Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստում քննարկվեցին սոցիալ-տնտեսական և կրթական բնույթի հարցեր

31.05.2019

Մայիսի 31-ին կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը: Նիստի աշխատանքներին մասնակցեցին նաեւ հանրակրթական դպրոցների տնօրենները եւ զինղեկները, Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները, Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի ներկայացուցիչները, այլ պաշտոնյաներ: Մինչ օրակարգային հարցերին անցնելը՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լավագույն աշխատանքի համար ՀՀ Պաշտպանության նախարարի կողմից տրված շնորհակալագիրը հանձնեց Գեղարքունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանին, ով եւ պարգեւը ստանալուց հետո հանդես եկավ օրակարգային առաջին հարցի զեկուցմամբ: Այն վերաբերում էր ՀՀ ՊՆ կողմից իրականացվող «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերի իրազեկման հետ կապված խնդիրներին: Նա նշեց, որ այս ծրագրերի շրջանակներում նախորդ տարվա համեմատ այս տարի նկատվել է դրական տեղաշարժ, սակայն իրազեկման աշխատանքների արդյունավետ կազմակերպման դեպքում արդյունքները կարող են շատ ավելի գոհացուցիչ լինել: «Պատիվ ունեմ եւ «Ես եմ» ծրագրերի բովանդակությունը եվ առավելությունները ներկայացրեց Գեղարքունիքի մարզային զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետ Վարդան Մամիկոնյանը՝ հորդորելով բացատրական բավարար աշխատանք տանել աշակերտների եւ ծնողների շրջանում, հասնել նրան, որ զորակոչային տարիքի հասած տղաները ժամանակին եւ ճիշտ կողմնորոշվեն:
«Կարծում եմ, որ համայնքապետարանների, դպրոցների զինղեկների եւ մարզային զինկոմիսարիատի համագործակցված աշխատանքի դեպքում մենք կհասնենք ավելի ցանկալի արդյունքների: Միաժամանակ հանձնարարում եմ զինղեկներին՝ սեղմ ժամկետներում կազմել եւ մարզպետարան ներկայացնել ուսումնական այն գույքերի ցանկը, որոնց կարիքը զգացվում է ձեզ մոտ, որպեսզի հավուր պատշաճի կարողանաք ռազմական գիտելիքներ տալ դպրոցականներին», - նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Մարզպետը նաեւ հորդորեց համայնքների ղեկավարներին եւ դպրոցների տնօրեններին՝ ամառային հանգստի ճամբարներ ուղարկել միայն այն երեխաներին, ովքեր սոցիալապես անապահով կամ զոհված ու վիրավոր ազատամարտիկների, զինծառայողների, հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներից են: «Պետական աջակցությամբ եւ «Վորլդ Վիժն Հայսատան» ծրագրով այս ամռանը մանկապատանեկան ճամբարներում իրենց հանգիստը կանցկացնեն մեր մարզի 870 երեխաներ, որոնց ընտրությունը պետք է կատարեք միայն օրենքի պահանջներին համապատասխան»,-մարզխորհրդի անդամներին դիմեց մարզպետը:
Մարզի ութ համայնքներում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը: Նա նշեց, որ 2019 թվականի ընթացքում, ըստ ժամանակացույցի, ուսումնասիրություններ կատարվել են մարզի 8 համայնքներում: Կազմվել են համապատասխան արձանագրություններ, որոնց հիման վրա առաջարկվել է համայնքների ղեկավարներին՝ սահմանված ժամկետներում շտկել թերությունները եւ ձեռնարկել միջոցներ՝ հետագայում նմանատիպ բացթաղումներ եւ թերություններ չկրկնելու համար:
