Նորություններ
Կարեւորվեց հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարը
04.07.2019

Հուլիսի 4-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն ընդունեց «Հանուն կյանքի, մայրության պաշտպանության» ՀԿ տնօրեն Քնարիկ Նալբանդյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հղիության արհեստական ընդհատումները Գեղարքունիքի մարզում կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու հետ կապված ծրագրերը, որոնք նախաձեռնել է«Հանուն կյանքի, մայրության պաշտպանության» ՀԿ-ն: «Մեր հիմնական նպատակն է՝ լինել քաղաքային կամ գյուղական բնակավայրերում, հանդիպումներ անցկացնել երիտասարդ տարիքի կանանց , ինչպես նաեւ շահառու առանձին խմբերի հետ, տանել լայն բացատրական աշխատանք, որպեսզի պտղի սեռով կամ այլ հանգամանքներով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները կանխարգելվեն կամ հասցվեն նվազագույնի: Մենք պատրաստել ենք տեղեկատվական թերթիկներ, որոնցում ներկայացված են հղիության արհեստական ընդհատումների թողած ծանր հետեւանքները: Աստվածաշնչյան տաս պատվիրաններից մեկն ասում է ՝ Մի սպանիր: Հղիության արհեստական ընդհատումը հենց չծնված երեխայի սպանությունն է իր մոր որովայնում: Մեզ կուղեկցի մասնագիտությամբ գինեկոլոգ բժիշկը, ով եւս բացատրական աշխատանք կտանի մայրերի ու շահագրգիռ մյուս խմբերի հետ»,-ներկայացրեց ՀԿ տնօրենը:
Ողջունելով նախաձեռնությունը՝ մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը հայտնեց իր աջակցությունը «Հանուն կյանքի, մայրության պաշտպանության» ՀԿ նախաձեռնությանը: «Մենք աջակից կլինենք ձեր նախաձեռնությանը: Միաժամանակ համատեղ կփորձենք մշակել այնպիսի առաջարկություններ, որոնք, ունենալով սոցիալական ուղղվածություն, կշահագրգռեն ընտանիքներին՝ բացառելու հղիության արհեստական ընդհատումները»,-նշեց մարզպետի տեղակալը:
«Հանուն կյանքի, մայրության պաշտպանության» ՀԿ նախաձեռնած հանդիպումները, համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, կսկսվեն հուլիսի երկրորդ կեսից: