Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիք գյուղում բացվեց Արցախյան ազատամարտի եւ Ապրիլյան հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը

14.05.2019

Գեղարքունիք գյուղում, բարերարությամբ Գեղարքունիք գյուղի նախկին բնակիչ, Ռուսաստանի Դաշնությունում գործարարությամբ զբաղվող Էդիկ Առաքելյանի, քանդակագործությամբ Հակոբ Հակոբյանի ու վարպետությամբ Վանիկ Գրիգորյանի, հանդիսավորությամբ բացվեց Արցախյան ազատամարտի եւ Ապրիլյան հերոսամարտերի զոհերի հուշարձանը: Հուշարձանի բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տարածքային կառավարման վարչության պետ Արթուր Սողոմոնյանը, Գեղարքունիքի գյուղապետ Կարապետ Ասատրյանը, Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի մանկավարժները եւ աշակերտները, համայնքների ղեկավարներ, Գեղարքունիքի մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, Գեղարքունիք գյուղի բնակիչներ: Հուշարձանի բացման պատիվը տրվեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին եւ բարերար Էդիկ Առաքելյանին: Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվ Տեր Ներսես քահանա Սահակյանը:
« Այսօր մենք եւս մեկ անգամ հուզմունքի եւ հպարտության պահ ենք ապրում: Այս հուշարձանի բացմամբ մենք վերհիշեցինք այն ծանր տարիները, երբ մեր ժողովուրդը կենաց-մահու կռիվ էր մղում հայրենափրկության համար: Ու այն հայրենիքը, որ այսօր ունենք, արդյունքն է մեր քաջերի գործած սխրանքների: Նրանք ապացուցեցին, որ մենք հզոր ժողովուրդ ենք, այնպիսի ժողովուրդ, որը թշնամու ցանկացած ոտնձգության դեպքում կարողանում է վերածվել անպարտելի բանակի: Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել բարերարին՝ նման գեղեցիկ հուշարձան սերունդներին թողնելու, գյուղի հոգսերը թեթեւացնելու համար: Այս հուշարձանը միաժամանակ կխորհրդանշի Գեղարքունիք գյուղի այն հերոսներին, ովքեր զոհվել են Արցախում: Խաղաղություն եմ մաղթում մեր հայրենիքին ու կամենում, որ այլեւս չլինեն պատերազմներ, իսկ մեր երիտասարդները հաջողություններ ու հաղթանակներ գրանցեն միայն գիտության, արվեստի, մարզական ոլորտներում»,- ներկաներին դիմեց մարզպետ Գնել Սանոսյանը:
«Իմ ցանկությունն այն է, որ սերունդները ոչ մի ժամանակ չմոռանան մեր հերոսներին, ովքեր իրենց կյանքի գնով փրկեցին Հայաստանն ու Արցախը, անառիկ պահեցին մեր սահմանները: Բայց այս հուշարձանի կառուցումից հետո շատ ավելի ցանկանում եմ, որ մենք բացենք ոչ թե տխրության, այլ ուրախության հուշարձաններ՝ նվիրված մեր համազգային հաջողություններին: Անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ եմ մաղթում մեր բանակի բոլոր զինվորներին, ովքեր այս պահին հսկում են մեր սահմանները, երաշխավորում մեր հողի խաղաղությունը»,- նշեց բարերար Էդիկ Առաքելյանը:
Գեղարքունիք համայնքի ղեկավար Կարապետ Ասատրյանը եւ համայնքի բնակիչ Նորիկ Հովհաննիսյանն իրենց խոսքերում շեշտեցին բարերար Էդիկ Առաքելյանի հանրօգուտ դերը գյուղի կյանքում:
«Այս հուշարձանը հայ սերունդներին պետք է պատգամի միշտ զգոն եւ ուժեղ լինելու մասին: Աստված մի արասցե, եթե թուրքն անցներ Արցախով ու Հայաստանով: Այդ դեպքում մենք կապրեինք երկրորդ ցեղասպանությունը: Իսկ այն չիրականացավ միայն ու միայն մեր հերոս տղաների շնորհիվ, որոնց գործը պետք է պահպանենք ու շարունակենք սրբորեն»,-ներկաներին դիմեց Արցախյան ազատամարտի մասնակից Անուշավան Հովսեփյանը: Ներկաներին գրական-երաժշտական կատարումներով ողջունեցին Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները, հայրենասիրական ու հեղինակային երգերի կատարմամբ՝ Գեղարքունիք գյուղի զավակ Ժորա Գրիգորյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06