«Գրեթե բոլոր ուսումնասիրված համայնքներում հայտանբերված խախտումները եւ բացթողումները բովանդակային առումով նույնն են: Այսպես, հողաշինարարության եւ հողօգտագործման բնագավառում աճուրդների եւ մրցույթների հայտարարությունները տրվում են թերություններով, մասնավորապես ճիշտ չեն նշվում հայտերի ընդունման ժամկետները, ենթակառուցվածքների մասին տեղեկությունները, կառուցապատվող հողամասերի դեպքում՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքները: Դեռեւս չվարձակալված գյուղ նշանակության հողատարածքների համար մրցույթներ չեն հայտարարվում կամ հայտարարվում են ուշացումով, վարձավճարներ գանձվում են պայմանագրով սահմանված ժամկետների ուշացումներով, կան համայնքներ, որտեղ առկա են խոշոր ապառքներ, սակայն պայմանագրերը չեն վերանայվում: Վարձակալության պայմանագրերը չեն ներկայացվում պետական գրանցման: Համայնքների մեծ մասում արոտավայրերն օգտագործվում են առանց վարձավճարների գանձման եւ պայմանագրեր չեն կնքվում: Քաղաքաշինության ոլորտում շատ համայնքներում չեն կազմվել համայնքի գլխավոր հատակագծերը եւ գոտեւորման նախագծերը: Ճարտարապետահատակագծային առաջադրանքները թերի են լրացվում հիմնականում շինարարության եւ ճարտարապետության բնագավառում նեղ մասնագիտական գիտելիքներով մասնագետների բացակայության պատճառով: Ֆինանսական ոլորտում համայնքներում դեռեւս չի ներդրվել հանրային հատվածի հաշվապահական հաշվառումը, չի կատարվել հիմնական եւ շրջանառու միջոցների վերագնահատում: Ծախսերը կատարվել են ոչ համապատասխան հոդվածներով: Համայնքներում «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներին պատկանող գյուղտեխնիկաները շահագործվում են ոչ լիարժեք կերպով: Շատ համայնքներում չկան կազմված հակաանասնահամաճարակային տեղական հանձնաժողովներ, որի վերաբերյալ բազմիցս զգուշացվել է: Համայնքների գերակշռող մասում թերություններով են վարվում զինապարտների հաշվառման գրանցամատյանները, փոփոխությունների դեպքում չեն թարմացվում զորահավաքային մարմինների կազմերը»-զեկուցեց Վանիկ Հարությունյանը: Անդրադառնալով առաջ քաշված խնդիրներին ու բացթողումներին՝ մարզպետն առաջարկեց համայնքների ղեկավարներին՝ ամենասեղմ ժամկետներում վերացնել բոլոր բացթողումները եւ չկրկնել նույն կարգի խախտումները: «Այս ուսումնասիրություններն արվում են ոչ թե հատուկ ձեզ համար պատիժներ սահմանելու, այլ հայտնաբերված սխալները չկրկնելու նպատակով: Աշխատեք սխալներ թույլ չտալ, գործել միայն օրենքի դաշտում: Կրկին հորդորում եմ բոլորիդ՝ ձերբազատվել իրենց մասնագիտությանն ու աշխատանքին չտիրապետող կադրերից, այլապես այդ սխալները մեզ կշարունակեն ուղեկցել»,-հավելեց մարզպետը:
Օրակարգային երրորդ՝ մարզում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը: Նա նշեց, որ 2019 թվականին ՀՀ Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածություններն այսօրվա դրությամբ, ըստ համայնքներից ներկայացված տեղեկանքների, կազմում են 47 հազար 12 հեկտար, որից 22 հազար 64 հեկտարը կազմում են հացահատիկի, 9156 հեկտարը՝ կերային մշակաբույսերի, 5260 հեկտարը՝ կարտոֆիլի, 414 հեկտարը՝ կերային, 18,5 հեկտարը՝ տեխնիկական մշակաբույսերի ցանքերը: Գարնանացանի աշխատանքները դեռևս շարունակվում են: Վարելահողերի օգտագործումը կազմել է 45.2 տոկոս:
