Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզի ոստիկանության աշխատակիցները պարգեւատրվեցին ոստիկանության օրվա առթիվ

15.04.2019

Ապրիլի 15-ին Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ Ոստիկանության օրը: Հանդիսությանը մասնակցեցին ՀՀ Ոստիականության, գլխավոր դատախազության, քննչական կոմիտեի, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության, ուժային այլ կառույցների մարզային ստորաբաժանումների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, ոստիկանության վետերաններ, համայնքների ղեկավարներ, Գեղարքունիքի մարզպետարանի եւ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, զոհված ոստիկանների ընտանիքների անդամներ:
Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի սահմանները եւ հասարակական կարգը պաշտպանելիս զոհված ոստիկանների հիշատակը: Ներկաներին ողջույնի ու շնորհավորանքի խոսք հղեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «ՀՀ Ոստիկանության հարգարժան աշխատակիցներ, անգնահատելի է ձեր կողմից իրականացվող աշխատանքի դերն ու նշանակությունը Հայաստանի Հանրապետության անցած մեկդարյա պատմության մեջ ու հանրային կյանքում: Ոստիկանությունը միշտ աչքի է ընկել թե՛ երկրի սահմանների պաշտպանության, թե՛ հասարակական կարգի պահպանման ընթացքում: Սակայն մեր հայրենիքի քաղաքացիները ձեզ այդքան շատ չեն սիրել, հարգել ու գնահատել, որքան որ գնահատում ու սիրում են Նոր Հայաստանում, ինչը ես համարում եմ ձեր աշխատանքի լավագույն արդյունքը: Ձեր աշխատանքային ծանրաբեռնվածությունը հիմա մի քանի անգամ ավելացել է, սակայն դուք շարունակում եք պատվով ու պատասխանատվությամբ տանել ձեր գործը: Ձեր մասնագիտական բարձր որակների ու պարտաճանաչ ծառայության համար մեր մարզը ներկայացվել է դրական ձեռբերումների ներքո: Համոզված եմ, որ մեր տեսանելի փոխհամագործակցության արդյունքում շահելու է հանրությունը: Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա առթիվ, ցանկանում հաջողություններ կյանքում և մասնագիտական աշխատանքում»,-ոստիկանության համակարգի աշխատողներին դիմեց մարզպետը:
Իր ողջույնի ու շնորհավորանքի խոսքը հղեց նաեւ Գեղարքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը: «Օգտվելով առիթից՝ ձեզ հետ միասին շնորհավորում եմ նաեւ ձեր ընտանիքների անդամներին, ովքեր հավասարապես կրում են ոստիկանության աշխատակցի ծանրաբեռնվածությունը: Շնորհավորում եմ նաեւ հանդիսության մասնակից ոստիկանության վետերաններին, ովքեր ժամանակին դրել են լավագույն աշխատանքի հիմքերը »,-նշեց Գեղարքունիքի մարզի դատախազը:
« Հավատացնում եմ ձեզ, որ մեր անբասիր ծառայության արդյունքում մեր մարզում մշտապես կտիրի հանրային կյանքի անդորրը, խաղաղությունն ու համերաշխությունը: Գլուխ եմ խոնարհում բոլոր զոհված ոստիկանների հիշատակի առջեւ»,-իր շնորհավորանքի խոսքում նշեց ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը:
Այնուհետ Արամ Ղազարյանը դրամական պարգեւով, ոստիկանության պատվոգրերով, շնորհակալագրերով և կրծքանշաններով խրախուսեց ծառայության մեջ աչքի ընկած ոստիկանության աշխատակիցներին: Ոստիկանության աշխատակիցներին գերատեսչական պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեցին նաեւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Գեւորգ Գալստյանը, ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության Կարեն Թորոսյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, Մարտունու քաղաքապետ Արմեն Ավետիսյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը եւ Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը դրամական պարգեւ հանձնեց զոհած ոստիկանների ընտանիքներին, որոնց անունից ողջույնի խոսքով հանդես եկավ Վարդենիս քաղաքի բնակիչ, զոհված ոստիկանի հայր Պավլե Ավետիսյանը: « Հավերժ փառք մեր հերոս զավակներին, որ գնացին գիտակցված մահվան, որպեսզի խաղաղ ապրի մեր հայրենիքը: Մենք պետք է սրբորեն պահենք ոչ միայն նրանց անունները, այլ այն գործը, հանուն որի զոհվեցին մեր սիրելի զավակները»,-ասաց զոհվածի հայրը:
Հանդիսության մասնակիցներին երաժշտական կատարումներով ողջունեցին Գավառի , Նորատուսի եւ Սարուխանի արվեստի եւ երաժշտության դպրոցների սաները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 13:16:31