Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը

03.04.2019

Ապրիլի 3-ին Գավառի Լ. Քալանթարի անվան պետական թատրոնի դահլիճում կայացավ Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարեց Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզխորհրդի անդամները, մարզի ուժային կառույցների եւ իրավապահ համակարգի, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարները, այլ պաշտոնյաներ: Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը՝ մարզպետն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել 2016 թվականի ապրիլյան քառօրյայում զոհված հերոսների հիշատակը: Այնուհետ Գնել Սանոսյանը մարզխորհրդի անդամներին ներկայացրեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման նորանշանակ պետ Արմեն Աբազյանին եւ ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանին, հաջողություններ մաղթեց Վարդենիս եւ Ակունք համայնքների նորընտիր ղեկավարներին:
Գնել Սանոսյանը միաժամանակ ներկաների ուշադրությունը սեւեռեց մի շարք կարեւոր խնդիրների վրա: «Ուզում եմ տեղեկացնել բոլորիդ, որ մեր մարզից ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել սուբվենցիոն 109 ծրագիր, որն իր քանակով ու ներդրումային ծավալներով առաջինն է Հայաստանի Հանրապետությունում: Այդ ծրագրերից 74-ն արդեն հաստատված է: Այս գոհացուցիչ ձեռքբերումն արդյունք է Գեղարքունիքի մարզպետարանի եւ համայնքների համագործակցված աշխատանքի: Այս պահին մեզ մնում է համատեղ ուժերով կարգավորել ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ բոլոր փաստատթղթերը, որպեսզի կարողանանք շինարարական աշխատանքները սկսել ամռան սկզբից: Բացի սուբվենցիոն ծրագրերը, որով մարզում ներդրումը կկազմի շուրջ 4 միլիարդ 850 միլիոն դրամ, շինարարական աշխատանքներ կիրականացվեն նաեւ ներդրումային այլ միջոցներով՝ այլ գերատեսչական մարմինների պատվիրատվությամբ: Մի խոսքով, այս ամռանը մեր մարզը կվերածվի շինհրապարակի»,-շեշտեց մարզպետը:
Գնել Սանոսյանը խոսեց նաեւ համապետական շաբաթօրյակի կազմակերպման, շրջակա միջավայրի մաքրության պահպանման հարցերի շուրջ: «Սեւանում, Չկալովկայում, Մեծ Մասրիկում, Վաղաշենում և մի շարք համայնքներում համապետական շաբաթօրյակն անցավ կազմակերպված, իսկ ահա Սարուխանում, Գեղամասարում, Լճափում, Լճաշենում, Գեղարքունիքում և այլ տեղերում այն ավելի շատ կրեց ձեւական բնույթ: Մենք ապրիլին, եղանակների տաքանալուն պես, ծրագրել ենք անցկացնել համամարզային շաբաթօրյակ, որպեսզի վերացնենք նախորդ շաբաթօրյակի ընթացքում նկատված թերացումները: Պետք է վերջ տանք ամեն մի ձեւականությանը եւ հասնենք նրան, որ ունենանք աղտոտումից զերծ ու մաքուր շրջակա միջավայր»,-հրահանգեց Գնել Սանոսյանը:
Ապա մարզխորհրդի նիստն անցավ օրակարգային հարցերի քննարկմանը: Գեղարքունիքի մարզի համայնքային բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը: Նա նշեց, որ 2019 թվականի 1-ին եռամսյակի արդյունքներով մարզի կատարողական ցուցանիշների հավաքագրման մակարդակը կազմում է ընդամենը 85,3 տոկոս, կամ պլանավորված 486 միլիոն 689,4 հազար դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 415 միլիոն 059,7 հազար դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած արձանագրվել է 8,3 տոկոս աճ, կամ բացարձակ թվերով ավել է հավաքագրվել 60 միլիոն 922,9 հազար դրամ: Արդյունքը գոհացուցիչ չի կարելի համարել, քանի որ նման կատարողականն ապահովվել է մարզի 15 համայնքների ապահոված բարձր արդյունքների շնորհիվ»,-նշեց զեկուցողը:
Մարզի միջինից բարձր ցուցանիշներ ապահովել են Մարտունու և Սևանի տարածաշրջանները: Առավել բարձր արդյունքներ են ապահովել՝ Ծովակը՝ 123,2, Զոլաքարը՝ 213,4, Վարդաձորը՝ 131,1, Ն. Գետաշենը՝ 144,8, Երանոսը՝ 221,2, Ձորագյուղը՝ 215,1, Վաղաշենը՝ 133,6, Սևան քաղաքը՝ 111,5,Ծովագյուղը՝ 100,8 և Լճաշենը՝ 121,8 տոկոս:
Ընդհանուր վերլուծության արդյունքում պարզվում է, որ մարզի միջինից ցածր ցուցանիշներ ունեն 41 համայնքներ:

