Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի դպրոցներին հրաժեշտ տվեցին 1591 շրջանավարտ

24.05.2019

Մայիսի 24-ին ,«Վերջին զանգ» կամ «Վերջին դաս» միջոցառումների առթիվ շրջանավարտներին շնորհավորելու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելեց Լճափի, Չկալովկայի, Լճաշենի և Գագարինի միջնակարգ դպրոցներ: Մարզպետը շրջայց կատարեց դպրոցներում, ծանոթացավ շենքային պայմաններին և հնարավորություններին, զրուցեց մանկավարժների հետ: Դպրոցներում Գնել Սանոսյանը դիտարկեց նախնական զինվորական պատրաստության դասասենյակներում առկա ուսումնադաստիարակչական հնարավորությունները և հանձնարարեց կատարել գույքագրում՝ ՀՀ Պաշտպանության նախարարություն ներկայացնելու և անհրաժեշտ գույք ձեռք բերելու նպատակով:
Լճաշենի միջնակարգ դպրոցում Գեղարքունիքի մարզպետին դիմավորեցին դպրոցի շրջանավարտները և նույն դպրոցի 10-րդ դասարանի սան, Հայոց եկեղեցու պատմություն և հայ գրականություն առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում առաջին կարգի դիպլոմակիր Նարե Խանդանյանը, ում պատիվ շնորհվեց Գեղարքունիքի մարզպետին հանձնել վերջին զանգի խորհրդանիշ կրծքանշանը: Բոլոր դպրոցներում շրջանավարտները տոնական և հրաժեշտի ծրագիր էին նախապատրաստել, նրանք անմիջական զրույց ունեցան մարզպետ Գնել Սանոսյանի հետ, անկեղծացան իրենց երազանքների ու նպատակների շուրջ:
«Օրն իսկապես հիշարժան է և հուզիչ: Մենք ձեզ տեսնելով, վերապրում ենք մեր դպրոցական տարիները: Ակնհայտ է, որ կյանքի լավագույն և անկրկնելի տարիները՝ դրանք դպրոցական տարիներն են: Կյանքի ամենատարբեր բնագավառներում մուտք գործելով, դուք շատ ու շատ ընկերներ ձեռք կբերեք, սակայն դասընկերները անփոխարինելի են մնում ողջ կյանքում: Անկախ հանգամանքներից, թե որտեղ դուք կլինեք, չմոռանաք ձեր հայրենի տունը, դպրոցն ու բնակավայրը:Ես ցանկանում եմ, որպեսզի դուք շարունակեք ձեր ուսումը տարբեր հաստատություններում, ավելացնեք ու հարստացնեք ձեր գիտելիքները ողջ կյանքում, դառնաք մեր երկրի հզոր քաղաքացին: Շնորհավորում եմ ձեզ, ձեր ծնողներին և ուսուցիչներին, եղեք առողջ և երջանիկ»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Վերջին դաս» կամ «Վերջին զանգ» միջոցառումների ընթացքում մարզի շրջանավարտներին շնորհավորելու նպատակով մարզի տարբեր տարածաշրջանների դպրոցներ այցելեց նաև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչները:
Գեղարքունիքի մարզի միջնակարգ եւ ավագ դպրոցներին, նախնական տվյալներով, այս տարի հրաժեշտ տվեցին 1591 շրջանավարտ, որոնցից 1165-ը Գեղարքունիքի մարզպետարանի, 426-ը՝ ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող՝ ավագ դպրոցներից, Վարդենիկի կրթահամալիրից և Ծաղկունքի բաց դպրոցից: Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, մարզպետարանի ենթակայությամբ գործող 89 միջնակարգ դպրոցներին հրաժեշտ տվեցին 1165 շրջանավարտ, որոնցից երկուսը ոսկե մեդալի հավակնորդներ են: Մարզի միջնակարգ ու հիմնական դպրոցների իններորդ դասարանն ավարտեցին 2508 աշակերտ: Մայիսի 26-ին նրանք կենտրոնացված կարգով առաջին քննությունը կհանձնեն Հայոց լեզու առարկայից: Նրանց հետ միատեղ են քննություն հանձնելու նաեւ ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող Ծաղկունքի բաց դպրոցի եւ Վարդենիկի կրթահամալիրի իններորդ դասարարանի աշակերտները՝ թվով 38 հոգի: Կենտրոնացված քննությունները կայանալու են արդեն ձեւավորված քննական 20 կենտրոններում: ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական դպրոցների տնօրենների հավաստմամբ՝ Գավառի ավագ դպրոցն այս ուսումնական տարում տալու է 38, Ճամբարակի ավագ դպրոցը՝ 57, Մարտունու ավագ դպրոցը՝ 79, Սեւանի ավագ դպրոցը՝ 86, Վարդենիսի ավագ դպրոցը՝ 57, Ձորագյուղի ավագ դպրոցը՝ 50, Վարդենիկի կրթահամալիրը՝ 51 եւ Ծաղկունքի բաց դպրոցը՝ 8 շրջանավարտ: Ոսկե մեդալի մեկական հավակնորդներ են ներկայացրել Մարտունու եւ Սեւանի ավագ դպրոցները:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59