Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում կովերի անկման պատճառը կհստակեցվի միայն լաբորատոր ստուգումից հետո

08.07.2019

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Ծովինար, Կարմիրգյուղ, Արտանիշ  և Ծափաթաղ  գյուղերում 2019 թվականի հուլիսի 5- 7-ի ընթացքում գրանցվել են խոշոր եղջերավոր անասունների անկման դեպքեր, որոնց շուրջ բնակչության կողմից սոցիալական ցանցերում տրվում են տարատեսակ մեկնաբանություններ: Իրականության պարզաբանման համար զրուց է անցկացվել Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի եւ ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Արշակ Էլիզբարյանի հետ: Համբարձում Համբարձումյանի հավաստմամբ՝ 10 խոշոր եղջերավոր անասունի անկում գրանցվել է Կարմիրգյուղում, 9-ը՝ Ծովինարում, 6-ը՝ Կարճաղբյուրում, 8-ը՝ Արտանիշում, 5-ը՝ Ծափաթաղում: «Կարելի է տարբեր հետեւություններ անել, մտածելով, որ անասունների անկումները կապ ունեն Սեւանա լճի ջրի թունավոր լինելու հետ կամ ընդհանրապես բացառել այդ վարկածը: Սակայն հարցի վերջնական պատասխանը կստանանք լաբորատոր ուսումնասիրության արդյունքների հրապարակումից հետո: Բոլոր կենդանիները ենթարկվել են մորթի՝ փքված վիճակում: Մենք կհրապարակենք արդյունքները՝ պատասխանը ստանալուն պես »,-նշեց մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետը:
ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Արշակ Էլիզբարյանը եւս հաստատեց անկման հասած խոշոր եղջերավորների քանակը եւ հորդորեց սպասել լաբորատոր քննության արդյունքներին: «Դեպքերի մասին ահազանգը ստանալուն պես հանրապետական լաբորատոր ծառայությունը անկման հասած կենդանիներից նմուշառում է վերցրել՝ պարզելու հիմնական աղբյուրը: Ճիշտ է, անկումների աշխարհագրությունն ընդգրկուն է, իրարից բավականին հեռավորության վրա գտնվող բնակավայրերում, սակայն ախտանշանները գրեթե նույնն են: Բոլորի մոտ նկատվել է փքվածություն, որից հետո բանը հասել է հարկադիր մորթի: Ոչ մի խոշոր եղջերավոր չի սատկել: Շատ հնարավոր է, որ դա լինի առվույտից, որի վրա այս օրերին շաղ կամ անձրեւ է նստում: Հնարավոր է, որ լինի բոլորովին այլ պատճառով: Ճիշտն այն է, որ եզրակացություն անելուց չպետք է շտապենք, մինչեւ որ լոբորատոր քննության արդյունքները չունենանք»,-հավաստեց Արշակ Էլիզբարյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06