Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղամասար համայնքում տեղի ունեցավ կենսագազի կայանի եւ ջերմոցային տնտեսության բացման հանդիսավոր արարողություն

22.06.2019

Հունիսի 21-ին Գեղամասար համայնքում Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում կայացավ կենսագազի մեծ կայանի եւ ջերմոցային տնտեսության բացման հանդիսավոր արարողությունը: Արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության համակարգող Անդրեա Բաջջիոլին, «Շեն» բարեգործական կազմակերպության խորհրդի նախագահ Հայկ Մինասյանը, ծրագրի համակարգողներ:Հյուրերին ուղեկցում էր Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը: Կենսագազի մեծ կայանի եւ ջերմատան բացման ժապավենը կտրեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ ԵՄ ներկայացուցիչ Անդրեա Բաջջիոլին: Ինչպես ներկայացրեց ծրագրի համակարգող Անահիտ Նավասարդյանը, ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի բյուջեն կազմել է 1 միլիոն 340 հազար 995 եվրո, որից 900 հազար եվրոն կազմել է ԵՄ կողմից տրմադրվող դրամաշնորհը, 225 հազար եվրոն՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը, 215 հազար 995 եվրոն՝ §Շեն» ԲՀԿ-ն եւ շահառուների ներդրումը: Սույն ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվել Գեղարքունիքի մարզի Գեղամասար, Փամբակ, Արեգունի գյուղերում: Գեղամասարի կենսագազի կայանի ու ջերմոցային տնտեսության շահագործումը այս ծրագրի բաղադրիչներից մեկն է:
«Գեղարքունիքի մարզում սույն ծրագրի իրականացմամբ ունենք հետեւյալ արդյունքները: Փամբակ, Գեղամասար եւ Արեգունի գյուղերում ստեղծվել են երեք նոր կոոպերատիվներ:Հիմնվել են կոոպերատիվների գրասենյակներ, ղեկավարությունը եւ աշխատակազմը անցել են վերապատրաստման համապատասխան դասընթացներ: Գեղամասարում կառուցվել է կենսագազի մեծ կայան ու ջերմատուն եւ վերակառուցվել 1 խորքային հոր, ինչի շնորհիվ ոռոգելի է դարձել տարածքի մոտ 80 հեկտարը:Արեգունի եւ Փամբակ գյուղերում վերականգնվել են ինքնահոս ոռոգման համակարգերը 4,7 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, ինչի շնորհիվ ոռոգման մշտական ջրից կարողանում են օգտվել 2 գյուղերի 140 ընտանիք: Արեգունի գյուղի կոոպերատիվին հատկացվել է մեկ տրակտոր, մեկ շարքացան, մեկ չորս խոփանի գութան:Արեգունի ու Փամբակ գյուղերում կառուցվել են կենսագազի երկու փոքր կայաններ, երկու փոքր ջերմոցներ: Արեգունիում կառուցվել է չորանոց, Փամբակում՝ անասնակերի արտադրամաս:Նշված երեք գյուղերի կոոպերատիվներին տրվել է ձեռքի երեք խոտհնձիչ, կթի տասներկու ագրեգատ»,-ներկայացրեց Անահիտ Նավասարդյանը:
Ներկաներին ողջունեց եւ շնորհավորեց Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության համակարգող Անդրեա Բաջջիոլին: «Ուրախ ենք «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրի փակումը այնպիսի կարեւոր արդյունքներով, ինչպիսիք են՝ կենսագազի կայանի հիմնումը եւ ջերմոցային տնտեսության բացումը:«Էներգետիկայի շաբաթ-2019» միջոցառումների ընթացքում մենք նշելու ենք կայուն էներգիայի օրեր Հայաստանով մեկ, որպեսզի օրինակ ծառայենք էներգիայի արդյունավետությունն առաջնահերթ համարելու ոչ միայն կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում, այլ նաեւ վերականգնվող էներգիան նորարարական տեխնոլոգիաների միջոցով խթանելու հարցում: Մենք շարունակելու ենք մեր ծրագրերը գյուղատնտեսության, բնապահպանության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում»,-նշեց Անդրեա Բաջջիոլին:
Ծրագրի հետագա շարունակությանն իր զորակցությունը հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Այս ծրագրի իրականացմամբ շատ կարեւոր խնդիր է լուծվել գյուատնտեսության ու բնապահպանության ոլորտներում՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Միաժամանակ համայնքում զբաղվածության խնդիր է լուծվել: Ուզում եմ վստահեցնել մեր գործընկերներին, որ մեր մարզում նախատեսված նոր ծրագրերի իրականացման ընթացքում մենք ցուցաբերելու ենք ամենալայն աջակցությունը»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
«Մենք արդեն վստահ ենք, որ ծրագիրը տվել է ակնկալված արդյունքները: Այն, համոզված ենք, լինելու է շարունակական, կայուն ընթացքով:Մշտապես գործելու են թե կենսագազի ստացման կայանը, թե ջերմոցային տնտեսությունը, որը կարող է տարվա բոլոր եղանակներին պահանջված, էկոլոգիապես մաքուր բանջարեղեն մատակարարել Վարդենիսի տարածքի համայնքներին»,-նշեց «Շեն» ԲՀԿ խորհրդի նախագահ Հայկ Մինասյանը:
Գեղամասարի գյուղի սպառողական կոոպերատիվի նախագահ Գագիկ Աբրահամյանը եւ «Շեն» ԲՀԿ բիոգազի արտադրության գծով մասնագետ Գեղամ Հովհաննիսյանը ներկայացրին կենսագազի ստացման կայանի ու ջերմոցային տնտեսության փոխկապակցված, փոխշահավետ աշխատանքի մասին: §Մեկ տոննա գոմաղբի մշակման արդյունքում կայանն ապահովում է 40 խորանարդ մետր բիոգազ, որը հավասար է 20 խորանարդ մետր բնական գազի:Երկու հոսքագծերով այստեղ օրական կմշակվի 5 տոննա գոմաղբ, որը կարտադրի 200 խորանարդ մետր բիոգազ: Այն կուղղվի ջերմոցային տնտեսության աշխատանքի ապահովմանը: Օգտագործված գոմաղբը տնտեսություններն օգտագործելու են որպես բարձրորակ պարարտանյութ»,-ներկայացրեց Գեղամ Հովհաննիսյանը:
«Ջերմոցային տնտեսությունն ընդգրկում է 1300 քառակուսի մետր տարածք: Այս պահին մենք արտադրում ենք վարունգ, լոլիկ, պղպեղ եւ լոբի:Ջերմոցում ունենք 4, կայանի վրա՝ 2 աշխատող: Ձմռան ընթացքում ջերմոցում կունենանք աշխատողների ավելի մեծ քանակ:Համոզված եմ, որ կապահովենք նաեւ եկամուտներ, կայուն զարգացում»,-նշեց Գագիկ Աբրահամյանը:
Հանդիսության ավարտին մասնակիցները դիտարկեցին ծրագրի շրջանակներում վերակառուցված խորքային հորի աշխատանքը եւ տարածքի ցանքերը ոռոգելու հնարավորությունները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:33:30