Նորություններ
Գեղարքունիքում հանդիսավորությամբ նշում են Մայիսյան հաղթանակների տոնը
09.05.2019
Մայիսյան եռատոների առթիվ մայիսի 9-ին Գավառ քաղաքի Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձաններին ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, մարզային և քաղաքային ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների, մարզի կրթամշակութային հաստատությունների, ուժային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, դպրոցականներ, անհատ քաղաքացիներ: Հաղթանակների առթիվ ղեկավար այրերը շնորհավորեցին հերոսամարտերի վետերաններին, երկրապահներին, զրույց ունեցան նրանց հետ: «Շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան օրվա առթիվ: Բոլոր տոներն ու հաղթանակներն էլ կարևոր նշանակություն ունեն, սակայն այս օրը ուզում եմ առավելապես կարևորել, քանզի այն նաև Շուշիի ազատագրաման օրն է: Իմ խոնարհումն եմ բերում բոլոր այն տղաներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հայրենիքի պաշտպանության գործում, թե՛ Հայրենական Մեծ պատերազմի, թե՛ Շուշիի ազատագրման, թե՛ Արցախյան հերոսամարտերի ընթացքում, և մի մեծ ցանկություն ունեմ, որ սրանից հետո մեր բոլոր հաղթանակները գրանցվեն տնտեսության, գիտության, սպորտի և այլ ոլորտների առաջընթացի ու զարգացման համար: Թող երբեք պատերազմներ չլինեն: Խաղաղություն մեր երկրին»,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Այնուհետև Գեղարքունիքի մարզի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն՝ ի հիշատակ Մեծ Հայրենականում և Շուշիի ազատագրման պայքարում իրենց կյանքը նվիրաբերած հերոսների, կատարվեց մոմավառություն: «Աղոթենք, որ երբեք ու երբեք պատերազմներ չլինեն: Այս հաղթանակները, որ զարդարում են մայիս ամիսը, թող մեր սերունդների համար բացեն նոր ու լուսավոր ուղի: Աղոթենք, որպեսզի նրանք ապրեն խաղաղ ու ստեղծարար կյանքով: Թող Աստված օրհնի բոլորիս, ուժ և կարողություն մեր երկրին »,- նշեց Գեղարքունյաց թեմի հոգևոր հովիվ տեր Գնել քահանա Մարտիրոսյանը: Այնուհետ Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցում կայացավ գրական-երաժշտական ցերեկույթ, որի ընթացքում մեծարվեցին Հայրենակյան մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի վետերանները՝ Գավառի համայնքապետարանի կողմից արժանանալով շնորհավորանքների եւ դրամական պարգեւների:
Հաղթանակի օրը շուքով նշվեց նաեւ մարզի մյուս քաղաքային եւ գյուղական համայնքներում, որտեղ նույնպես կատարվեցին ծաղկեդրման արարողություններ, գրական-երաժշտական ցերեկույթներ, համայնքապետարանների կողմից խրախուսվեցին հերոսամարտերի վետերանները: