Նորություններ
«Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» ներդրումային-գործարար համաժողովն անցկացվեց գործարարների ընդլայնված կազմով
11.05.2019
Մայիսի 11-ին Գավառ քաղաքի Լեւոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ու ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» ներդրումային-գործարար համաժողով և տեղական արտադրանքի «ԷՔՍՊՈ» ցուցահանդես։ ներդրումային գործարար համաժողովի նպատակն էր՝ մարզի տնտեսության եւ համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում եւ արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող հայ եւ արտասահմանցի գործարարներին:
Համաժողովի աշխատանքներին մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ մարզպետներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական եւ մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ խոշոր, միջին եւ փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, տեղի կամ արտասահմանցի ներդրողներ ու գործարարներ, բանկային կառույցների ղեկավարներ, փորձագետներ, գիտնականներ, վերլուծաբաններ, լրագրողներ, պետական ու հասարակական շրջանակների այլ ներկայացուցիչներ:
«Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» ներդրումային գործարար համաժողովը մեկնարկեց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ողջույնի խոսքով. «Գեղարքունիքի մարզի կազմավորումից ի վեր նման համաժողով մարզում առաջին անգամ է անցկացվում։ Գեղարքունիքի մարզը տարիների ընթացքում ավելի է մեծացնելու իր դերն ու նշանակությունը։ Հաշվի առնելով օր օրի աշխարհում առաջացող քաղցրահամ ջրի խնդիրը, Գեղարքունիքի մարզը դառնալու է աշխարհի կարևոր տարածաշրջաններից մեկը: Այսօրվա մեր համաժողովին մասնակցում են 110 գործարար, որոնցից 72-ը՝ արտերկրից։ Նրանք տարբեր երկրներից են՝ ԱՄԷ, Չինաստան, Ֆրանսիա, Իտալիա, Քուվեյթ, Իրան, Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Ղազախստան։ Հատկապես ՌԴ-ից, Ուկրաինայից ու Ղազախստանից ժամանած գործարարները, որոնց թիվը 47-ն է, ծնունդով Գեղարքունիքի մարզից են: Ես շատ կուզեմ, որ այս համաժողովն առիթ հանդիսանա, որպեսզի նրանք տեղափոխվեն այստեղ, ապրեն ու արարեն Հայստանում: Մենք հատկապես առաջնություն ենք տալիս գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ վերականգնվող էներգետիկայի զարգացմանը, և մեր այսօրվա համաժողովը հիմնականում նվիրվելու է այս երեք ոլորտներին: Գյուղատնտեսության զարգացման համար անչափ նպաստավոր են 345600 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերը, որոնց հաշվենկատ օգտագործման դեպքում մենք կբազմապատկենք հացահատիկային, բանջարբոստանային ու կերային մշակաբույսերի, պտուղների արտադրությունները, անասնագլխաքանակը, զարկ կտանք գյուղմթերքների վերամշակման ձեռնարկությունների զարգացմանը: Անտարակույս, այսօր մենք գյուղատնտեսության ոլորտում օգտագործում ենք մեր ներուժի ու ռեսուրսների ոչ լիարժեք ու բավարար մասը՝ գրեթե բոլոր ճյուղերում ունենալով արդիականացման, ենթակառուցվածքների ստեղծման ու զարգացման խնդիրներ:
Տուրիզմի զարգացման համար անչափ նպաստավոր են Սեւանա լիճը, բնության ու պատմության բազմաքանակ հուշարձանները, բացառիկ լանդշաֆտները, անտառային ու մարգագետնային գոտիները, ավանդույթներով հարուստ գյուղական բնակավայրերը, հյուրանոցային համալիրները, հյուրատները, տուրիստական հանգրվանները:Զարգացման կայուն ճանապարհի վրա են հնագիտական, արկածային, ձիարշավային, ջրային, լեռնային, այլ նշանակության տուրիստական ուղղությունները:
