Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառում մեկնարկեց ՀՀ Քաղաքացու օրվան նվիրված տոնակատարությունը

27.04.2019

ՀՀ Քաղաքացու տոնին նվիրված Գեղարքունիքի մարզային միջոցառումը Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում հանդիավորությամբ ու ծառատունկով մեկնարկեց ապրիլի 27-ի ժամը 10-ից, կենտրոնական հրապարակի տարածքում:Տոնակատարությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզից ընտրված ՀՀ ԱԺ պատգամավորներ, Գեղարքունիքի մարզի քաղաքային ու գյուղական բոլոր համայնքների ղեկավարները, կրթամշակութային ու առողջապահական հաստատությունների տնօրեններ ու աշխատակիցներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, ուսանողներ ու դպրոցականներ, բազմաթիվ անհատ քաղաքացիներ: «Օգտվելով առիթից՝ Քաղաքացու օրվա առթիվ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, հատկապես Գեղարքունիքի մարզի բնակիչներին:Քանի որ այս տոնը մենք առաջին անգամ ենք նշում, որոշեցինք այս տարի այն կազմակերպել միայն մարզկենտրոնում՝ մյուս համայնքների մասնակցությամբ, իսկ հաջորդ տարի արդեն այն շուքով կնշվի մարզի բոլոր բնակավայրերում:Օրը հագեցած է տոնական բազմաբնույթ ու հետաքրքիր միջոցառումներով: Իսկ ինչո՞վ է կարեւոր ու առանձնահատուկ այս տոնը: Մենք այսօր արդեն հիշատակում ու կարեւորում ենք այն փառահեղ օրերը, երբ մեր երկրում դրսեւորվեց քաղաքացիական բարձր գիտակցություն, երբ իրականացվեց հեղափոխության մի տեսակ, որը յուրահատուկ էր, յուրօրինակ, եւ այն աշխարհում ոչ մի տեղ չի կրկնվել: Այդ հեղափոխությունը մենք իրականացրեցինք երգով, պարով, սիրով, առանց արյան:Այս տոնը պետք է նշենք ամեն տարի ու ամրագրենք, որ այսուհետ երկրի իշխանությունը պատկանում է միայն ժողովրդին, ու մեր երկրի քաղաքացին է որոշելու պետության ճակատագիրը: Այժմ յուրաքանչյուր քաղաքացուց է կախված մեր երկրի զարգացման ընթացքը, քանի որ նա է համարվում գլխավոր արժեքը Հայաստանի Հանրապետությունում, ու այսուհետ այդպես է լինելու: Բոլորիդ մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն»,-ողջույնի խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Գավառի կենտրոնական հրապարակի շրջակայքում իրականացված ծառատունկից հետո կազմակերպվեց «Սպորտային Գավառ» խորագիրը կրող հեծանվավազքը, որին մասնակցեց նաեւ մարզպետ Գնել Սանոսյանը: Այնուհետ Գավառի մանկական այգում կազմակերպվեց հանրային քննարկում՝ «Իրազեկ քաղաքացի» թեմայով: Որպես բանախոսներ հանդես եկան մարզպետ Գնել Սանոսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Թագուհի Թովմասյանը, Հայկ Սարգսյանը, Սարգիս Խանդանյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը, «Իրազեկ քաղաքացի»ՀԿ նախագահ Դանիել Իոնեսյանը, Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը: Բանախոսները պատասխանեցին Գավառի պետական համալսարանի ուսանողների եւ այլ հետաքրքրասերների հարցերին: Քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ստեղծվել է շտապօգնության ու փրկարարական հերթապահ ծառայություն:Տոնական միջոցառումները կազմակերպել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը և Գավառի քաղաքապետարանը:

 

 

 

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-05-23 16:45:37