Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

« Մոդուլար Կոնստրուկցիոն» ընկերության տնօրենը Գեղարքունիքի մարզպետին ներկայացրեց մոդուլային տուրիստական ավանի կառուցման ծրագիրը

21.05.2019

Մայիսի 21-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց « Մոդուլար Կոնստրուկցիոն » ընկերության տնօրեն Ակիմ Պողոսյանին, ով հանդիպման ընթացքում ներկայացրեց իրենց կազմակերպության կողմից Գեղարքունիքի մարզում նախատեսվող մոդուլային տուրիստական ավանի կառուցման ծրագիրը: Ըստ Ակիմ Պողոսյանի՝ ընկերությունը, որը ստեղծվել է կես տարի առաջ, գործունեություն է ծավալում Երեւանում, Լոռու եւ Տավուշի մարզերում՝ իրականացնելով կառույցներ թեթեւ կոնստրուկցիաներով: «Մենք նախատեսում ենք Սեւանա լճի ափին կառուցել մոդուլային տուրիստական ավան, որը կհանդիսանա էկոտուրիզմի կենտրոն Գեղարքունիքի մարզում: Համաձայն նախագծի գաղափարի՝ այն կառուցվելու է փայտե կամ մետաղական կոնստրուկցիաներով ու եվրապանելներով: Ծրագրի նախագծային արժեքը կազմում է 4,5 միլիոն ԱՄՆ դոլար: Մենք հանդիպում ունեցել ենք «Սեւան Ազգային պարկ»-ի տնօրինության հետ՝ քննարկելով տարածքի ընտրության ու հատկացման խնդիրը: Տուրիստական ավանը տարածվելու է 4 հեկտարի վրա: Այն կառուցվելու է ամենասեղմ ժամկետներում, քանի որ շինարարության համար օգտագործվելու են միայն թեթեւ կոնստրուկցիաներ, իսկ կառույցը սեյսմիկ տեսանկյունից լինելու է բացառապես անվտանգ: Մենք պատրաստ ենք թեթեւ կոնստրուկցիաներով կառուցել նաեւ բուժամբուլատորիաների, բնակելի, ինչպես նաեւ փոքր դպրոցական շենքեր: Եվ այս խնդիրներում ակնկալում ենք համագործակցություն Գեղարքունիքի մարզպետարանի հետ»-ներկայացրեց Ակիմ Պողոսյանը:
Հավանություն տալով ներկայացված ծրագրի գաղափարին՝ մարզպետ Գնել Սանոսյանը միաժամանակ կազմակերպության հետ համագործակցության պատրաստակամություն հայտնեց: «Ինձ դուր եկավ ծրագրի գաղափարը, որը մեր կողմից կստանա համապատասխան աջակցություն: Այժմ կառավարությունը ստեղծում է մի հարթակ, որտեղ ներկայացվում են ներդրումային ծրագրերի նախագծեր: Այս նախագիծը մեր կողմից կներկայացվի այդ հարթակում: Մյուս կողմից մենք «Սեւան Ազգային պարկ»-ի հետ համատեղ կհստակեցնենք թե կառուցապատման տարածքը, թե հողհատկացման կարգը, որը կարող է տրվել ինչպես մրցույթով, այնպես էլ՝ ՀՀ կառավարության որոշմամբ, եթե տվյալ ծրագիրը դիտվում է արդյունավետ: Մեզ մնում է համատեղ այս նախագիծը դարձնել ամբողջական փաթեթ՝ ՀՀ կառավարության ուշադրությանը ներկայացնելու համար»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55