Նորություններ
Գեղարքունիքում սկսվել է ոռոգման շրջանը
19.07.2019

Հուլիսի 10-ից Գեղարքունիքի մարզի համայնքներում սկսվել է ոռոգման ակտիվ շրջանը: Գործի են դրվել «Գեղարքունիք» ՋՕԸ հաշվեկշռում գտնվող պոմպակայանները, խորքային հորերը, ոռոգման ինքնահոս համակարգերը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, արդեն մեկ շաբաթվա ընթացքում համակարգում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ, որոնք կարգավորվում են Գեղարքունիքի մարզպետարանի, առանձին համայնքների ղեկավարների, «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրինության համագործակցության արդյունքում: Ոռոգման ջրի բաշխման, անխափան մատակարարումների հետ կապված խնդիր է ծագել Լուսակունք եւ Խաչաղբյուր , ինչպես նաեւ Մադինա, Գեղհովիտ, Ներքին ու Վերին Գետաշեն համայնքների ջրօգտագործողների միջեւ: Հուլիսի 16-ին «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրինության, Լուսակունք, Խաչաղբյուր համայնքների ղեկավարների և ջրօգտագործողների մասնակցությամբ կարգավորվել է ջրամատակարարման գրաֆիկը եւ բաշխման հետ կապված խնդիրը: Իսկ հուլիսի 17-ին նույն միջոցառումներն իրականացվել է Արգիճի գետից սնվող ոռոգման ջրի բաշխման կետերում, որոնցից օգտվում են Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Մադինա եւ Գեղհովիտ գյուղերի ջրօգտագործողները: Հանդիպումը կայացել է «Գեղարքունիք» ՋՕԸ Մարտունու տեղամասում, ապա՝ Արգիճի գետից սնվող ինքնահոս ոռոգման համակարգերի գլխամասային կետերում: Քննարկումներին մասնակցել է մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համայնքների ղեկավարների, ջրօգտագործողների, «Արգիճի» հէկ-ի պատասխանատուների ու «Գեղարքունիք» ՋՕԸ ներկայացուցիչների միջեւ՝ ոռոգման շրջանում գործելու սահմանված գրաֆիկով, բաշխված ջրի չափաքանակների պահպանմամբ, որպեսզի ապահովվի անխափան ջրամատակարարումը: «Առաջին ջրի ժամանակ միշտ էլ լարվածություն է ստեղծվում տեղերում, ի հայտ են գալիս չնախատեսված խնդիրներ, որոնք փորձում ենք կարգավորել: Անելու ենք հնարավորը, որպեսզի ջուրը տնտեսություններին հասնի ժամանակին եւ անխափան»,-հավաստեց «Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Կարեն Սարգսյանը: