Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց մոմավառություն եւ հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Ապրիլյան հերոսամարտի զոհերի

02.04.2019

Ապրիլի 2-ին Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց մոմավառություն եւ հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտում զոհված հայ քաջորդիների: Հոգեհանգստյան կարգը մատուցվեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Կիրակոս վարդապետ Դավթյանի եւ մասնակցությամբ Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի: Մամավառությանը եւ հոգեհանգստյան կարգին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Գրիգորյանը, աշխատակազմի քարտուղար Սեւակ Խլղաթյանը, մարզպետարանի ստորաբաժանումների աշխատակիցներ, Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը, քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների, քաղաքի կրթամշակութային հաստատությունների ղեկավարներ եւ աշխատակիցներ, անհատ քաղաքացիներ: «Մենք բարձրացրեցինք մեր աղոթքն առ Աստված՝ ի հանգստություն եւ ի հիշատակ 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերում զոհված հերոսների: Նրանք կարողացան ապացուցել, որ հնարավոր է 18-19 տարեկանում փրկել Հող հայրենին ու դառնալ ազգային հերոսներ՝ դաջվելով մեր ազգի հերոսական պատմության մեջ: Թող Աստված լուսավորի նրանց հոգիները, իսկ մեր ազգն այլեւս նման արհավիրքներ չտեսնի, թանկագին կորուստներ չունենա, մեր ծնողներն այլեւս սգալու առիթներ չունենան: Այն կսկիծները, որ կրեցինք տարիներ առաջ, թող երբեք չայցելեն մեզ, իսկ մեր երկիրն ապրի անհոգ , խաղաղության ու արարչագործ զորության մեջ»,-ներկաներին դիմեց Կիրակոս վարդապետ Դավթյանը:
Գեղարքունիքի մարզպետարանի զորակոչային նախապատրաստության բաժնի վարիչ Տիգրան Հակոբյանի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչները եւ ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարությունը համատեղ այցեր են կազմակերպում Գեղարքունիքի մարզից Ապրիլյան հերոսամարտերում զոհված քաջորդիների շիրիմներին եւ սփոփում նրանց ընտանիքներին: «Ապրիլյան հերոսամարտի զոհերի ծնողների ցանկությամբ մեր կողմից կազմակերպվող այցելությունները եւ ծաղկեդրումները կատարվելու են իրենց հերոս զավակների զոհվելու ստույգ օրերին: Այսօր մենք այցելում ենք Երանոս գյուղ՝ ծաղիկներ խոնարհելու Ապրիլյան հերսամարտում զոհված Նորիկ Սարգսյանի շիրիմին եւ ցավակցելու նրա ընտանիքին: Իսկ երկու օրից այցելելու ենք Զոլաքար, Փոքր Մասրիկ ու Արեգունի համայնքներ՝ մեր հոգու տուրքը տալու Գագիկ Մելքոնյանի, Դավիթ Հայրապետյանի, Վրեժ Սարգսյանի եւ Հարություն Աբրահամյանի անմար հիշատակին»,-ներկայացրեց Տիգրան Հակոբյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:02:48