Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

24.04.2019

Ապրիլի 24-ին Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: Նրանց հիշատակն հավերժացնող խաչքարին ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերի, մարզային և քաղաքային ենթակայության կրթամշակութային և առողջապահական հաստատությունների, իրավապահ համակարգի աշխատակիցներ, Արցախյան ազատամարտի եւ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ, դպրոցականներ, բազմաթիվ քաղաքացիներ: ,, Հերթական անգամ մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին և դրանով աշխարհին ցույց տալիս, որ մեր ազգի նկատմամբ մեծագույն ողբերգություն է տեղի ունեցել, և այս հարգանքի տուրքով մենք ազդարարում ենք, որ ոչ մի երկիր մյուսների հանդեպ այդպիսի ոճրագործություն թույլ չտա: Մենք վերագտել ենք մեր ուժը և մեր ստեղծագործ աշխատանքով շենացնում ու հզորացնում ենք մեր հայրենիքը՝ դրանով իսկ ամոքելով անցյալից մնացած մեր վերքերը,,- արարողության մասնակիցներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Ծաղկեդրման արարողությունից հետո Գեղարքունյաց թեմի առաջնորդանիստ Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի կողմից մատուցվեց Բարեխոսության կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների: Հարգանքի տուրք մատուցվեց նաեւ մոմավառությամբ:

,, 104 տարի անցավ մեր ազգային ողբերգությունից, երբ 1,5 մլն հայ մարդիկ զոհ գնացին մի դիվային ծրագրի, որով նախատեսվում էր թողնել մեկ հայ, այն էլ՝ թանգարանի համար: Այսօր մեր մխիթարությունն է, որ Հոգեհանգստյան կարգի փոխարեն մատուցում ենք Բարեխոսության կարգ: Սրբադասված նահատակները մեզանից յուրաքանչյուրի հարազատներն են կամ արյունակիցները: Այսօր մենք մեր աղոթքն ենք բարձրացնում մեր հարազատ Սրբերին, որպեսզի նրանք բարեխոսեն Տիրոջը՝ մեր երկիրը շեն, նորոգ ու խաղաղ պահելու համար: Մենք ուժեղ ենք մեր հավատով, և այդ ուժը մեզ հնարավորություն է տալիս՝ շարունակել մեր կյանքը այս երկրի, այս հող ու ջրի վրա, հանուն մեր ժողովրդի բարեկեցության,, -նշեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի օրվա առթիվ Գավառ քաղաքի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները բեմադրեցին Համաստեղի ,,Կարոտ,, ստեղծագործությունը: Այնուհետև Գավառի քաղաքային գրադարանում տեղի ունեցավ գրական- երաժշտական հուշ- ցերեկույթ:

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի օրվա առթիվ մոմավառություն և ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան նաև մարզի մյուս քաղաքային և գյուղական համայնքներում, կրթական և մշակութային հաստատություններում: Հիշատակի օրվա միջոցառումները կշարունակվեն նաև առաջիկա օրերի ընթացքում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:14:03