Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվեցին արտոնագրային ձկնորսության նոր կարգի ներդրման հետ կապված հարցեր

28.03.2019

Մարտի 28-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցեցին ՀՀ բնապահպանության փոխնախարար Այսեր Ղազարյանը, ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Կարեն Ճենտերեճյանը, «Սեւան Ազգային պարկ» -ի տնօրեն Վահե Գուլանյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը, մարզի տարբեր տարածաշրջաններից Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող անձինք: Խորհրդակցության նպատակն էր՝ համատեղ ուժերով քննարկել ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մշակման փուլում գտնվող պիլոտային ծրագիրը, որն առնչվում է Սևանա լճում արդյունագործական ձկնոսությունը իրավական դաշտ տեղափոխելուն: «Հաշվի առնելով, որ դուք զբաղվում եք ձկնորսությամբ, մենք կազմակերպել ենք այս քննարկումը, որպեսզի «Սևանի մասին» ՀՀ օրենքի համապատասխան բաժնի վերամշակման հարցում ներառենք նաև ձեր կարծիքներն ու առաջարկությունները, որի արդյունքում պետք է ունենանք շատ արդյունավետ փաստաթուղթ»,- ձկնորսությամբ զբաղվողներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Օրենքի համապատասխան ոլորտի վերամշակման հարցում ի հայտ են գալիս բազմապիսի խնդիրներ, որոնք պետք է կարգավորվեն իրավական տեսանկյունից: Ուստի մենք որոշեցինք այդ աշխատանքների ընթացքում լսել նաև ձեր կարծիքը, որպեսզի այդ փաստաթուղթը իրավական տեսանկյունից ունենա ամուր և կայուն հիմքեր: Դրա համար մեզ որոշակի ժամանակ է պետք, որպեսզի դիտարկենք բոլոր մանրուքներն ու ոլորտում առկա առանձնահատկությունները: Այստեղ շտապողականությունը կարող է բերել անցանկալի հետևանքների» ,- նշեց բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը:
Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվող անձինք խնդրեցին պետական մարմինների ներկայացուցիչներին՝ հնարավորինս արագացնել արտոնագրային ձկնորսության նոր կարգի ներդրումը, որպեսզի մի կողմից պետությունը շահի, իսկ մյուս կողմից իրենք իրավական դաշտում գործելու հնարավորություն ունենան: «Մենք ավելի մտահոգված ենք ձկնորսության կանոնակարգմամբ ու այն ծանր իրավիճակով, որ առկա է այս ոլորտում: Այդ ձուկը, որ որսվում է հիմա առանց կանոնակարգման ու անօրինական դաշտում, մեր վաղվա պաշարն է, որը պիտի թե՛ մեր ազգին կերակրի, թե՛ ձկնորսներիս համար մնա ապրուստի միջոց: Եթե դուք մեզ տալիս եք արտոնագիր ու որսված ձկան արտահանման հնարավորություն, ապա մենք ձեզ հետ միատեղ լուծում ենք երկու կարևոր խնդիր՝ սիգի ձվադրության շրջանում բացառում ենք որևէ ձկնորսի մուտքը դեպի լիճ, իսկ առհասարակ կանխում ենք սիգի մանրաձկան որսը: Այդ դեպքում մենք կունենանք սիգի բնական ու կայուն վերարտադրություն, ձկան առատ պաշարներ» ,-նշեցին ձկնորսները:
ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Կարեն Ճենտերեճյանը ներկայացրեց արտոնագրային ձկնորսության նոր կարգի սահմանման հետ կապված պիլոտային ծրագրի մշակման ընթացքը, առաջիկա անհրաժեշտ անելիքները: «Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ Սևանա լճում ավելի քան 90 տոկոսով առկա են միայն սիգի պաշարներ: Բայց մենք պետք է մտածենք նաև կարասի և խեցգետնի, ինչպես նաև իշխանի որսի արտոնման մասին, որոնք ժամանակի ընթացքում կարող են բազմանալ ու հասնել արդյունագործական քանակի: Մենք պետք է համատեղ քննարկենք օգտագործվող որսի ցանցերի տեսակների ու չափսերի, լողամիջոցների գրանցման հետ կապված խնդիրները, բազմաթիվ այլ կարևոր հարցեր, որպեսզի ոչ մի բաց տեղ չմնա նոր կանոնակարգում» ,-նշեց Կարեն Ճենտերեճյանը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Գնել Սանոսյանը և փոխնախարար Այսեր Ղազարյանը հավաստիացրեցին, որ նման ձևաչափով քննարկումներ առաջիկայում ևս կհրավիրվեն, մինչև որ ուժի մեջ կմտնի Սևանա լճում արտոնագրային ձկնորսության նոր կանոնակարգը: «Շուրջ 18 տարի այս ոլորտը գտնվել է չկանոնակարգված վիճակում, և իրավիճակի շտկումը մեզնից որոշակի ժամանակ է պահանջում: Այս կարգի քննարկումները, համոզված ենք, կբերեն ցանկալի արդյունքների: Ամենադրականն այն է, որ խնդրի կարգավորմամբ շահագրգռված են թե պետությունը, թե ձկնորսները: Կարվի հնարավորը, որպեսզի առաջիկա ամիսների ընթացքում արտոնագրային ձկնորսության նոր կանոնակարգը դրվի գործողության մեջ, որից հետո մենք այս ոլորտում կգնանք երկարաժամկետ ու արդյունավետ կառավարման, ու այլևս խոսք չի կարող լինել ապօրինի ձկնորսության մասին» ,-նշեց փոխնախարարը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 18:08:06