Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն ընդունեց «Սոլարոն» կազմակերպության ներկայացուցիչներին

11.04.2019

Ապրիլի 11-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց «Սոլարոն» կազմակերպության արեւային կայանների կառուցման եւ սպասարկման մոնիտորինգի պատասխանատու Կարեն Նիկողոսյանին եւ ինժեներ-խորհրդատու Տաթեւիկ Նիազյանին:
Կարեն Նիկողոսյանը մարզպետին ներկայացրեց «Սոլարոն» կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները եւ հեռանկարային ծրագրերը: Ըստ կազմակերպության պատասխանատուի՝«Սոլարոնը» Հայաստանում իրականացնում է արեւային ֆոտովոլտային կայանների համար արեւային վահանակների արտադրություն, կայանների տեղադրում եւ սպասարկում կոմերցիոն նպատակներով: Ձեռնարկությունը գործում է արդեն երկուսուկես տարի, որի ընթացքում հասցրել է Հայաստանի ամենատարբեր համայնքներում տեղադրել ու սպասարկել արեւային ֆոտովոլտային 120 մեծ կամ փոքր կայաններ: «Մենք ոչ միայն կազմակերպում ենք արեւային վահանակների արտադրություն, այլ նաեւ իրականացնում ենք կայանների կառուցումն ու սպասարկումը թե առանձին տնտեսվարող սուբյեկտների, կոմերցիոն նպատակներ հետապնդող կառույցների, թե անհատ քաղաքացիների համար:Այս ոլորտը Հայաստանում այժմ դինամիկ զարգացում է ապրում, որին մեծապես նպաստում է մեր պետության վարած ճիշտ ու հաշվենկատ քաղաքականությունը: Մենք մեծ ակնկալիքներ ունենք վերականգնվող էներգիան Գեղարքունիքի մարզում զարգացնելու եւ ծավալելու հեռանկարից, քանի որ այս մարզն ամենամեծ արեւային էներգիայի ռեսուրսներ ունեցող տարածքն է, առավել եւս, որ այստեղ եւս ունենք տեղադրված ու շահագործվող կայաններ: Հուսանք, որ մեր համագործակցությունը նոր թափ կհաղորդի Գեղարքունիքի մարզում արեգակնային էներգետիկայի արտադրության զարգացմանը»,-նշեց Կարեն Նիկողոսյանը:
Գնել Սանոսյանը հայտնեց իր պատրաստակամությունը՝ ոչ միայն աջակցություն ցուցաբերելու, այլ նաեւ կազմակերպության հետ գործընկերային հարաբերություններ հաստատելու համար: «Մեր գլխավոր նպատակներից մեկն էլ Գեղարքունիքում արեւային էներգիայի արտադրության ծավալումն ու զարգացումն է: Ի հայտ են եկել օտարերկրյա կամ տեղացի բազմաթիվ ներդրողներ, ովքեր հետաքրքրված են ոլորտի զարգացմամբ: Կարծում եմ, որ շատ անհրաժեշտ կլինի մեր համագործակցության կարիքը, ու երկուստեք շատ կողմերով կնպաստենք ոլորտի զարգացմանը: Հուսամ, որ մեր առաջիկա հանդիպումները կկրեն ավելի գործնական բնույթ»,-շեշտեց մարզպետը:
«Սոլարոնի» ներկայացուցիչներն ընդունեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հրավերը՝ մայիսին կայանալիք «Իմ քայլը Գեղարքունիքի» տնտեսական համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար: Մարզպետը միաժամանակ ցանկություն հայտնեց՝ անձամբ այցելել «Սոլարոն» ձեռնարկություն՝ արտադրական պրոցեսներին տեղում ծանոթանալու նպատակով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36