Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում՝ դպրոցներում ներառական համակարգի գործունեության վերաբերյալ

26.06.2019

Հունիսի 26-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանն ընդունեց ԱՄՆ ՄԶԳ կրթության ոլորտի փորձագետ Ալիսոն Դեֆրանկոյին: Այցի նպատակն էր՝ հանդիպել մարզից ներառական և ոչ ներառական կրթական համակարգ ունեցող դպրոցների տնօրենների, ներառական կրթություն ունեցող դպրոցների սոցիալական մանկավարժների, հոգեբանների և հատուկ մանկավարժների հետ՝ համատեղ քննարկելու ներառական կրթության համակարգում ծագած խնդիրները և դրանց հաղթահարման եղանակները:
Մարզպետի տեղակալը և մարզպետարանի ԿՄՍ վարչության պետը խոսեցին մարզում ներառական կրթության համակարգ ունեցող դպրոցների գործունեության մասին, նշելով, որ մարզում 2020 թվականից անցում է կատարվելու համընդհանուր ներառական կրթության: «Մենք մարզում ունենք վեց դպրոց, որտեղ գործում է ներառական կրթության համակարգը: Նշված դպրոցները ապահովված են համակարգի աշխատանքներն իրականացնող համապատասխան մասնագետներով: Սակայն համընդհանուր ներառական համակարգի անցման դեպքում մենք մարզում կունենանք մի շարք նեղ մասնագետների պահանջ: Համընդհանուր ներառական կրթության անցնելու համար նաև անհրաժեշտ է երեխաների գնահատման հանձնաժողով ունենալ, որը ևս խնդիր է դպրոցների համար: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մարզում ունենանք երեխաների գնահատման կենտրոն, որպեսզի ներառական համակարգում ընդգրկվեն իրապես դրա կարիքն ունեցող աշակերտները »,-նշեց մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը: Ներառական կրթություն ունեցող դպրոցների ներկայացուցիչները խոսեցին իրենց փորձի, աշխատանքի ընթացքում ի հայտ եկած խնդիրների, դրանց հաղթահարման եղանակների և ակնկալվող փոփոխությունների մասին: Ներառական համակարգ չունեցող դպրոցների ներկայացուցիչները կարևորեցին այդ համակարգի դերը, քանզի իրենց դպրոցներում ևս դրա ներդրման կարիքը խիստ նկատելի է:
«Ես Հայաստանում աշխատում եմ կրթության նախարարության հետ և իրականացնում եմ ուսումնասիրություններ ու դիտարկումներ տարբեր մարզերում , որպեսզի քննարկումների արդյունքում ի մի բերեմ ձեր կողմից ներկայացրած խնդիրներն ու առաջարկությունները, և մինչև սեպտեմբեր կազմեմ ներառական կրթության գործունեության ռազմավարական պլան և գործողությունների քարտեզ յուրաքանչյուր մարզի համար »,-ասաց ԱՄՆ ՄԶԳ կրթության ոլորտի փորձագետ Ալիսոն Դեֆրանկոն:
Նա ևս կարևորեց 2020 թվականից համընդհանուր ներառական կրթության անցնելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը, նշելով, որ այդ ուղղությամբ կարևոր դեր ունեն նաև մասնագիտական վերապատրաստումները և համայնքներում այդ ուղղությամբ իրազեկվածության մակարդակի բարձրացումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36