Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանրային քննարկման ներկայացվեց Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման նախագիծը

18.07.2019

Հուլիսի 18-ին Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի դահլիճում հանրային քննարկման ներկայացվեց Մարտունու նոր բժշկական կենտրոնի շենքի կառուցման նախագիծը: Հանրային քննարկման էին հրավիրված Մարտունու քաղաքապետարանի, բժշկական կենտրոնի, հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ: Հանրային քննարկմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Անուշավան Ղազարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Վարդանյանը, ՀՀ ԿԱ առողջապահական եւ աշխատանքի տեսչության արեւմտյան տարածաշրջանի պետի պաշտոնակատար Անուշ Պողոսյանը, ՀՀ ԱՆ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Քրիստինե Սարգսյանը, Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, պաշտոնական այլ անձինք:
Նորակառույց բժշկական կենտրոնի շենքի նախագիծը քննարկման մասնակիցների ուշադրությանը ներկայացրեցին ՀՀ ԱՆ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի հիվանդանոցային բաղադրիչի մասնագետ Սյուզան Ամրիկյանը եւ նախագծի գլխավոր ճարտարապետ Ռուզաննա Մամյանը: Ըստ բանախոսների՝ Մարտունու նորակառույց բժշկական կենտրոնը լինելու է միահարկ՝ ընդգրկելով 4280 քառակուսի մետր օգտագործելի մակերես: Բժշկական նորակառույց ու արդի բուժսարքավորումներով հագեցած կենտրոնն ունենալու է 55 մահճակալ՝ չհաշված հեմոդիալիզ իրականացնող ծառայության մահճակալները: Կառուցվելու է 1 ընդհանուր մասնաշենք՝ վեց բաժիններով: Նորակառույց ԲԿ-ում գործելու են ընդունարան, շտապ օգնության կայան, արյան փոխներարկման կենտրոն, վիրահատական երկու բլոկ, հեմոդիալիզի, ինտենսիվ թերապիայի, պոլիկլինիկայի, թերապեւտիկ, ինֆեկցիոն, վիրաբուժական բաժանմունքներ: Հաշմանդամություն ունեցող անձանց համար բոլոր բաժանմունքների մուտքերն ապահովվելու են թեքահարթակներով: Մուտքը լինելու է Գետափնյա փողոցից: Նախատեսված է նաեւ ուղղաթիռի վայրէջքի հրապարակ: «Նախագծում չի ներառվել ապաստարանի կառուցումը, որը շատ կարևոր է արտակարգ իրավիճակների դեպքում», - կարծիք հայտնեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անուշավան Ղազարյանը:
Մարտունու նորակառույց հիվանդանոցի շինարարական պայմանագրերն ակնկալվում է կնքել 2019 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 14:13:57