Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետը դիտարկեց մարզում մեկնարկած սուբվենցիոն առաջին ծրագրի ընթացքը

19.06.2019

Գեղարքունիքի մարզում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մեկնարկը տրվեց Գեղհովիտ համայնքից, որտեղ նույն ծրագրի շրջանակներում այս պահին ասֆալտապատվում է գյուղի կենտրոնական փողոցը՝ մոտ 800 մետր երկարությամբ ու շուրջ 5000 քառակուսի մետր մակերեսով: Մարզում մեկնարկած սուբվենցիոն առաջին ծրագրի իրականացման ընթացքին տեղում ծանոթացավ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մարզպետը դիտարկում անցկացրեց շինհրապարակում՝ համապատասխան ցուցումներ տալով շինարարներին ու հրահանգեց՝ խստիվ պահպանել շինարարության որակը, նպատակային ծախսել տրամադրված միջոցները:Շրջայցից հետո Գնել Սանոսյանը ներկայացրեց մարզում իրականացվող սուբվենցիոն մյուս ծրագրերի մասին ամփոփ տեղեկատվություն: «Մենք ՀՀ կառավարություն ենք ներկայացրել 112 սուբվենցիոն ծրագիր, որոնցից առաջինն, ինչպես տեսնում եք, արդեն կյանքի է կոչվում Գեղհովիտում: Այսօրվա դրությամբ ՀՀ կառավարության կողմից ունենք հաստատված 36 ծրագիր, իսկ առաջիկա շաբաթներից յուրաքանչյուրի ընթացքում հաստատված կունենանք մինչեւ 15-20 ծրագիր: Կարծում եմ, որ մեկ ամսվա ընթացքում հաստատված ու մեկնարկած կլինեն բոլոր ծրագրերը, որոնք հիմնականում ընդգրկում են ճանապարհների, կրթական ու նախակրթական հաստատությունների, խմելու ու ոռոգման ջրատարների նորոգման կամ կառուցման ոլորտները: Սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կառավարության ու համայնքների կողմից կատարված ներդրումների ընդհանուր արժեքը կազմելու է ավելի քան 6 միլիարդ դրամ: Ես անձամբ լինելու եմ շինարարական բոլոր տեղամասերում՝ աշխատանքների ընթացքը դիտարկելու եւ որակական կողմի ապահովմանը մշտապես հետեւելու նպատակով: Համապատասխան վերահսկողություն կիրականացվի նաեւ մարզպետարանի քաղաքաշինության վարչության կողմից, որպեսզի հատկացված միջոցները ծախսվեն արդյունավետ ու նպատակային»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Ինչպես տեղեկացրեց Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը՝ փողոցի ասֆալտապատման նախագծանախահաշվային արժեքը կազմել է մոտ 41 միլիոն դրամ, որի 60 տոկոսը ներդրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գեղհովիտի գյուղապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի հունիսի 11-ից եւ կավարտվեն մոտակա օրերի ընթացքում: « Սա հույժ կարեւոր ծրագիր էր մեր համայնքի համար, կարելի է ասել՝ տարիներ ի վեր սպասված ծրագիր, որով այս ճանապարհը կապվում է մեր գյուղի միջով անցնող Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհին՝ թեթեւացնելով այդ ճանապարհի երթեւեկության բեռը: Մեր հաջորդ սուբվենցիոն ծրագիրը, որը վերաբերում է ոռոգման համակարգի կառուցմանը, սպասում է կառավարության հաստատմանը: Հուսանք, որ այդ կենսական նշանակության ծրագիրը եւս կավարտենք այս տարվա ընթացքում»,-հավաստեց համայնքի ղեկավարը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 18:15:39