Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներին

20.06.2019

Հունիսի 20-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Տանյա Ռադոչային եւ Երեխայի պաշտպանության ծրագրերի ղեկավար Հայկ Խեմչյանին: Ինչպես հանդիպման սկզբում նշեց Տանյա Ռադոչայը, նախկինում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը Գեղարքունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ ծրագրեր է իրականացրել մարզում, մասնավորապես, կրթակական, առողջապահական ու երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտներում, իսկ այժմ մարզպետարանի հետ կազմակերպությունը քննարկելու է նոր ծրագրերի իրականացման գաղափարներն ու հեռանկարները: «Մենք ցանկություն ունենք ձեր մարզում նոր ծրագրեր իրականացնելու «Եվրամիությունը հանուն քաղաքացիների» ծրագրի շրջանակներում: Այդ ծրագրի բաղադրիչներից մեկը նախատեսում է մանկապարտեզների ստեղծում հեռավոր ու սակավ բնակչություն ունեցող գյուղերում: «Ասիական զարգացման հիմնադրամի» միջոցներով էլ նախատեսվում է կրթական ծրագրերի իրականացում մարզի խոշորացված համայնքներում, 14-16 տարեկան դպրոցականների շրջանում, որով դպրոցականները ձեռք են բերելու ծրագրային մտածողության, մրցունակության կարողությունների զարգացման ու բնապահպանական գիտելիքներ: Ծրագրերի իրականացման համար ակնկալում ենք ձեր աջակցությունը եւ համագործակցությունը մարզպետարանի համապատասխան կառույցների ու համայնքապետարանների հետ»,-նշեց Տանյա Ռադոչայը:
Մարզպետ Գնել Սանոսյանը, շնորհակալություն հայտնելով կազմակերպության ներկայացուցիչներին՝ մարզում նախկինում իրականացված ծրագրերի ու համագործակցված աշխատանքի համար, միաժամանակ շեշտեց, որ այժմ այն թարմացնելու, երկու կողմերի համար վերալիցքավորվելու անհրաժեշտություն կա:
«Գեղարքունիքի մարզը մեծ է ոչ միայն տարածքով, այլ նաեւ՝ բազմազան հիմնախնդիրների քանակով: Ոչ մի երեխա մեղավոր չի, որ ինքը ծնվել է փոքր համայնքում ու չի կարող մանկապարտեզ հաճախել ամենատարբեր պատճառներով: Մենք շատ փոքր համայնքներում ունենք դպրոցական մեծ շենքեր, որտեղ առկա են քիչ թվով աշակերտներ ու ազատ մակերեսներ, որոնք կարող են հիմնանորոգվել ու ծառայեցվել մանկապարտեզների գործունեությանը: Այս դեպքում մենք խնդիրը կարող ենք լուծել ավելի քիչ ծախսերով: Անչափ կարեւորում ենք նաեւ ծրագրավորման ու բնապահպանական ուղղությունների կրթական ծրագրերը, քանի որ բոլորս ենք մտահոգ թե՛ շրջակա միջավայրի մաքրության պահպանման, թե՛ աղքատության նիշի կրճատման խնդիրներով: Շրջակա միջավայրի պահպանությունն առավել պայմանավորված է Սեւանա լճով, որն ունի տարածաշրջանային կարեւոր նշանակություն, միաժամանակ՝ զանազան հիմնախնդիրներ, որոնք ավելի շատ ստեղծում են հենց մեր մարզի բնակիչները: Դրա համար հարկավոր է նոր սերնդին տալ համարժեք բնապահպանական դաստիարակություն, միաժամանակ բացատրական աշխատանք տանել բնակչության շրջանում, որպեսզի կարողանանք ունենալ անաղարտ շրջակա միջավայր»,-նշեց մարզպետը:
Այնուհետև Տանյա Ռադոչայը Գեղարքունիքում կարեւորեց եւս մեկ հիմնախնդիր՝ կապված պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հետ, ինչի արդյունքում նորածին երեխաների մեջ նկատելիորեն գերակշռում են տղա երեխաները: «Մենք Գեղարքունիքում այս ուղղությամբ գիտական հետազոտություն ենք անցկացրել Ցյուրիխի համալսարանի հետ համագործակցությամբ, որի արդյունքները կհրապարակվեն առաջիկայում: Նորածին տղա երեխաների թիվը գերակշռում է ձեզ մոտ, ինչը հուշում է, որ այստեղ ընտանիքները շատ ավելի հակված են տղա երեխա ունենալուն: Վիճակը բարդանում է նրանով, որ այժմ բարձր տեխնոլագիաների միջոցով մարդիկ վաղօրոք իմանում են պտղի սեռը եւ իրենց համար ոչ ցանկալի արդյունքի դեպքում դիմում հղիության ընդհատման: Հարկավոր է այս ուղղությամբ լուրջ ծրագրեր իրականացնել համատեղ ջանքերով»,-շեշտեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը:
«Տղա եւ աղջիկ երեխաների հարաբերակցության խնդիրը մեզ եւս մտահոգում է: Այն մեզանում որոշակի պատմական արմատներ ունի, տղա երեխայի նկատմամբ ընտանիքներում առանձնահատուկ վերաբերմունք կա, սակայն մենք պետք է բոլոր միջոցներով փորձենք փոխել իրավիճակը՝ շետն առավելապես դնելով քարոզչական ու բացատրական աշխատանքի վրա:Այս երեւույթը միաժամանակ սոցիալական ուղղվածություն ունի: Հարցն այն է, որ շատերը սահմանափակ թվով երեխաներ են ունենում, որպեսզի չծանրացնեն իրենց վիճակը եւ ապրեն ավելի հեշտ, բարեկեցիկ կյանքով: Այս դեպքում նրանք գերադասում են, որ իրենց ընտանիքում ծնված մեկ կամ երկու երեխաները տղա լինեն:Համոզված եմ, որ մարդկանց սոցիալական վիճակի բարելավման դեպքում մենք այս խնդիրն ավելի հեշտ կհաղթահարենք»,-նշեց Գնել Սանոսյանը, հավելելով, որ բոլոր ծրագրերի իրականացման ուղղությամբ Գեղարքունիքի մարզպետարանը պահանջված աջակցությունը կցուցաբերի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 20:10:59