ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը դիտարկեց Լճաշենում և Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհին
25.07.2019
Հուլիսի 25-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը դիտարկեց Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհին եւ Լճաշեն համայնքի 23-րդ փողոցում: Ինչպես մարզպետին ներկայացրեց ճանապարհաշինական ընկերության պատասխանատուն՝ պետական բյուջեի միջոցների հաշվին մեկնարկել են Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի Հայրավանք-Ծովազարդ հատվածի միջին նորոգման աշխատանքները: Նախատեսվում է 7100 մետր երկարության ճանապարհահատվածի ասֆալտի ֆրեզում, հարթեցում և միաշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրում: Շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա երկու ամիսների ընթացքում: Ֆրեզված ասֆալտը մարզպետարանի կողմից հատկացվում է համայնքապետարաններին՝ ներհամայնքային երկրորդական նշանակության ճանապարհները բարեկարգելու նպատակով:
Լճաշենի 23-րդ փողոցում Գնել Սանոսյանը դիտարկեց ճանապարհի փոսային նորոգման եւ հիմնանորոգման աշխատանքները, որոնք ընթանում են սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Ճանապարհաշինական աշխատանքների համար հատկացվել է 21,6 միլիոն դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Լճաշենի համայնքապետարանը: Աշխատանքները մեկնարկել են 4 օր առաջ, որի ընթացքում փոսային նորոգումներ են կատարվել մոտ 500 քառակուսի մետր մակերեսով, իսկ այժմ ընթանում են հիմնանորոգման աշխատանքները 296 մետր երկարությամբ եւ 1393 քառակուսի մետր մակերեսի վրա: Շինարարական աշխատանքները ավարտի կհասցվեն առաջիկա երկու շաբաթների ընթացքում:
Մարզպետը շինարարության որակի ապահովման շուրջ ցուցումներ տվեց շինարարին ու հանձնարարեց մարզպետարանի քաղաքաշինության վարչությանը՝ մշտապես վերահսկել շինարարական աշխատանքների որակի ապահովման գործընթացը բոլոր ուղղություններում ծավալված շինարարական օբյեկտներում:
«Պետությունն օր օրի ավելացնում է հսկողական մեխանիզմները շինարարական աշխատանքների որակի ապահովման մասով:Ուստի հարկավոր է խստիվ պահպանել շինարարության որակը՝ հետագա անցանկալի հետևանքներից խուսափելու համար:Որքան բարձր լինի շինաշխատանքների որակական նիշը, այնքան շինարարական տվյալ կազմակերպության առջեւ ավելի լայն հնարավորություններ կբացվեն»,-հավաստեց մարզպետ Գնել Սանոսյանը: