Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարտունու հանրային լողափում կայացավ ծանրամարտի հանրապետական առաջնություն

01.07.2019

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի հանրային լողափի տարածքում հունիսի 29-ին տեղի ունեցավ ծանրամարտի հանրապետական բացօթյա մրցաշար, որին մասնակցեցին Երեւանի, Մարտունու, Արցախի, Էջմիածնի, Արթիկի, Վանաձորի, Ղափանի, Եղեգնաձորի, Սիսիանի, Արտաշատի, Սեւանի, Գավառի, Գորիսի, Արարատի, Վեդիի մարզադպրոցները ներկայացնող շուրջ 100 ծանրորդներ: Ինչպես տեղեկացրեց Մարտունու մարզադպրոցի փոխտնօրեն Գեւորգ Սարգսյանը, մրցումներն անցկացվեցին հունիսի վերջին երկու օրերին, 12 քաշային կարգերում, տղաների եւ աղջիկների խմբերում: Մրցաշարը կազմակերպել էին Գեղարքունիքի մարզպետարանը եւ Մարտունու մարզադպրոցը: Մրցաշարի բացմանը մասնակցեցին եւ ծանրորդներին ողջունեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը: Մրցաշարի ընթացքում Եվրոպայի երիտասարդական տարիքի ռեկորդ սահմանեց Մարտունու մարզադպրոցի սան Մոնթե Մխիթարյանը՝ 61 կիլոգրամ քաշային կարգում պոկում վարժությունում բարձրացնելով 113 կիլոգրամանոց ծանրաձողը: Հրում վարժությունում բարձրացնելով 130 կգ՝ Մոնթեն երկամարտի 243 կգ արդյունքով դարձավ առաջին մրցանակակիր ու մրցաշարի գլխավոր հաղթողը:
Ընդհանուր առմամբ Մարտունու մարզադպրոցից երկու մարզիկ ճանաչվեցին մրցաշարի հաղթող, մեկ ծանրամարտիկ գրավեց 2-րդ , եւս երեք մարզիկ՝ 3-րդ տեղը: Իրենց քաշային կարգերում երկամարտի արդյունքներով չեմպիոնի կոչումը նվաճել են հայրավանքցի Արման Կնյազյանը, վանաձորցի Արկադի Ավետյանը, երեւանցի Տիգրան Մաթեւոսյանը, սեւանցիներ Գարիկ Ղազարյանը եւ Արսեն Անդրանիկյանը, արարատցիներ Պետրոս Պետրոսյանը, Սմբատ Մարտոյանը եւ Հայկ Սարգսյանը, Վեդիից՝ Մացիկ Հակոբյանը եւ Տիգրան Կարապետյանը, մարտունեցի Ալեքս Հակոբյանը, արթիկցի Նորիկ Նազարյանը, գորիսեցի Արտյոմ Բաբայանը եւ քաղսեցի Սասուն Սահակյանը: «Աղջիկների խմբում գերազանց հանդես եկավ արարատցի Մարիամ Առաքելյանը՝ երկամարտում ցույց տալով 145 կիլոգրամ արդյունք: Սեւանցի Ալինա Սուքիասյանը եւս փայլեց՝ 57 կիլոգրամ քաշային կարգում ցույց տալով երկամարտի 105 կիլոգրամ արդյունք:Մրցաշարի ամենակրտսեր մասնակից, արցախցի ութ տարեկան Յուլիա Շիրինյանը երկամարտում ապահովեց 31 կիլոգրամ արդյունք: Սա Հայաստանի ծանրամարտի պատմության մեջ առաջին բացօթյա մրցաշարն էր, որը ցանկանում ենք դարձնել ավանդական»,-հավաստեց Մարտունու մարզադպրոցի փոխտնօրեն Գեւորգ Սարգսյանը: Մրցանակները հաղթողներին հանձնեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55