«Մարզում 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա է 102501 գլուխ խոշոր, 93037 գլուխ մանր եղջերավոր անասուններ, 16665 գլուխ խոզ, 42108 մեղվաընտանիք: «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակներում այս տարի նախատեսված է 597 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ, տեխնիկայի ձեռքբերման համար էլ կհատկացվի 500 մլն դրամ՝ 70 միավոր տեխնիկա ձեռք բերելու նպատակով: «Ֆինասական վարձակալության լիզիգի պետական աջակցության» ծրագրով 2019 թվականի հունվարից առ այսօր 15 լիզինգառուներ ձեռք են բերել 19 միավոր գյուղտեխնիկա, որից 14-ը՝ տրակտոր: 2018 թվականին տրված ոռոգման ջրի դիմաց մարզի համայնքները «Գեղարքունիք» ՋՕԸ -ին պարտք են մնացել 9 միլիոն 911 հազար 900 դրամ, գանձման աշխատանքները ընթացքի մեջ են: ՋՕԸ -ի կողմից սկսվել է ջրօգտագործողների հետ պայմանագրերի կնքման աշխատանքները: Արդեն պայմանագրեր են կնքվել 175 շահառուների հետ, աշխատանքները ընթացքի մեջ են: Նշեմ նաև, որ 2019 թվականի ոռոգման աշխատանքները անխափան կազմակերպելու համար ՋՕԸ-Ի կողմից իրականացվում են ներտնտեսային ցանցերի մաքրման, նորոգման, պոմպակայանների վերանորոգման և այլ նախապատրաստական աշխատանքներ: Հուսանք, որ ոռոգման սեզոնին պոմպակայանները, խորքային հորերն ու ջրատարները պատրաստ կլինեն ժամանակին և անխափան ջրամատակարարմանը»,-ներկայացրեց Համբարձում Համբարձումյանը:
«Գեղարքունիք» ՋՕԸ տնօրեն Կարեն Սարգսյանը ոռոգման շրջանն անխափան ու ժամանակին կազմակերպելու համար խնդրեց մարզպետարանի եւ համայնքների ղեկավարների աջակցությունը եւ համագործակցությունը:
«Սեւան Ազգային Պարկ»-ի տնօրեն Վահե Գուլանյանը խոսեց Սեւանա լճի ափամերձ անտառների՝ ջրածածկման ենթակա անտառների մաքրման աշխատանքների կազմակերպման նախնական հայեցակարգի եւ «Սեւան Ազգային պարկ»-ի տարածքում անասունների արածեցումները կանխելու հարցերի մասին՝ հայցելով մարզպետարանի եւ համայնքների ղեկավարների համագործակցությունը:
Նիստի աշխատանքների ավարտին մարզպետ Գնել Սանոսյանն անդրադարձավ տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման, անասնահամաճարակների դեմ պայքարի եւ աղբահանության կազմակերպման միջոցառումներին: «Գեղամասար համայնքի Նորաբակ գյուղում անասնահամաճարակի դեպք է գրանցվել, որի օջախը մարելու ուղղությամբ դեռեւս անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել: Հարկավոր է սեղմ ժամկետում պատկան մարմինների հետ համագործակցությամբ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ հետագա բռնկումները կանխելու համար: Հարկավոր է նաեւ հետեւողականորեն բարձրացնել տեղական բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը, որը դեռ գոհացուցիչ չէ»,-հանձնարարեց մարզպետը: Գնել Սանոսյանը մի քանի լավ լուր հաղորդեց մարզխորհրդի նիստի մասնակիցներին: «Ընթացքում է «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» հերթական փուլը, որտեղ այսօր մեր ներկայացուցիչները եւս մասնակցում են ծրագրի տնօրենի ընտրությանը: Հույս ունեմ, որ այն գործողության մեջ կդրվի 2020 թվականի գարնանից, սակայն մինչ այդ մենք պետք է շարունակենք պատշաճ աղբահանություն իրականացնել՝ շարունակ նվազեցնելով շրջակա միջավայրի աղտոտվածությանը: Երկրորդ լավ լուրն այն է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից մարզի 15 համայնքներում այս տարի կառուցվելու են ֆուտբոլի փոքր խաղադաշտեր»,-եզրափակեց մարզպետ, մարզային խորհրդի նախագահ Գնել Սանոսյանը:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 12:55:21