Նորություններ
Գեղարքունիքում մեկնարկեց ամառային զորակոչը
02.07.2019
Հուլիսի 2-ին Գեղարքունիքի մարզում մեկնարկեց ամառային զորակոչը: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանը, այսօր նորակոչիկները բանակ ճանապարհվեցին Գավառ եւ Մարտունի քաղաքներից: Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի Գավառի բաժանմունքում նորակոչիկներին բանակ ճանապարհեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներն ու հարազատները: Բանակ մեկնելուց առաջ Գավառի տարածաշրջանի համայնքները ներկայացնող նորակոչիկները միասին շուրջպար բռնեցին զինկոմիսարիատի բաժանմունքի շենքի բակում՝ ոգեւորելով նաեւ ներկաներին:
«Սիրելի ծնողներ, դուք հպարտ եք, որ ձեր երեխաները գնում են՝ Հայոց աշխարհը պաշտպանելու, ապահովելու նրա խաղաղությունը: Սիրելի նորակոչիկներ, դուք, որպես այս երկրի հպարտ քաղաքացիներ, գնում եք՝ ծառայելու Ազատ, Անկախ Հայաստանին, որպեսզի գիշերները հանգիստ քնեն ձեր ընտանիքի անդամները, ձեր հայրենակիցները: Դուխով գնացեք ծառայության, դուխով էլ վերադարձեք»,- բարեմաղթանքի խոսք հնչեցրեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը:
Շնորհավորելով նորակոչիկներին ու նրանց ծնողներին՝ Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի Գավառի բաժանմունքի պետ Վանիկ Գոզեյանը միաժամանակ հայտնեց ՝ հաջորդ օրը առավոտյան անձամբ գնալ հավաքակայան եւ ներկա գտնվել տեղի ունեցող վիճակահանությանը: Նորակոչիկները եւ նրանց ծնողներն այցելեցին Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցի՝ մոմեր վառելու եւ հոգեւոր օրհնություն ստանալու:
«Ձեզ շնորհավորում ենք այսօր, քանի որ դուք առողջ եք, կամքով լի, ոգեւորված՝ հայրենի հողը պաշտպանելու գնալիս: Մենք աղոթք ենք բարձրացնում առ Աստված ու խնդրում ձեզ համար անսպառ հաջողություններ, մեր հողին՝ տեւական խաղաղություն: Թող ծառայության այդ երկու տարիները ձեզ համար լինեն ձեր կյանքի հպարտության տարիները: Ցանկանում ենք, որ անվտանգ ծառայեք, տուն վերադառնաք, ստեղծեք ձեր ընտանիքները եւ հզորացնեք մեր հայրենիքը: Բարի ծառայություն ձեզ »,-օրհնության խոսք հղեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանը:
Մարտունու տարածաշրջանի նորակոչիկներին ոգեւորությամբ, դհոլ-զուռնայով, երգ ու պարով: Նորակոչիկներին Հայոց բանակ ճանապարհեցին նրանց ծնողներն ու հարազատները, Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը, Գեղարքունիքի մարզային զինվորական կոմիսար Գեւորգ Մխեյանը, պաշտոնական այլ անձինք:
Ամառային զորակոչը Գեղարքունիքում կավարտվի հուլիսի վերջին: