Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Իրանցի գործարարը հետաքրքրված է Գեղարքունիքի մարզում մի շարք արտադրությունների կազմակերպմամբ

03.04.2019

Ապրիլի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց իրանական «Սեփահան Ացետելենի» գործարանի տնօրեն Ֆահրադ Նասիր Նիային: Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրեց իրանցի գործարանատերը, իր ղեկավարած գործարանը զբաղված է թթվածնի եւ ազոտի արտադրությամբ ու հաջողությամբ համագործակցում է ուկրաինական կազմակերպության հետ: Ֆահրադ Նասիր Նիան նշեց, որ ինքը ցանկություն ունի Գեղարքունիքի մարզում կազմակերպել նմանատիպ արտադրություն, եւ հարկ է համարում նախապես տեղեկանալ արտադրական համապատասխան տարածքների կարգավիճակի, արտադրության կազմակերպման հնարավորությունների, ներմուծման ու արտահանման հետ կապված կանոնակարգերի, օտարերկրյա ներդրումների համար սահմանված հարկային արտոնությունների եւ այլ մանրամասների մասին: «Մենք, բացի ազոտի ու թթվածնի արտադրության կազմակերպումը, կարող ենք մեր գործընկեր կազմակերպությունների հետ ձեր մարզում հիմնել պլաստիկ իրերի, ներժից պատրաստված կաթնամթերքների տարաների, հանքային ջրերի, ասֆալտի, տեքստիլ իրերի արտադրություններ, Սեւանա լճին մոտիկ կառուցել հանգստյան գոտիներ: Բայց մինչ այդ մենք պետք է հասկանանք, թե ինչ արտադրական միջավայրի, նրբությունների, դժվարությունների հետ գործ ունենք, ինչ աջակցություն կարող ենք ստանալ Հայաստանի կառավարությունից, ինչպիսի փոխադարձ շահեր կարող ենք ունենալ թվարկված արտադրությունների գործարկմամբ:Անկեղծ ասած, մենք թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում նախկինում փորձել ենք իրականացնել ներդրումային արտադրական ծրագրեր, սակայն բախվել ենք բազմաթիվ դժվարությունների: Հիմա, երբ Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղափոխության շնորհիվ բարելավվել է ներդրումային միջավայրը, մենք որոշել ենք համագործակցել ձեզ հետ եւ անցնել գործի»,-նշեց իրանցի գործարանատերը:
Մարզպետ Գնել Սանոսյանն իր հերթին նշեց, որ իրանցի գործարանատիրոջ ներդրումային բոլոր ձեռնարկները Հայաստանի Հանրապետության կողմից օրենքով սահմանված կարգով կլինեն պաշտպանված ու կստանան բավարար աջակցություն: «Հիմա Հայաստանի Հանրապետությունում կարելի է ձեռնարկել ցանկացած գործ՝ ներդրումներ կատարելով ամենատարբեր ուղղություններում: Որպես խրախուսման ձեւ՝ պետությունը որոշ ոլորտներում սահմանում է հարկային ու մաքսային արտոնություններ: Բացի այդ, մեր պետությունն ամեն կերպ երաշխավորում է, որ ձեր բիզնեսը մեր երկրում լինի օրենքով պաշտպանված: Մենք ունենք բավականին շատ արտադրական տարածքներ, մասնագետ կադրեր, բանվորական ուժ, բավարար արտադրական ռեսուրսներ: Կարծում եմ, որ համագործակցված աշխատանքի դեպքում երկուստեք կկարողանանք լուրջ հաջողություններ արձանագրել: Մեր աշխատանքային խումբը կուղեկցի ձեզ հետաքրքրող արտադրական տարածքներ, մեր կողմից կտրամադրվեն ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները: Մենք ձեզ կաջակցենք բոլոր խնդիրներում, որոնք առաջ կգան մեր համագործակցության ընթացքում: Միաժամանակ ձեզ հրավիրում ենք մասնակցելու այս տարվա մայիսին կայանալիք «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» գործարար համաժողովին, որտեղ հնարավորություն կունենաք ներկայացնելու ձեր ներդրումային փաթեթները»,-առաջարկեց մարզպետ Գնել Սանոսյանը:
Ֆահրադ Նասիր Նիային ընդունեց Գնել Սանոսյանի հրավերը: «Իրանում մենք ունենք գործարար աշխարհի ներկայացուցիչների պալատ, որտեղ քննարկում ենք մեր տնտեսական իրավիճակը, համագործակցության խնդիրները, առաջիկա անելիքները: Մեր գործընկերները հետաքրքրված են Հայաստանում նոր ներդրումներ կատարելու, նոր ձեռնարկներ իրականացնելու հետ կապված խնդիրներով: Ես այնտեղ կներկայացնեմ մեր հանդիպման եւ նախնական համագործակցության արդյունքները, ու համոզված եմ, որ դրանից հետո ինձ հետ ձեր համաժողովին մասնակցելու ցանկություն կունենան նաեւ իրանցի այլ ներդրողներ»,-հավաստեց իրանցի գործարարը:
Հանդիպումից հետո Ֆահրադ Նասիր Նիային Գեղարքունիքի մարզպետարանի աշխատանքային խմբի ուղեկցությամբ այցելեց Գավառ քաղաքի արտադրական տարածքներ՝ հնարավորություններին ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06