Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետն այցելեց Արծվանիստ եւ Ծովինար համայնքներ

04.04.2019

Ապրիլի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Արծվանիստ եւ Ծովինար համայնքներ: Արփա-Սեւան թունելային ջրատարի ելքի մոտ մարզպետը դիտարկեց այս տարվա ապրիլի 3-ից վերագործարկված ջրատարի թողունակությունը, որը, ըստ պաշտոնական տվյալների, մեկնարկում կազմել է 8 խորանարդ մետր վայրկյան: «Արփա-Սեւան»թունելային ջրատարի թողունակությունն աստիճանաբար կավելացվի եւ կհասցվի մինչեւ 18 խորանարդ մետր վայրկյանի, ինչի արդյունքում այս տարի Սեւանա լիճ կտեղափոխվի շուրջ 150 միլիոն խորանարդ մետր ջուր: Մենք կլինենք հետեւողական, որպեսզի ապահովվի Սեւանա լճի ջրային պաշարների դրական հաշվեկշիռը»,-տեղեկացրեց մարզպետը:
Գնել Սանոսյանը Արծվանիստում հանդիպում ունեցավ համայնքի բնակիչների հետ՝ լսելով նրանց կողմից բարձրացված հարցերը: Արծվանիստցիները համայնքի համար առաջնահերթ խնդիր համարեցին ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգումը, որոնց անբարեկարգ վիճակն առավել քան մտահոգիչ է մնացել տարիներ շարունակ: Մարզպետն իրազեկեց բնակիչներին, որ Արծվանիստի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման մեկնարկը տրվելու է այս տարվա ընթացքում, իսկ ավարտի ժամկետները կհստակեցվի առաջիկայում: « Արդեն հայտարարված է Արծվանիստի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման նախագծային մրցույթը:Կարծում եմ, որ նախագծման աշխատանքները կմեկնարկեն այս տարվա մայիսից: Ինչ վերաբերում է շինարարական աշխատանքներին, ապա դրանք կմեկնարկեն նախագծման աշխատանքների ավարտից ու շինարարական մրցույթի կազմակերպումից հետո: Իսկ թե այդ աշխատանքների որ մասը կհասցնենք կատարել, հստակ կլինի առաջիկայում:Կասկած չկա, որ 2020 թվականին արդեն Արծվանիստը կունենա ամբողջովին հիմնանորոգ ներհամայնքային ճանապարհներ՝ 3,5 կիլոմետր ընդհանուր երկարությամբ: Բավարար միջոցներ գտնելու դեպքում շատ հնարավոր է, որ աշխատանքները կարողանանք հիմնովին ավարտել նաեւ այս տարվա ընթացքում: Բայց կարեւորն այն է, որ վերջապես տրվելու է շինարարության մեկնարկը»,-վստահեցրեց Գնել Սանոսյանը:
Ծովինարում եւս մարզպետը հանդիպում ունեցավ համայնքի բնակիչների հետ, լսեց նրանց կողմից բարձրացված բազմաբնույթ հարցերը, ապա այցելեց մանկապարտեզի շենք, որտեղ նախատեսվում է այս տարի սուբվենցիոն ծրագրերի հաշվին իրականացնել հիմնանորոգման աշխատանքներ: Ինչպես տեղեկացրեց Ծովինար համայնքի ղեկավար Մհեր Մարտոյանը, գյուղի մանկապարտեզը չի գործում 2005 թվականից հետո, շենքային անբավարար պայմանների պատճառով: Համայնքի կողմից մանկապարտեզի հիմնանորոգման համար այս տարի հատկացվելու է 11 միլիոն դրամ, իսկ 20 միլիոն դրամ էլ կհատկացնի կառավարությունը: Սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակներում Ծովինարի 3 տարբեր փողոցներում կասֆալտապավի շուրջ մեկ կիլոմետր երկարության ճանապարհներ: «Համայնքում առկա են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց փորձում ենք լուծում տալ քայլ առ քայլ: Որքան շատ միջոցներ համայնքը հատկացնի սուբվենցիոն ծրագրերին, այնքան շատ միջոցներ կավելացնի կառավարությունը: Համոզված եմ, որ մոտակա տարիների ընթացքում համագործակցված աշխատանքի դեպքում Ծովինարում մենք կարգավորված կտեսնենք շատ հիմնախնդիրներ»,-նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:38:59