Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքում չինական կազմակերպությունը հետաքրքրված է վերականգնվող էներգետիկայի արտադրության կազմակերպմամբ

01.04.2019

Ապրիլի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունեց չինական «Չանջո դե լայթ ֆոտովոլտեք թեքնոլոջի կոմպանի լիմիթիդ» ընկերության տնօրեն Ֆու Չանին եւ նույն կազմակերպության ներկայացուցիչ Խուան Պաուսյային: Հանդիպման սկզբում չինական ընկերության տնօրենը ներկայացրեց իրենց այցի նպատակներն ու հետագա ծրագրերը: «Այս անգամ Հայաստան ենք եկել քամու էներգիայի ստացման ուղղությամբ ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով: Մենք արդեն ուսումնասիրել ենք այն երկու քարտեզները, որոնցում ընդգրկված տարածքներում հնարավոր է տեղադրել կայաններ, եւ դրանց հիման վրա էլ ուզում ենք աշխատել: Սակայն այդ քարտեզներից պետք է ընտրենք միայն մեկը, որն ավելի մոտիկ կլինի էլեկտրահաղորդման գծերին, կգտնվի բարձր լարման ենթակայաններից 3 կմ հեռավորության վրա: Մեր նպատակն է՝ Գեղարքունիքի մարզում հիմնել քամու էներգիայի արտադրություն, որի հզորությունը պետք է հասցնենք մինչեւ 100 մեգավատի: Դրա համար կպահանջվի կառուցել 30 հողմակայան: Մեր կազմակերպությունը գործունեություն է ծավալում Չինաստանում, Ռուսաստանի Դաշնությունում ու Ղազախստանում: Մեր գործընկեր կազմակերպությունը «Տոն Ֆան Էլեկտրիկն» է, որը զբաղվում է արտադրված էներգիայի իրացման խնդիրներով: Մենք ներդրումային ծրագիր ենք ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը, արդեն բանակցել ենք մի շարք պետական կառույցների հետ, իսկ ձեզանից ակնկալում ենք համապատասխան աջակցություն ու համագործակցություն, որպեսզի կարողանանք կյանքի կոչել մեր ծրագրերը, որոնք մեծ նշանակություն կունենան Հայաստանի տնտեսական կյանքում»,-նշեց Ֆու Չանը:
Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Գնել Սանոսյանը հայտնեց իր պատրաստակամությունը ներդրումային ծրագրին աջակցելու հետ կապված բոլոր խնդիրներում: «Իրականում Գեղարքունիքի մարզը բավականին մեծ պոտենցիալ ունի քամու եւ արեւի էներգիայի ստացման առումով: Դա է պատճառը, որ շատ ընկերություններ հետաքրքրված են՝ նման ծրագրերով: Ուրախ ենք, որ մեր մարզը ձեր ընկերությանը եւս հետաքրքրել է, եւ դուք փորձ եք անում աշխատանքներ սկսել այստեղ: Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները ձեզ կօգնեն՝ նախ ուսումնասիրելու քարտեզագրված երկու տարածքները մարզում, որպեսզի հասկանանք, թե որքանով է այն համապատասխանում ձեր նախընտրած չափանիշներին: Տարածքի ընտրությունից հետո մենք պատրաստ ենք համագործակցություն ծավալել ձեր ընկերության հետ բոլոր ուղղություններում, որպեսզի հնարավոր լինի ձեր նախաձեռնությունը արդյունավետ կերպով կյանքի կոչել»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Հանդիպումից հետո չինական կազմակերպության ներկայացուցիչների հետ քարտեզագրված տարածքներում նախնական ուսումնասիրության մեկնեցին Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Անուշավան Ղազարյանը եւ Գեղարքունիքի մարզպետարանի հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Մարատ Ղուրշուդյանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06