Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Մանկապատանեկան գրքի շաբաթը» մեկնարկեց Գեղարքունիքի մարզից

01.04.2019

«Մանկապատանեկան գրքի շաբաթը» հանրապետությունում մեկնարկեց ապրիլի 1-ից, Դդմաշեն գյուղի միջնակարգ դպրոցից : Շաբաթվա բացման արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրողների միության անդամներ ու մանկագիրներ, Դդմաշեն համայնքի ղեկավարը, ուսուցիչներ եւ աշակերտներ:
«Մեծ պատիվ է մեզ համար, որ«Մանկապատանեկան գրքի շաբաթը» սկսվում է մեր համայնքից, որտեղ տարբեր ժամանակներում հյուրընկալվել են հայ անվանի գրողներ ու մտավորականներ: Հուսով եմ, որ այս նշանավոր օրն էլ կտպավորվի մեր աշակերտների հիշողության մեջ, քանի որ նրանք այս ձեռնարկի շնորհիվ հնարավորություն ունեցան կենդանի շփում հաստատելու ժամանակակից հայ գրողների հետ»,-բացման խոսքում նշեց Դդմաշեն համայնքի ղեկավար Ավետիս Ավետիսյանը:
Այնուհետ հանդիսության մասնակիցներին օրվա առիթով շնորհավորեց ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը: «Ինչու մենք որոշեցինք «Մանկապատանեկան գրքի շաբաթվա» մեկնարկը տալ Դդմաշենից: Նախ, որ Դդմաշենն ունի պատմամշակութային հարուստ ժառանգություն, եւ երկրորդ, որ հայ մեծանուն գրողների ծննդավայրերը եղել են Հայաստանի գյուղերը, որտեղի միջավայրը ծնունդ է տվել գրական բարձրարժեք ստեղծագործությունների: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում մենք մեր գրական խմբերի հետ կլինենք Հայաստանի տարբեր բնակավայրերի դպրոցներում՝ կազմակերպելով գրական շփումներ դպրոցականների եւ ժամանակակից գրողների միջեւ, պետք է խրախուսենք ընթերցասիրությունը: Մեր հայրենիքը հազարավոր տարիներ աշխարհին հայտնի է եղել իր հզոր գրականությամբ, որն այսօր մենք պետք է շարունակենք պահպանել, զարգացնել ու առաջ տանել: Մենք նախ պիտի սովորենք գնահատել մեր հոգեւոր արժեքները, ապա նոր միայն ակնկալենք, թե օտարներն ինչպես կգնահատեն դրանք»,-շեշտեց Էդվարդ Միլիտոնյանը:
Ներկաներին ողջույնի խոսքեր հղեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Սիրելի ներկաներ, այսօր տոնական օր է մեր մարզի համար, քանի որ մենք պատիվ ենք ունեցել՝ առաջինն ընդունելու «Մանկապատանեկան գրքի շաբաթը»: Դրա համար ուզում եմ մեր մարզի անունից շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին ու գրողներին, ովքեր այսօր հյուրընկալվել են այս հարկի ներքո: Անշուշտ, այս նախաձեռնությունը մեզանում մշակութային կյանքն աշխուժացնելու վառ օրինակ է: Մեզանում կուտակված սոցիալ-տնտեսական բազմապիսի խնդիրների կողքին համահավասար մենք կարեւորում ենք մշակութային կյանքի զարգացման խնդիրը: Այս օրը, համոզված եմ, հիշարժան կլինի մեր դպրոցականների կյանքում՝ նրանց մեջ զարկ տալով ընթերցասիրությունը: Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում դպրոցականներին՝ անպայման կարդալ թե դասական, թե ժամանակակից գրողներին, որքան էլ որ մեր օրերում զարգանում են տեխնիկական միջոցները: Միշտ սիրեցեք գիրքը, դրանք ձեզ շատ կօգնեն կյանքում »,-նշեց մարզպետը:
Ներկաներին ողջունեցին ու հանդիպման նշանակությունը կարեւորեցին ՀԳՄ Գեղարքունիքի բաժանմունքի նախագահ Տիգրան Նիկողոսյանը, Դդմաշենի գրադարանավար, գրասեր Ֆլորա Գրիգորյանը, հանդիսությանը ներկա մի խումբ մանկագիրներ:Դդմաշենի միջնակարգ դպրոցի աշակերտները հատվածներ ներկայացրին հայ գրականության դասականների ստեղծագործություններից՝ արժեւորելով մեր գրականության ընթացքը հին դարերից մինչեւ նորագույն ժամանակները:
Հանդիսությանը մասնակցող մանկագիրները կարդացին իրենց հեղինակած ստեղծագործություններից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:34:15