Մեզանում նոր արմատավորվող այլընտրանքային էներգետիկայի արտադրության ոլորտի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում թե տեղի, թե օտարերկրյա ներդրողները: Դրա համար հիմնական խթան են հանդիսանում տարվա ավելի քան 300 արեւոտ օրերը եւ մեծ ուժգնության քամիները:Արեւային ֆոտովոլտային առաջին կայաններն արդեն էլեկտրաէներգիա են արտադրում, ընթացքի մեջ են նոր կայանների կառուցման ծրագրերը, իսկ հողմային էներգետիկ կայանների կառուցման ծրագրերը գտնվում են ուսումնասիրությունների փուլում:
Ինչպես հավաստում են համագործակցության նպատակով մեզ հետ բանակցող շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները, այլընտրանքային էներգիայի արտադրության մեր հնարավորությունները գնահատվում են մեծ հզորություններով, ինչը նշանակում է, որ մոտակա տարիներին մեր մարզը ծածկված կլինի արեւի եւ քամու էլեկտրաէներգիայի արտադրության կայաններով, որոնց առկայությունը զարկ կտա մեր տնտեսության տարբեր ճյուղերին:
Բացի նշածս գերակա ոլորտները, ընթացքի մեջ կամ նախնական փուլում են գտնվում տնտեսական զարգացման բազմազան ծրագրեր, որոնք վերաբերում են հանքահումքային, թեթեւ արդյունաբերությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ու այլ ոլորտներին, որտեղ եւս հանդես են գալիս ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանցի ներդրողները:
Ես ուզում եմ Գեղարքունիքի մարզպետարանի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության անունից շնորհակալոթւյուն հայտնել համաժողովի մասնակիցներին և համաժողովի կայացման հարցում մեր գործընկեր հովանավորներ «Հայբիզնեսբանկին» ու «Կապավոր» ՍՊԸ-ին:
Մեծարգո վարչապետ, համաժողովի հարգելի մասնակիցներ, վստահ եմ, որ այս համաժողովը հարթակ կհանդիսանա նոր գործարար կապերի և ձեռքբերումների համար, և ես, որպես կառավարության ներկայացուցիչ ու մարզպետ, վստահեցնում եմ, որ պատրաստ եմ յուրաքանչյուրիդ անձնապես աջակցել, յուրաքանչյուրի հետ աշխատել առանձին առանձին, որպեսզի ամեն գործարար ու ներդրող կարողանաթե Գեղարքունիքում, թե Հայաստանի Հանրապետությունում ծավալել տնտեսական գործունեություն: Բարի գալուստ Սեւանա լիճն իր սրտում կրող մարզ»,-ողջույնի խոսքում նշեց մարզպետը։
Ապա համաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք ուզում ենք հստակ արձանագրել, որ ՀՀ-ից իսկապես մենաշնորհային տրամաբանությունը վերացել է, կոռուպցիոն տրամաբանությունը վերացել է, և մենք կարող ենք բոլոր նախագծերը բաց, հրապարակային, թափանցիկ քննարկել։ Մենք ուզում ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում, և դա կառավարության համար առաջնահերթություն է, բոլոր տնտեսական խաղացողների համար պետք է ապահովվեն հավասար պայմաններ։ Ես հիմա չեմ ասում, որ արդեն իսկ ապահովվել են լիարժեք հավասար պայմաններ, որովհետև հասկանում եմ, որ մեկ տարվա ընթացքում մեր ձեռնարկած գործողությունները շատ բան փոխել են, բայց մենք նաև մեկ տարվա արդյունքում նորից պետք է հետազոտենք դաշտը, հասկանանք, թե որտեղ են, որ մնացել են անարդարության կամ մենաշնորհային կամ արտոնյալության որոշակի դրսևորումներ, և մենք պետք է այդ դրսևորումները վերացնենք ոչ թե ի հեճուկս ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի, այլ հանուն Հայաստանի տնտեսական զարգացման, հանուն Հայաստանի ներդրումային միջավայրի զարգացման։ Այս կարգի համաժողովները իսկապես կարևոր են, որ մենք բարձրաձայն կարողանանք մտածել միասին, թե որտեղ ինչ հնարավորությունները կարող են լինել ներդրումային կամ տնտեսական զարգացման համար նպաստավոր: Գործարարությունը առանձնահատուկ տաղանդ պահանջող գործունեության տեսակ է, և