Անդրադառնալով զեկուցմանը՝ մարզպետը հրահանգեց համայնքների ղեկավարներին՝ կարճ ժամանակի ընթացքում ամբողջությամբ հավաքագրել սեփական եկամուտները եւ բարձրացնել աշխատանքային կատարողական կարգապահությունը:
Օրակարգային երկրորդ հարցը նվիրված էր մարզում աղբահանության վարձավճարների գանձման հետ կապված խնդիրներին, որի շուրջ զեկուցումով հանդես եկավ Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը: Նա նշեց, որ 2019 թվականի ապրիլի դրությամբ, ըստ համայնքներից ներկայացված հաշվետվությունների, մարզի 57 համայնքներից աղբահանություն և վարձավճարների հավաքագրում կատարվում է 33 համայնքներում, 3 համայնքներում մասնակիորեն, 21 համայնքներում՝ ընդհանրապես աղբահանություն չի իրականացվում:
«Նորմալ աղբահանություն եւ վարձավճարների հավաքագրում իրականացնում են Գավառի եւ Ճամբարակի տարածաշրջանների համայնքները: Սեւանի տարածաշրջանում աղբահանություն չի իրականացվում Սեմյոնովկայում, իսկ Չկալովկայում աղբահանություն իրականացվում է, սակայն վարձավճար չի հավաքվում, Մարտունու տարածաշրջանում աղբահանություն չի իրականացվում 7 համայնքում, որից 5-ում առկա են աղբավայրերի հետ կապված խնդիրներ: Աղբավայրերը տեղադրված են աշխարհագրական եւ ռելիեֆային անհարմար տեղերում կամ հատուկ պահպանվող տարածքներում: Հարցը քննարկվել է համայնքների ղեկավարների հետ եւ գտնվել է այլընտրանքային լուծում: Վիճակը շատ անմխիթար է Վարդենիսի տարածաշրջանում: 15 համայնքներից, ըստ հաշվետվության, վարձավճար հավաքագրվում է միայն Վարդենիս խոշորացված համայնքում: Եթե թվերի լեզվով խոսենք, ապա 2019 թվականի 1-ին եռամսյակի աղբահանության վարձավճարների համաքագրումն համայնքներում կազմել է 25, միլիոն 608000 դրամ՝ պլանավորված 47 միլիոն 883000 դրամի փոխարեն, կամ հավաքագրվել է պլանավորվածի 53,5 տոկոսը:
Այս պահին մարզի համայնքներում տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվել է 1600 պայմանագիր, եւ գործընթացը ընթացքի մեջ է:
Մենք պետք է համայնքներին օգնենք եւ օժանդակենք ֆինանսապես՝ աղբավայրերը կառավարելի դարձնելու հարցում: Թե չէ ստացվում է, որ մի քանի տասնյակ միլիոն դրամ խնայելով՝ Սևանը կկանգնեցնենք բնապահպանական աղետի առաջ»,-նշեց զեկուցողը:
Անդրադառնալով խնդրին՝ Գնել Սանոսյանը հայտնեց, որ, համաձայն կառավարության համապատասխան որոշման, արդեն համայնքները սեփական միջոցներից աղբահանության նպատակով կարող են օժանդակել 30 տոկոսի չափով:
Իրենց ոլորտներում առկա եւ հրատապ լուծում պահանջող խնդիրների շուրջ ելույթներով հանդես եկան ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Դավիթ Մանուկյանը, Գեղարքունիքի մարզի զինկոմ Գեւորգ Մխեյանը, «Գեղարքունիք» ՋՕԸ նախագահ Հայկ Սհոյանը, ՀՀ մշակույթի նախարարության պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանը, ՀՀ սննդի անվտանգության տեսչության Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Արշակ Էլիզբարյանը, «ՀՀ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի» Գեղարքունիքի մարզի համակարգող Խորեն Բադալյանը:
Ամփոփելով մարզխորհրդի նիստի աշխատանքները՝ մարզպետ Գնել Սանոսյանը այսուհետ մարզխորհրդի նիստերը նման ձեւաչափով անցկացնելը համարեց անհրաժեշտ ու պարտադիր պայման: «Մենք այսօր քննարկեցինք կարեւոր ու բազմաբնույթ հարցեր՝ մարզխորհրդի նիստն անցկացնելով ավելի ընդլայնված կազմով, ավելի ընդգրկուն թեմաներով: Մենք այսօր քննարկեցինք պաշտպանական, սննդի անվտանգության ապահովման, հուշարձանների պահպանության, գյուղատնտեսական և բնապահպանական ծրագրերի իրականացման հետ կապված կարևոր խնդիրներ: Կարծում եմ, որ այս ձեւաչափը շատ ավելի նկատելի արդյունքներ կտա՝ ապահովելով համագործակցությունը պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավապահ համակարգի միջեւ: Մեր առջեւ ծառացած են շատ խնդիրներ, որոնք կարող են լուծվել միայն ու միայն հետեւողական ու համատեղ աշխատանքի արդյունքում: Ձեռքբերումների ու հաջողությունների տեսանկյունից մենք բոլոր առումներով պետք է ձգտենք առաջինը լինել մեր Հանրապետությունում»,-ամփոփիչ խոսքում նշեց Գնել Սանոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:47:36