Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի շրջանակներում մարզում վերանորոգվել է յոթ բուժկետ

04.04.2019

Ապրիլի 4-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի պատասխանատու Ժան-Կլոդ Ռոսեին: Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզի դեպարտամենտալ խորհրդի միջև գործող ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում, «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի կողմից 2018թվականի բյուջեով   վերանորոգվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Մեծ Մասրիկ համայնքի բուժամբուլատորիան և Վանևան, Նորակերտ, Սոթք, Շատջրեք, Ավազան և Տրետուք բնակավայրերի բուժկետերը: Ծրագրի երկրորդ փուլում իրականացվել և ընթացքի մեջ են բուժկետերի տեխնիկական վերազինման աշխատանքները: « Մեր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում 16 բուժկետերից ընտրեցինք 7-ը, որտեղ և սկսեցինք շինարարական աշխատանքները: Ամենամեծ շինհրապարակը Մեծ Մասրիկի բուժամբուլատորիայում էր, որտեղ, այլ աշխատանքների շարքում, անցկացրել ենք նաև ջեռուցման նոր համակարգ: Ավարտվել են նաև Վանևան, Նորակերտ, Սոտք, Շատջրեք, Ավազան, Տրետուք բնակավայրերի բուժկետերի շինարարական աշխատանքները և այս պահին ընթացքի մեջ է դրանք՝ բուժսարքավորումներով և բուժգործիքներով վերազինելու ծրագիրը: Մեր դիտարկումների արդյունքում բոլոր աշխատանքները իրականացվել են ըստ նախատեսվածի և որակով:Պատվիրվել և տեղադրվել են նաև ցուցանակները»,- ներկայացրեց Ժան-Կլոդ Ռոսեն :
Իրակնացվող ծրագրի հաջորդ բաղադրիչը բուժաշխատողների մասնագիտական վերապատրաստումներն են, որոնք, ըստ ծրագրի պատասխանատուի, նախատեսված է իրականացնել 2019 թվականի հունիսի 3-8-ն ընկած ժամանակահատվածում: Այս ուղղությամբ կողմերը պայմանավորվեցին լրացուցիչ քննարկել և հստակեցնել վերապատրաստման մասնակիցների և անցկացման վայրի հետ կապված հարցերը:
Հանդիպման ընթացքում Ժան-Կլոդ Ռոսեն Գնել Սանոսյանին ներկայացրեց նաև Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Սևանի տարածաշրջանի համայնքների բուժկետերում կամ ամբուլատորիաներում իրականացվող աշխատանքների ընթացքը: Նրանք կարևորեցին նաև Գագարինի և Շատվանի բուժկետերի վերանորոգման խնդիրը:
«Ես իմ գոհունակությունն եմ հայտնում Իզերի դեպարտամենտալ խորհրդի աջակցությամբ Գեղարքունիքի մարզի գյուղական համայնքների բուժկետերում կամ ամբուլատորիաներում կատարված աշխատանքների համար:Շնորհակալություն, որ ամենայն ջանասիրությամբ կյանքի եք կոչել ծրագիրը: Ձեր տրամադրությունը փաստում է, որ աշխատանքները իրականացվել են ըստ պլանավորվածի: Իհարկե, կատարված աշխատանքները մեծ աջակցություն են գյուղական համայնքների բնակիչների համար, իսկ տեղադրված սարքավորումները հնարավորություն կտան ավելի ճիշտ և օպերատիվ բուժում կազմակերպել նրանց համար: Ես ևս իմ այցերի ընթացքում կդիտարկեմ կատարված աշխատանքները: Շատ եմ կարևորում նաև բուժաշխատողների վերապատրաստման՝ ձեր կողմից իրականացվելիք ծրագիրը, որի շնորհիվ մենք կունենանք ավելի բանիմաց և հմուտ մասնագետներ»,- նշեց Գնել Սանոսյանը:
Հանդիպման ավարտին «Բժշկական օգնություն և զարգացում» ծրագրի պատասխանատու Ժան-Կլոդ Ռոսեն Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին ապրիլի 5-ին հրավիրեց մասնակցելու վերանորոգված բուժկետերի բացման արարողություններին:
Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց հստակեցնել ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում 2019 թվականին վերանորոգման ենթական բուժկետերի կամ ամբուլատորիաների ցանկը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:42:55