ես համոզված եմ, որ Հայաստանում ու Հայաստանից դուրս ունենք բազմաթիվ տաղանդավոր գործարարներ, որոնք հետաքրքրված են Հայաստանով, պատմական Հայաստանով ու հետաքրքրված են Նոր Հայաստանում, այն նոր հնարավորություններով, որոնք ստեղծվել են Նոր Հայաստանում։ Մեկ տարի է անցել արդեն, որ Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, և մեկ տարվա արդյունքներով մենք արձանագրում ենք, որ մեր մտքերի ընթացքը ճիշտ է, մենք ճիշտ ուղղությամբ ենք գործում, ճիշտ ուղղությամբ ենք քայլում, մտածում։ Եվ մեր մեծագույն խնդիրն է՝ գործարարներին քաջալերենք, որպեսզի նրանք գործունեություն ծավալեն Հայաստանում, հարստանան իրենք և հարստացնեն Հայաստանի Հանրապետությունը»,- նշեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Համաժողովի մասնակիցներին ներկայացվեց «Գեղարքունիքի մարզի տնտեսական հնարավորությունները եւ զարգացման տեսլականը» ֆիլմը, որից հետո կայացացավ պանելային քննարկում՝ «Ներդրումային միջավայրը Հայաստանում» խորագրով: Պանելային քննարկմանը մասնակցեցին ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գեւորգ Քամալյանը, ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը: Պանելային քննարկման հիմնական թեման վերաբերում էր որպես ներդրումային թիրախ հանդիսացող երեք ուղղություններին՝ գյուղատնտեսությանը, զբոսաշրջությանը եւ վերականգնվող էներգետիկային: Գյուղատնտեսության զարգացման ներկա վիճակն ու զարգացման տեսլականը ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գեւորգ Քամալյանը, վերականգնվող էներգետիկայինը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, զբոսաշրջությանը՝ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը: ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը ներկայացրեց այս երեք ոլորտների զարգացմանը խոչընդոտող օրենսդրական փոփոխությունների նախագծերը: Մարզպետ Գնել Սանոսյանի դիտարմամբ՝ վերոնշյալ երեք ոլորտների զարգացման հիմնական խոչընդոտները թույլ ենթակառուցվածքներն են, որոնց զարգացման համար այս տարի ՀՀ կառավարությունը զգալի միջոցներ է ներդրել: «Միայն այս տարի Գեղարքունիքի մարզում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նախագծերի միջոցով կհիմնանորոգվի կամ ամբողջովին կկառուցվի 66 կմ ճանապարհ՝ մոտ 6 մլրդ դրամով։ Մարզպետարանի և Տարածքային կառավարման և զարգացման նախարարության սուբվենցիոն ծրագրերի միջոցով ևս 2.5 մլրդ դրամի ճանապարհաշինարարական աշխատանքներ կարվեն։ Մոտ 22 ոռոգման ցանցեր կկառուցվեն այս տարի, խմելու ջրի ցանցեր։ Բազմաթիվ նախագծեր կան, որոնք հիմա հաստատման փուլում են, որպեսզի մենք հողերի կատեգորիաները փոխենք և կարողանանք մեր գործընկերներին տրամադրել՝ արևային կամ քամու էլեկտրակայաններ կառուցելու համար: Այդ ճանապարհների բարեկարգումն ուղղված է մարզի զբոսաշրջության զարգացմանը խթանելուն։ Զբոսաշրջության զարգացման առումով նախորդ տարի ասֆալտապատվեց Հայրավանք գնացող ճանապարհը։ Այս տարի նախագծում ունենք Մաքենիսի եւ Վանեվանի վանական համալիր գնացող ճանապարհների ասֆալտապատումը, որպեսզի մեր մարզի զբոսաշրջության պոտենցիալը մեր պատմաճարտարապետական հուշարձաններ գնացող ճանապարհները բարեկարգելու միջոցով կարողանանք իրացնել»,- նշեց Գնել Սանոսյանը։ Պատասխանելով հարցերից մեկին՝ մարզպետը շեշտեց, որ վերականգնվող էներգետիկայի համար կատարվող հողհատկացումները ոչ մի կերպ չեն արվելու գյուղատնտեսական արտադրություն ապահովող հողերի հաշվին: «Մենք ունենք տասնյակ հազարավոր հեկտարների հասնող վարելահողեր, որոնք գյուղմթերքների արտադրության տեսանկյունից հսկայական նշանակություն ունեն, ուստի մենք չենք պատրաստվում ողջ մարզը ծածկել արեւային էներգիայի արտադրության պանելներով կամ հողմային կայաններով: Միեւնույն ժամանակ մեզ մոտ քիչ չեն այն տարածքները, որոնք քարքարոտ են, գյուղատնետսական նշանակության համար ոչ պիտանի, որոնք էլ կարող են ծառայել վերականգնվող էներգետիկայի զարգացմանը »,-շեշտեց Գնել Սանոսյանը:
