Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը Ծակքար, Լիճք և Ծովինար համայնքներում ծանոթացավ սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

24.07.2019

Հուլիսի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մեկնարկած սուբվենցիոն ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով աշխատանքային այց կատարեց Ծակքար, Լիճք և Ծովինար համայնքներ: Ծակքարում մարզպետն այցելեց «Հոլքներ» կոչվող թաղամաս, որտեղ ընթանում են ոռոգման ջրատարի հիմնանորոգման աշխատանքները: ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրով, որի մեկնարկը տրվել է այս տարվա հուլիսի 1-ից, նախատեսվում է «Հոլքներ» թաղամասում 1,7 կիլոմետր երկարության ոռոգման ջրատարի հիմնանորոգում մետաղական կիսախողովակներով: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 30 միլիոն 600 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Ծակքարի համայնքապետարանը: Հիմնանորոգումից հետո ջրամատակարարումը անխափան կլինի 25 հեկտարից ավել տնամերձերի եւ սեփականաշնորհված ցանքերի համար: Շինարարական աշխատանքները կավարտվեն օգոստոսի ընթացքում:
Մարզպետը հրահանգեց համայնքի ղեկավարին և շինարարներին՝ հետևողական լինել աշխատանքների որակի պահպանման ուղղությամբ, հասնել նրան, որ հատկացված միջոցներն ամենաարդյունավետ կերպով ծառայեն իրենց նպատակին:
Լիճք համայնքում Գնել Սանոսյանն այցելեց 6-րդ թաղամաս, որտեղ արդեն ավարտվում է կենտրոնական ճանապարհի հիմնանորոգումը ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Կենտրոնական փողոցի մի հատվածում, որն ընդգրկում է գյուղի Ա- 6 թաղամասը, սուբվենցիոն ծրագրի հաշվին ասֆալտապատվել է 680 գծամետր երկարության ճանապարհ՝ շուրջ 3500 քառակուսի մետր մակերեսով: Ճանապարհի ասֆալտապատման համար հատկացվել է շուրջ 27 միլիոն դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Լիճքի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները սկսվել են հուլիսի 12-ից եւ արդեն ավարտական փուլում են գտնվում: Սակայն սուբվենցիոն այս ծրագիրը միակը չի լինի Լիճքում, ու առաջիկայում կենտրոնական փողոցի մեկ այլ հատվածում եւս կասֆալտապատվի նույնքան մակերես ընդգրկող ճանապարհ: Ասֆալտապատվելու է կենտրոնական ճանապարհը գյուղի 9-րդ թաղամասում: Մոտ 500 քառակուսի մետր մակերես ընդգրկող տարածք կասֆալտապատվի գերեզմանոց տանող ճանապարհին: Մնացած մոտ 3000 քառակուսի մետրը կասֆալտապատվի կենտրոնական ճանապարհահատվածում: Լիճքում մարզպետը հանդիպեց նաեւ բնակիչների հետ, ովքեր առաջ քաշեցին կենսական նշանակության մի շարք հիմնախնդիրներ, որոնք ծառացած են մնում համայնքի առջև:
«Մենք Լիճքում գույքագրել ենք բոլոր հիմնախնդիրները, որոնց մի մասը կկարգավորվեն պետական, մի մասը՝ տեղական միջոցներով: Հերթականությամբ ու քայլ առ քայլ կկարգավորենք բոլոր հիմնահարցերը»,-հավաստեց մարզպետը:
Ծովինարում Գնել Սանոսյանն այցելեց երեք տարբեր թաղամասեր, որտեղ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ: Ասֆալտապատվում է երեք փողոց՝ ընդգրկելով շուրջ 5 հազար քառակուսի մետր մակերես: Ասֆալտապատվել է 1 կիլոմետր երկարության ճանապարհ 5-րդ թաղամասի 3-րդ, 3-րդ թաղամասի 18-րդ եւ առաջին թաղամասի 5-րդ փողոցներում: Ծրագրի իրակակացման համար հատկացվել է շուրջ 40 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Ծովինարի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մոտենում են ավարտական փուլին: Օգոստոսին այստեղ, սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակներում, կմեկնարկեն մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 28 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կազմում է ՀՀ կառավարության, 40 տոկոսը՝ համայնքապետարանի ներդրումը:
Մարզպետն այցելեց նաեւ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 57-64,5 կիլոմետրում միջին նորոգման ենթարկվող ճանապարհահատված, որտեղ արդեն տրվել աշխատանքների մեկնարկը: Շինարարի ներկայացմամբ՝ պետական միջոցների հաշվին ճանապարհի Ծակքար-Մարտունի հատվածում իրականացվում է 7400 մետր երկարության ասֆալտի ֆրեզում, հարթեցում եւ 5 սանտիմետր հաստության միաշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրում: Շինարարական աշխատանքները կավարտվեն առաջիկա երկու ամիսների ընթացքում:
«Արդեն գնալով մարզում լայն թափ են առնում սուբվենցիոն և այլ կարգի ծրագրերը, շինարարական աշխատանքները մտել են եռուն շրջան: Մենք հետևողականորեն, ամենայն ուշադրությամբ համակարգում, հսկում ենք աշխատանքները բոլոր ուղղություններում, բարձրացված կամ ընթացքում ի հայտ եղած հիմնախնդիրները փորձում կարգավորել ժամանակին, որպեսզի չխաթարվի ծրագրերի ընթացքը:Իհարկե, ուրախալի է, որ մենք իրականացնում ենք հինգ միլիարդ դրամից ավել ծավալի շինարարություն, սակայն առավել գոհ կլինենք, երբ կապահովենք շինարարության պահանջվող որակը բոլոր տեղերում: Մարզպետարանի քաղաքաշինության վարչությունն աշխատանքների որակին հետևում է մշտապես ու աչալրջորեն»,-այցի արդյունքներն ամփոփեց մարզպետ Գնել Սանոսյանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-08-16 17:11:07