Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հաջողություններ մաղթեց սեւանցի նորակոչիկներին

25.07.2019

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի Սեւանի բաժանմունքում մասնակցեց նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: Նորակոչիկներին բանակ ճանապարհելու արարողությանը մասնակցում էին Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի, ՀՀ Ոստիկանության Սեւանի բաժանմունքի ներկայացուցիչներ, Սեւանի տարածքի համայնքների ղեկավարներ, նորակոչիկների ծնողները եւ հարազատները:
«Մենք սրտի թրթիռով ու հուզմունքով, բայց հպարտորեն ենք ձեզ ճանապարհում բանակ, ակնկալելով, որ դուք ձեր պարտքը հայրենիքի հանդեպ կկատարեք պատվով ու կվերադառնաք ձեր ընտանիքների գիրկը: Խնդրում եմ ձեզ, որպես մարզի ղեկավար ու բնակիչ՝ եղեք իրար սիրող ու հանդուրժող, մի փորձեք միջանձնային հարաբերություններ պարզել իրար մեջ չնչին դիպվածների պատճառով, որոնք էլ բանակում բերում են ցավալի հետեւանքների: Միշտ հիշեք, որ դուք կանգնած եք մեկ ընդհանուր թշնամու դեմ, իսկ ձեզ տանը անհամբեր սպասում են ձեր ծնողներն ու հարազատները: Համոզված եմ, որ բանակում դուք կտիրապետեք ռազմական գիտելիքներին, տուն կվերադառնաք որպես դաստիարակված ու հասարակության համար պիտանի մարդիկ դարձած»,-նորակոչիկներին դիմեց մարզպետը: Իրենց տպավորություններով կիսվեցին նաեւ նորակոչիկներն ու նրանց հարազատները:
«Այսօր եկել եմ բանակ ճանապարհելու իմ եղբորորդուն: Ես նախկին զինվորական եմ, ծառայել եմ ՀՕՊ զորամասում, ռազմական ոստիկանությունում, 2010 թվականին անցել թոշակի:Մեր ընտանիքից արդեն ութերորդ զինվորին ենք բանակ ճանապարհում: Կարծում եմ, որ նախորդների նման մեր որդին պատվով կծառայի ու տուն կվերադառնա»,-նշեց Սեւան քաղաքի բնակիչ Սամվել Ղարիբյանը:
«Բանակ եմ ճանապարհում երրորդ թոռնիկիս: Նրանցից երկուսն ավարտել են իրենց ծառայությունը Արցախում ու պատվով տուն վերադարձել, հիմա անհամբեր սպասելու ենք երրորդ զինվորիս վերադարձին: Ինչքան տագնապում, այնքան էլ հպարտանում ենք, որ մեր զավակներին է վիճակվել հայրենի հողի պաշտպանության դժվարին, բայց սուրբ գործը», -նշեց Սեւան քաղաքի բնակիչ Ռիմա Ենգոյանը:
«Հայրենիքի պաշտպանությունը մեր պարտքն է, մեր հպարտությունը: Գնում ենք առանց վախի,հուզմունքի ու կանենք հնարավորը, որպեսզի մեր ծնողները, հարազատները, համագյուղացիները մեր մասին միայն լավը լսեն, որպեսզի մեր պարտականություններն անթերի կատարենք»,-ասաց նորակոչիկ, Գեղամավան գյուղի բնակիչ Ռազմիկ Ալեքսանյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-09 14:54:35