Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում համապետական շաբաթօրյակն անցավ նկատելի ակտիվությամբ

08.06.2019

Հունիսի 8-ի Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքների վարչական տարածքներում մեկնարկեց համապետական շաբաթօրյակը, որին ակտիվորեն մասնակցեցին պետական ու մասնավոր հիմնարկների տասնյակ հազարից ավելի աշխատակիցներ, անհատ քաղաքացիներ: Ինչպես հավաստեցին Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչությունից, շաբաթօրյակին ներգրավված էին շուրջ 520 կազմակերպություն , 12 հազար 238 մարդ, 254 միավոր տեխնիկա , 5500 գործիք եւ այլ պարագաներ: Համապետական շաբաթօրյակին մասնակցում էին մարզի տարածքում գործող բոլոր պետական ու մասնավոր հիմնարկները, հասարակական կազմակերպությունները եւ անհատ քաղաքացիները: «Մինչ շաբաթօրյակի մեյկնարկը համայնքներում ուսումնասիրվել ու քարտեզագրվել էին այն տարածքները, որտեղ նկատվել էին կենցաղային աղբի թափոններ կամ կույտեր: Մարզպետարանի եւ համայնքապետարանների կողմից կատարվել էին նախնական ամրացումներ, ամեն կազմակերպություն նախօրոք իրազեկված էր իրեն տրված առաջադրանքի եւ անելիքների մասին: Օրվա ընթացքում կենցաղային աղբի թափոններից մաքրվեցին բնակավայրերի փողոցներն ու մայթերը, կազմակերպությունների բակերը, հասարակական վայրերը, միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհների եզրերը, հանգստյան գոտիները, տեսարժան վայրերը, անտառամերձ տարածքները, գետափերի ու հեղեղատարների աղտոտված հատվածները: Մաքրման ակտիվ աշխատանքներ են իրականացվել նաեւ Սեւան եւ Մարտունի քաղաքների հանրային լողափերում, որտեղ շուտով կտրվի հանգստյան սեզոնի բացումը: Մաքրված աղբը բեռնվում ու տեղափոխվում է գործող 29 աղբավայրեր»,-տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչությունից: Համայնքներում համապետական շաբաթօրյակին մասնակցում եւ աշխատանքների ընթացքը վերահսկում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը,մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ Խլղաթյանը, մարզպետի խորհրդական Անուշավան Ղազարյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, աշխատակիցներ: Ամփոփելով շաբաթօրյակի նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը այն համարեց մշտապես պահանջված: «Մենք նկատելի դրական տեղաշարժ ունենք շրջակա միջավայրը կենցաղային աղբի կոշտ թափոններից զերծ պահելու ուղղությամբ:Նախորդ շաբաթօրյակներին իրականացված միջոցառումների արդյունքում փակել կամ չեզոքացրել ենք ապօրինի գործող բոլոր աղբավայրերն ու նկատված աղբակույտերը, շատ համայնքներում մեր միջամտությամբ արդեն իրականացվում է աղբահանություն, խնդիրը մշտապես պահում ենք մեր ամենօրյա հսկողության ներքո, մինչեւ որ կարողանանք ապահովել մեզ համար ցանկալի արդյունքը: Մեծ են մեր ակնկալիքները «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրից», որը գործողության մեջ կդրվել առաջիկայում: Իսկ մինչ այդ պետք է շարունակենք կանոնավոր աղբահանության աշխատանքները եւ շաբաթօրյակների հաճախակի կազմակերպումը, որպեսզի շրջակա միջավայրի աղտոտման մակարդակը մեր մարզում հասցնենք նվազագույն մակարդակի վրա»,- նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06