Նորություններ
Աղբերքում կջրարբիացվի մոտ 1000 հեկտար արոտ
26.06.2019

Շողակաթ համայնքի Աղբերք բնակավայրում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակներում ջրարբիացվում է մոտ 1000 հեկտար արոտ: Ինչպես տեղեկացրեց Աղբերքի վարչական ղեկավար Վասիլ Աղասարյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 36 միլիոն դրամ, որից 2 միլիոն դրամը ներդրվել է համայնքի կողմից: Շինարարական աշխատանքները մեկնարկել են հունիսի սկզբներին եւ կավարտվեն հուլիս ամսի ընթացքում: Արդեն կառուցված է ջրատարը 1,5 կիլոմետր երկարությամբ: Կառուցվելու է մեկ աղբյուրակապ եւ երկու խմոց: «Շատ կարեւոր ծրագիր է իրականացվում գյուղի տնտեսությունների համար:Գյուղի 900 խոշոր եւ 1000 մանր եղջերավոր անասունները վերջապես կունենան խմելու ջուր ամառային արոտավայրերում ու ջրվելու համար նախկինի պես երկար ճանապարհ չեն կտրի՝ հանդիպած առուներ կամ աղբյուրներ հասնելու եւ հետ վերադառնալու համար: Արոտների ջրարբիացումը կնպաստի թե անասնագլխաքանակի, թե մթերատվության ավելացմանը: Նույն ծրագրի միջոցով մենք նախորդ տարում ձեռք ենք բերել նոր 5 տրակտոր եւ նույնքան մամլիչ, որոնք այս ամռանն օգտագործելու ենք գյուղատնտեսական աշխատանքներում » ,-ներկայացրեց Վասիլ Աղասարյանը: