Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Լանջաղբյուր համայնք

19.07.2019

Հուլիսի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Լանջաղբյուր համայնք: Մարզպետը ծանոթացավ պետության ու մասնավոր ձեռնարկատերերի կողմից համայնքում իրականացված խոշոր ծրագրերին: Ինչպես ներկայացրեց Լանջաղբյուրի գյուղապետ Յուրիկ Բաղդասարյանը, պետական բյուջեից տրամադրած միջոցների հաշվին Լանջաղբյուրում ասֆալտապատվել է 1300 մետր երկարության ճանապարհ՝ 7800 քառակուսի մետր մակերեսով:Շինարարական աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա հոկտեմբեր ամսից եւ արդեն մոտենում են իրենց ավարտին: Լանջաղբյուրի Մեսրոպ Մաշտոց եւ Խաչատուր Աբովյան փողոցների ասֆալտապատման համար պետբյուջեի միջոցներից հատկացվել է շուրջ 70 միլիոն դրամ: Սա միաժամանակ գյուղի դպրոց տանող ճանապարհն է, որը տասնամյակներ շարունակ չէր ենթարկվել հիմնանորոգման ու մեծ դժվարությամբ էր շահագործվում: Անցած տարում նշված հատվածում իրականացվեցին հողային, ջրահեռացման համակարգերի տեղադրման ու խճապատման աշխատանքները, իսկ այս տարվա հունիսից սկսվեց ասֆալտապատումը, որը գրեթե մոտեցել է ավարտին: Լանջաղբյուրի բնակիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին կառավարությանն ու մարզպետին՝ գյուղի համար կենսական նշանակության այդ ծրագիրը կյանքի կոչելու համար:
Գնել Սանոսյանի այցի հաջորդ կանգառը Լանջաղբյուրի նորաստեղծ ոչխարաբուծական ֆերմայում էր, որտեղ մեկնարկել է ոչխարաբուծական խոշոր ծրագիր, և հավակնում է խթանել նաեւ ոչխարաբուծության արագ զարգացմանը մարզում: Ինչպես տեղեկացրեց Լանջաղբյուր գյուղի բնակիչ, ոչխարաբուծական նորաստեղծ տնտեսության ղեկավար , անհատ ձեռներեց Արսեն Մարգարյանը, ծրագիրն իրականացվում է Ռուսաստանաբնակ գործարարներ Սերգո Բազեյանի, Վազգեն Նավոյանի եւ իր համատեղ գործակցությամբ: Արդեն մեկ շաբաթ է, ինչ Ռուսաստանի Դաշնությունից Լանջաղբյուր է տեղափոխվել 230 գլուխ ոչխար, որոնցից 13-ը խոյեր են, մնացածը՝ մաքիներ: Տեղափոխության ընթացքում ու հետագա օրերին 10 մայր ոչխարից 20 գառ է ծնվել: «Ոչխարաբուծական մեր ծրագիրը նախատեսում է ունենալ մինչեւ 4000 գլուխ հոտ, որից մինչեւ 1200-ը կկազմեն մայրերը, մնացածը՝ գառները: Մենք Ռուսաստանից ներկրել ենք «Ռոմանովսկիե ցեղատեսակի ոչխարը, որն ունի բարձր գառնատվություն»,-տեղեկացրեց Արսեն Մարգարյանը:
Անհատ ձեռնարկատերը ներկայացրեց նաեւ ձեռնարկչատիրական հեռանկարային ծրագրերը, որոնք ոչ միայն խթանելու են անասնամթերքի իրացումը, այլ նաեւ մանվածքաբանական արտադրության զարգացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը: «Մենք ծրագրում ենք մեր ֆերմային կից տարածքում ունենալ մեր սպանդանոցը, որտեղ կարող ենք սպանդի համար ընդունել նաեւ շրջակա համայնքի տնտեսությունների անասունները: Ստեղծելու ենք նաեւ բրդի մթերման ու վերամշակման արտադրամաս, որտեղ մթերելու ենք մարզի տնտեսություններում արտադրված բուրդը: Մեր արտադրական տարածքում ունենալու ենք նաեւ կարի արտադրամաս, որտեղ կարող ենք ընդունել կարի համապատասխան պատվերներ»,-հավաստեց անհատ ձեռնարկատերը:
Ի դեպ, սույն ծրագիրը ներկայացվել է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» տնտեսական համաժողովում ու առաջիններից մեկն է, որ բարեհաջող կյանքի է կոչվում:
«Մենք որոշակի ընթացակարգերում աջակցել ենք այս ծրագրի կյանքի կոչմանը, որպեսզի ոչ մի խոչընդոտ չառաջանար ձեռնարկատերերի համար: Այսուհետ էլ պատրաստ ենք՝ նրանց աջակցելու հեռանկարային մյուս ձեռնարկներում: Կարծում եմ, որ այս ծրագիրը օրինակ կծառայի նաեւ մյուս համայնքներում: Ի դեպ, մենք ունենք եւս մի քանի ոչխարաբուծական խոշոր ծրագրեր, որոնք շուտով կդրվեն գործողության մեջ»-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39