Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ԱԻ նախարարը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց հանգստյան սեզոնի անվտանգության ապահովման հետ կապված հարցերի շուրջ

07.06.2019

Հունիսի 7-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նրան ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը : Նախարարը Գեղարքունիքի մարզպետարանում հանգստյան սեզոնի ընթացքում անվտանգության ապահովման միջոցառումներին ուղղված ընդլայնված խորհրդակցություն անցկացրեց նախարարության ենթակայությամբ գործող Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության, Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, «Սեւան Ազգային պարկի » ներկայացուցիչների հետ: Բացելով խորհրդակցությունը՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շեշտեց, որ մարզի փրկարարների պատասխանատվությունն ավելանում է՝ կապված հանգստյան սեզոնում անվտանգության միջոցառումների ապահովման հետ: «Մենք շուտով, հուլիսի սկզբներից, կապված հանգստյան սեզոնի բացման հետ, ունենալու ենք զբոսաշրջիկների ու հովեկների մեծ հոսք մեր մարզում: Դրան գումարվում են Համահայկական խաղերի մասնակից պատվիրակությունները՝ ավելի քան 4 հազար եւ ավել մարդկանցով, որոնք եւս հանգրվանելու են մեզ մոտ: Հարկավոր է անվտանգության, փրկարարական, հասարակական կարգի պահպանության միջոցառումները կազմակերպել համագործակցված ու բարձր մակարդակով»,-նշեց մարզպետը:
Նախարար Ֆելիքս Ցոլակյանն առաջարկեց համակարգի պատասխանատուներին՝ ոլորտ առ ոլորտ ներկայացնել իրավիճակը, առկա հիմնախնդիրներն ու առաջնահերթ անելիքները: Համապատասխան զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Գեւորգ Գալստյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը, «Սեւան Ազգային պարկ» -ի տնօրենի առաջին տեղակալ Արայիկ Հունանյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Վազգեն Կիրակոսյանը: Բանախոսների ներկայացմամբ՝ հանգստյան սեզոնն անվտանգ անցկացնելու համար տեխնիկական միջոցներն ու փրկարարական ուժերը բավարար են միայն հանրային լողափերում, իսկ ահա մասնավոր լողափերում հարցը մնում է բաց, քանի որ դրանք շահագործող ընկերությունները չեն պատվիրում փրկարարական կետերի տեղադրում եւ համապատասխան սպասարկում: Լսելով զեկուցումներն ու առաջարկությունները՝ նախարարը հանձնարարեց՝ առաջիկա տաս օրերի ընթացքում իրեն ներկայացնել առաջարկությունների գույքագրված ու հստակ փաթեթ, որպեսզի մինչեւ հանգստյան սեզոնի բացումը փրկարարները կազմ ու պատրաստ լինեն անվտանգության բոլոր միջոցառումներն իրականացնելուն : «Մենք պետք է հանգստյան սեզոնի ընթացքում ավելացնենք փրկարարական կետերը, ներգրավենք փրկարարական նոր ուժեր: Ընդ որում, այդ կետերում պարտադիր չէ, որ հսկեն միայն ջրափրկարարները: Այդտեղ կարող են ներգրավվել տվյալ տարածքի հրշեջ-փրկարարները: Խոսքն առաջիկա երկու ամիսների մասին է, որոնց ընթացքում փրկարարական կետեր կարող են գործուղվել մարզի փրկարարները: Հարկավոր է գտնել այնպիսի հստակ մեխանիզմներ, որպեսզի ամեն մի արտակարգ դեպքի ժամանակ մենք կարողանանք արագ ու ժամանակին արձագանքել ու սեզոնն անցկացնել անկորուստ: Իսկ դրա համար հարկավոր է ունենալ միջոցառումների համագործակցված ու հստակ ծրագիր, որը պետք է ներկայացնել առաջիկա 10 օրերի ընթացքում: Շատ եմ կարեւորում համագործակցությունը ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ Ոստիկանության եւ Գեղարքունիքի մարզպետարանի հետ »,-նշեց ԱԻ նախարարը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36