Նորություններ
Խորհրդակցություն մարզի բուժհաստատությունների տնօրենների հետ
09.07.2019
Հուլիսի 8-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի առողջապահական հաստատությունների տնօրենների հետ: Խորհրդակցության ընթացքում արծարծվեցին աշխատանքային ու կատարողական կարգապահության, ինչպես նաեւ համակարգում առկա օրակարգային մի շարք հարցեր: Մարզպետի տեղակալը նշեց, որ առանձին բուժհաստատություններում արձանագրվել են տնօրենների անհարգելի բացակայություններ, համայնքներում գրանցված արտակարգ դեպքերի մասին տնօրենները ժամանակին չեն իրազեկել մարզպետին: Որոշ տեղերում էլ հասարակական կազմակերպությունները միջոցառումներ են իրականացրել՝ առանց մարզպետարանին տեղեկացնելու: «Աշխատանքները պետք է լինեն կանոնակարգված, ինչպես նաեւ՝ հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների հետ համագործակցությունը: Հարկավոր է տեղերում գրանցված արտակարգ դեպքերի մասին անմիջապես իրազեկել վերադաս մարմնին, բարձրացնել աշխատանքային եւ կաըտարողական կարգապահությունը»,-հանձնարարեց Նարեկ Գրիգորյանը: Խորհրդակցության ընթացքում նաեւ հանձնարարվեց՝ կանխարգելիչ պատվաստումները կատարել ժամանակին՝ ապահովելով դրանց ընդգրկվածությունը, հետեւողական մոտեցում ցուցաբերել զորահավաքային հանձնաժողովի կազմում ընդգրկված բժիշկների մասնագիտական պարտականությունների պատշաճ եւ որակյալ կատարմանը, առողջության առաջնային պահպանման օղակում զորակոչային տարիքի անձանց առողջության անձնագրի պատշաճ լրացմանը եւ պատվաստումների լրիվ ընդգրկմանը, ուսումնասիրել բնակչության խոցելի խմբերին տրամադրվող հիմնական դեղերի ցանկը, ապահովել դեղերի առկայությունը առողջության պահպանման առաջնային օղակում, ուշադրություն դարձնել սքրինինգային ծրագրերի ընդգրկմանը եւ դրանց որակական ցուցանիշներին, ապահովել մարզի առողջապահական հաստատությունների մասնակցությունը ՀՀ առողջապահության նախարարության կողմից օգոստոսին մայրաքաղաքում կայանալիք աշխատանքի տոնավաճառում: ՀՎԿԱԿ Գեղարքունիքի մասնաճյուղի փոխտնօրեն Հասմիկ Հարությունյանը զեկուցեց բույսերից թունավորվելու դեպքերի եւ աղիքային վարակիչ հիվանդությունների կանխարգելման հարցերի մասին :