Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գանձակ եւ Հայրավանք համայնքներում Գեղարքունիքի մարզպետը դիտարկեց սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքը

19.07.2019

Հուլիսի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Գանձակ եւ Հայրավանք համայնքներ: Ինչպես մարզպետին ներկայացրեց Գանձակ համայնքի ղեկավար Արմեն Պողոսյանը, համայնքում արդեն մեկնարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերը, որոնց շրջանակներում հիմնանորոգվելու են Խաչատուր Աբովյան եւ Սիլվա Կապուտիկյան փողոցները, ոռոգման համակարգը սնող մայր առուն, ընդլայնվում է գիշերային լուսավորվածության ցանցը: «Պետական միջոցներով , համայնքապետարանի և գանձակցի անհատ ձեռներեցների համատեղ ներդրմամբ այս տարի Գանձակում կիրականացվի մինչեւ 1 միլիոն դոլարին համարժեք դրամի շինարարություն, որից շուրջ 300 միլիոն դրամը հատկացվել է պետբյուջեի միջոցներից, Բաղրամյան փողոցի ասֆալտապատման համար: 34 միլիոն դրամ հատկացվել է Կապուտիկյան եւ Աբովյան փողոցների հիմնանորոգման, 17 միլիոն դրամ՝ գիշերային լուսավորվածության ցանցի եւ 16 միլիոն դրամ՝ մայր առվի հիմնանորոգման համար: Բացի այդ, այս տարվա ընթացքում կապիտալ հիմնանորոգում ենք իրականացրել մանկապարտեզի երկրորդ մասնաշենքում եւ կառուցել երկու թաղամասերն իրար կապող մեկ կամուրջ»,-ներկայացրեց Արմեն Պողոսյանը: Մարզպետը հորդորեց ճանապարհաշինարարներին՝ առավել ուշադրություն դարձնել աշխատանքների որակին:
Հայրավանքում Գնել Սանոսյանն այցելեց Բարի գալուստ փողոց, որտեղ արդեն սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են ճանապարհաշինական աշխատանքները՝ ՝ 500 գծամետր երկարությամբ եւ մոտ 2500 քառակուսի մետր մակերեսով: Ինչպես տեղեկացրեց Հայրավանքի գյուղապետ Սասուն Համբարձումյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 18,5 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Հայրավանքի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսի 9-ից եւ կավարտվեն այս տարվա սեպտեմբերի կեսերին: Մարզպետն այցելեց մեկ այլ շինհրապարակ, որտեղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ ընթանում են ֆուտբոլի մինի խաղադաշտի կառուցման աշխատանքները: Շինարարների հավաստմամբ՝ խաղադաշտը կշահագործվի առաջիկա երկու ամիսների ընթացքում: Այցի ավարտին Գնել Սանոսյանը կիսվեց օրվա այցի եւ մարզում այս պահին ընթացող շինարարական աշխատանքների հետ կապված տպավորություններով:
« Մենք ՀՀ կառավարության հաստատմանն ենք ներկայացրել 102 սուբվենցիոն ծրագիր, որոնցից այս պահին հաստատվել է 98-ը: Ծրագրերի մի մասն արդեն սկսվել ու ավարտվել է, մի մասը մեկնարկային փուլում է, մի մասը՝ մրցութային: Եթե առաջիկայում կառավարությունը հաստատի մնացած մի քանի ծրագրերը, ապա մեր մարզի համայնքների նպատակային ծրագրերի իրակակացման համար կատարվող ներդրումներն այս տարի կգերազանցեն 5 միլիարդ դրամի սահմանները: Այդ ծրագրերը հիմնականում կավարտենք այս տարվա ընթացքում, բացառությամբ թվով երեք համայնքներում կառուցվող մանկապարտեզների, որոնց շինարակական աշխատանքները կսկսենք այս տարվա մեջ, բայց ավարտի կհասցնենք եկող տարում»,-հավաստեց մարզպետը:

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36