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն առանձնացրեց Գեղարքունիքի մարզի զբոսաշրջության համար բավականին յուրահատուկ գործոնը: «Գեղարքունիքում զբոսաշրջության համար շատ կարևոր են ոչ այնքան խոշոր ներդրումները, որքան՝ ստեղծարար միտքը և գործարար ջիղը: Կալավանն ու Դրախտիկը դրանց վառ օրինակներն են, որտեղ այժմ զբոսաշրջության ոլորտում ներդրումներ են արվում ստեղծարար ձեռնարկների շնորհիվ»,-նշեց նա:
Այնուհետ համաժողովում ներկայացվեցին մարզում հաջողված 6 բիզնես ծրագրեր, ընթացքի մեջ գտնվող ներդրումային 8 ծրագրեր, ապա՝ ներդրումային ծրագրերի 19 գաղափարներ: Համաժողովն ընդմիջվեց «ԷՔՍՊՈ» ցուցահանդեսով եւ հյուրասիրությամբ: Ցուցահանդեսին ներկայացված էին Գեղարքունիքի մարզում արտադրվող գյուղմթերքներ, սոցիալական ձեռնարկությունների թողարկած արտադրանքների տեսականիներ, օրգանական պարարտանյութերի նմուշներ:
Համաժողովի ավարտին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին ներդրումային և գործարար միջավայրի բարելավմանը, բնապահպանական ու հողերի արդյունավետ օգտագործման հետ կապված խնդիրներին: ՀՀ Վարչապետը հատկապես կանգ առավ շրջակա միջավայրը կենցաղային աղբի թափոններից զերծ պահելու խնդրին: «Աղբի խնդիրը լուծելու համար մենք պետք է պարբերաբար շաբաթօրյակներ անցկացնենք։ Տեղական ինքնակառավարման մարմինները պետք է լուրջ աշխատեն, բայց դրա համար կա շատ ավելի լուրջ նախապայման՝ ՀՀ-ում պետք է ծխող և ծխախոտը գետնին գցող քաղաքացի չլինի, ջուրը խմող, շիշը նետող քաղաքացի չլինի, պաղպաղակն ուտող, թուղթը նետող քաղաքացի չլինի»,- ասաց վարչապետը։ Անդրադառնալով նույն խնդրին՝ մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ կառավարությունում այժմ արվում է հնարավորը, որպեսզի շատ մոտ ժամանակներում գործողության մեջ դրվի «Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիրը», որով էլ հիմնավորապես Գեղարքունիքում լուծված կլինի շրջակա միջավայրը կոշտ թափոնների աղտոտումից զերծ պահելու խնդիրը: Համաժողովը փակվեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի եզրափակիչ ելույթներով: «Կարծում եմ՝ մեր այսօրվա քննարկումը ստացվեց։ Մարզային համաժողովները գնալով ավելի հետաքրքիր են դառնում։ Շատ կարևոր է այս քննարկումը, որովհետև սա մտագրոհի ազդեցություն ունի, և մենք տեսանք, թե ինչ պոտենցիալ ու հետաքրքիր ծրագրեր կան այստեղ։ Իհարկե, կառավարությունն ամեն ինչ կանի, որպեսզի այդ լավ ու կենսունակ գաղափարները Հայաստանում օգտագործվեն, և դրանց հեղինակներին հաջողություն բերելու իրական հնարավորություն ունենան։ Ամեն անգամվա հետ համոզվում ենք, որ այս մարզային համաժողովների գաղափարն արդարացվում է։ Այսպիսի կենդանի շփումները շատ կարևոր են, և հույս ունեմ, որ այս համաժողովի արդյունքում պոտենցիալ ներդրողները ավելի կոգևորվեն»,- ասաց Փաշինյանը։
Համաժողովին իր գնահատականը տվեց նաև մարզպետ Գնել Սանոսյանը: «Բոլորից շնորհակալ եմ՝ այս օրը մեզ հետ անցկացնելու համար:Ես կարծում եմ՝ Գեղարքունիքի մարզի պատմության մեջ առաջին համաժողովը ստացվեց։ Պատրաստ ենք այսուհետ նորից աշխատել իրար հետ, բոլորիդ լսել, բոլորիդ հետ անհատական աշխատել, որ այս ծրագրերն ու այլ ծրագրեր կյանքի կոչվեն»,- ասաց Գնել Սանոսյանը։